Հայկ Մարությանը դատարանում հայցվորից դարձել է պատասխանող

Հայկ Մարությանը դատարանում հայցվորից դարձել է պատասխանող

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընդդեմ քաղաքապետարանի վարչական հայց է ներկայացրել դատարան, ապա հրաժարվել հայցից։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Հայկ Մարությանը և քաղաքացիներ Վարդգես Պետրոսյանը, Վարդան Մուսայելյանը, Լիլիթ Ասատրյանը, Լուսինե Մանուկյանը, Լելա Մշվելիդզեն, Տիգրան Կոպյանը, Դիանա Արզումանյանը, Կարեն Ամարյանը միասնական հայցով դիմել են դատարան՝  անավարտ շինության վերանախագծման հաստատված նախագծով շինարարություն իրականացնելու համար Երևանի քաղաքապետի կողմից տրված շինարարական թույլտվությունը՝ հայցվորների տարածքի մասով վերացնելու և, որպես շինարարական թույլտվության անվավերության կամ առոչինչության հետևանք, հայցվորների տարածքում կատարված շինարարական աշխատանքների արդյունքները պատասխանողին վերացնել պարտավորեցնելու, այդ թվում՝ կառուցված աստիճանավանդակը քանդելուն, տեղադրված դուռը հանելուն և կատարված սալիկապատումը քանդելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջով։

Սակայն Մարությանը 2019 թվականի հունվարի 21-ին՝ քաղաքապետ դառնելուց հետո, դիմել է դատարան և հրաժարվել իր հայցից, ուստի դատարանը որոշել է Մարությանի մասով գործը կարճել։ Մյուս հայցվորների հայցի մասով դեռ դատարանի որոշում չկա, համենայնդեպս: որոշումը առկա չէ դատական տեղեկատվական համակարգում։