Հայաստան. Թատրոն բաց երկնքի տա՞կ

Հայաստան. Թատրոն բաց երկնքի տա՞կ

Առաջ Հայաստանն անվանում էին թանգարան՝ բաց երկնքի տակ, նկատի ունենալով, որ մեր երկրի համարյա բոլոր վայրերում կան թանգարաններին վայել նմուշներ: Հիմա Հայաստանը կարելի է անվանել թատրոն՝ բաց երկնքի տակ, քանի որ այստեղ օրեցօր տեղի են ունենում թատերական ներկայացումներ: 

Ավելի ճիշտ, այդ ներկայացումները ոչ թե թատերական են, այլ՝ ռեալիթի շոուներ, քանի որ թատրոնն ի վիճակի չէ ներգրավել այդքան մեծ քանակությամբ մասնակիցների, որոնց ռուսներն անվանում են «մասսովկա»: 

Ի տարբերություն ներկայացման կամ սերիալի գլխավոր կամ երկրորդական հերոսների, «մասսովկայի» մասնակիցները ստանում են փոքր գումար, բայց գոհ են մնում, քանի որ նրանք այդքան ունեւոր չեն, որքան գլխավոր դերակատարները: Նաեւ ուրախ են, որ իրենց ծանոթները, հարեւաններն ու ազգականները էկրանների վրա կտեսնեն իրենց: 

Հայաստանում իրականացվող ռեալիթի շոուն ուրույն է: Նրա «մասսովկայի» մասնակիցների գերակշիռ մասը գլխի չի ընկնում, որ ինքը բացօթյա սերիալի դերակատար է: «Մասսովկաներին» նրանք մասնակցում են անվճար: Գումարները վճարվում են այն քիչ մասնակիցներին, որոնք ապահովում են մյուսների մասնակցությունը: 

Վճարվողները գտնում են սեփական ցավերի ու հոգսերի մեջ տապակվող համաքաղաքացիներին եւ խոստանում են թեթեւացնել վերջիններիս հոգսերը: Բայց չեն տեղեկացնում, որ դա լինելու է սերիալի հերթական «մասսովկան»: Միայն հավաստիացնում են, որ ակցիաներին մասնակցելը լինելու է քիչ պատժելի: Եվ, իրոք, ոստիկանությունը ցուցաբերում է զարմանալի բարեհոգություն եւ չի դիմում իր սովորական կոպիտ վարվելաձեւերին: Դա նրանից է, որ շոուի կազմակերպիչները ոստիկանության ղեկավարներին ցուցում  են տալիս դառնալ ներողամիտ:  

Մասնակիցների վճարվող մասին, բացի ամենամսյա վճարից, հրապուրում է նաեւ ռեժիսորներին դուր գալու հավանականությունը, որը հնարավորություն կտա շարունակելու կարիերան ավելի նշանակալից դերերում:

Հայաստանում խաղարկվող սերիալները բավականին գրավիչ են: Այնքան, որ ՀՀ քաղաքացիները քնում եւ քնի մեջ փորձում են գուշակել, թե ինչպիսի շարունակություն կունենա նախորդ սերիան: Վերջիններից մեկում տեսանք, թե ինչպես են բարձրաստիճան զինվորականներին էվակուացնում ուղղաթիռի օգնությամբ: Չնայած որ անհասկանալի մնաց, թե ինչու էր շրջափակվել Երեւանի արվարձանում գտնվող ՊՆ վարչական համալիրը, այլ ոչ թե մայրաքաղաքի կենտրոնում գտնվող կառավարության թիվ մեկ մասնաշենքը: Չէ՞ որ զինվորականների իրավասությունից դուրս է գերիներին վերադարձնելու հարցը: Դա կառավարության հոգսը պետք է լինի: Բացի այդ, համալիրն այնքան մեծ է, որ դժվար է այն շրջափակել, եւ անհասկանալի է, թե ինչու հնարավոր չեղավ նրա հետեւի մասերից մեկով տարհանել գեներալներին՝ ոստիկանների պաշտպանության ներքո: 
Բայց դե՝ սերիալ է, չէ՞, որքա՜ն ավելի նայվող է ուղղաթիռով տարհանումը: Բացի այդ, միամիտներին բացատրեմ, որ նույնքան անիմաստ են նաեւ կառավարության թիվ մեկ եւ ԱԺ շենքերի շրջափակումները, քանի որ այդ շենքերից գետնանցումներ կան դեպի մետրոյի թունելներ: 

Այն, որ Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին կենտկոմի՝ այժմ ԱԺ շենքից թունել կա դեպի մետրոն, հայտնի էր դեռ Կարեն Դեմիրճյանի օրոք: Եվ տարիներ ձգվող հայկական այս սերիալի նախկին սերիաներում ցուցադրված ԱԺ շենքի շրջափակումը, որի հետեւանքով ՀՀԿ պատգամավորները ստիպված եղան ընկրկել, գոնե ինձ համար համոզիչ չէր: Սերիալ նայող քաղաքացիներին հետաքրքիր կլինի իմանալ, թե ովքեր են գրում սցենարը, եւ հերթական սերիան գրվում է նախօրո՞ք, թե՞ հենց ցուցադրման օրերին: 

Կարծում ենք, որ սցենարը գրվում է ՀՀ սահմաններից դուրս, քանի որ մենք չունենք հանդիսատեսի ուշադրությունն ամբողջությամբ կլանելու ընդունակ սցենարիստներ: Նրա հիմնական մասը գրվել է նախօրոք, բայց ընթացքում ենթարկվում է շտկումների: Միայն մի բան է հայտնի, թե ինչով կավարտվի այս սերիալը:

Այն կավարտվի Մեղրիի միջանցքի եւ ՀՀ այլ տարածքների հանձնումով: Եթե, իհարկե, «մասսովկան» չհասկանա, թե ինչ կործանարար շոուի է մասնակցում, ու չփոխի իր պահանջները: Եվ պահանջի, օրինակ, որ ոչ թե թագադրվի նոր եւ, իր կարծիքով,  բարի ու ազնիվ մեկը, այլ ստի մեջ բռնված կամ իր խոստումը չկատարած պաշտոնյան ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ զրկվի պաշտոնից: Իսկ պատգամավորը՝ նույն հիմքով՝ իր մանդատից: 

Դա պետք է լինի ընտրողների հիմնական պահանջը եւ նորակազմ ԱԺ-ի առաջին ընդունած օրենքը: Այն է, ՀՀ օրենք «Պաշտոնյաների եւ պատգամավորների՝ ստի մեջ բռնվելու, տրված նախընտրական եւ այլ խոստումները չկատարելու մասին»։

Գրիգոր Էմին-Տերյան