Լիլիթ Մակունցը զայրացել է իր «պատկերը» հայելու մեջ տեսնելով

Լիլիթ Մակունցը զայրացել է իր «պատկերը» հայելու մեջ տեսնելով

Շաբաթ օրը մենք մի լուր էինք հրապարակել, որտեղ բառացի գրված էր․ «Իշխանությունները ցանկանում էին Սահմանադրական դատարանի խնդիրն արագ լուծել, ինչպես լուծեցին ԲԴԽ-ի խնդիրը` ցույցերի, ճնշման, հրաժարականների միջոցով, բայց քանի որ իրավաբանների համքարությունը, հանրության մի մասը դիմադրություն ցույց տվեցին եւ հասկացրին, որ ՍԴ-ի դեմ նույն գործընթացը կարող է գնահատվել որպես իշխանության յուրացման փորձ, բացի այդ` Սահմանադրության 213-րդ հոդվածը թույլ չի տալիս, իշխանությունները փոխեցին տակտիկան՝ փորձելով գտնել այլ կարգավորում։

Օրեր առաջ Արցախում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրինք` ի՞նչ եղավ անցումային արդարադատության մասին օրենքը, պատրա՞ստ է։ «Ոչ, հայեցակարգ ենք մշակում այդ առնչությամբ»: Իրավաբանները զարմացած են, որ չեք ուզում այդ օրենքների նախագծերն ուղարկել Վենետիկ` փորձաքննության, որովհետեւ մտավախություն ունեք, որ բացասական կարծիք կլսեք։ «Նախագծերը դեռ չկան, սակայն որտեղ անհրաժեշտ լինի, ուղարկելու ենք»: Բայց վեթթինգի հետ կապված՝ ԱԺ «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Մակունցն ասել էր, որ նախագիծը պատրաստ է։ «Վեթթինգի օրենքի նախագիծ այս պահին չկա, ըստ ամենայնի, հարցն այլ իրավակարգավորումներով կլուծվի»»:
  
Որքան եղավ մեր զարմանքը, երբ շաբաթ օրը տեսանք ԱԺ «Իմ քայլ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի արձագանքը, ով ֆեյսբուքում գրել է․

«Վերջին շրջանի բոլոր հարցազրույցներում, այդ թվում՝ մի քանի օր առաջ ԱԺ միջանցքում ճեպազրույցի ժամանակ նշել եմ, որ վեթինգի մասին օրենքի նախագիծ չկա: Բազմաթիվ լրագրողների ներկայությամբ ընդգծել եմ, որ չնայած այն հանգամանքին, որ հակված էինք գնալ առանձին օրենքի նախագիծ ունենալու ճանապարհով՝ աշխատանքային քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ դա ամենաարդյունավետ ճանապարհը չէ, ավելին՝ պահանջվում է բավականաչափ երկար ժամանակ վեթինգ իրականացնելու համար: Ուստի որոշում է կայացվել այդ գործընթացի համար կիրառել այլ գործիքակազմ: Այդ մասին մասնավորապես հարցազրույց եմ տվել 24news-ին, որը տեղադրված է իմ հանրային էջում»: 

Հիմա անտեղյակների համար պարզաբանենք՝ ինչ է ուզում ասել Մակունցը եւ ինչու է դժգոհում «Հրապարակից»։ Ուրեմն բանն այն է, որ օրեր շարունակ իշխանական թիմը, այդ թվում հատկապես Լիլիթ Մակունցը հայտարարել են, որ վեթթինգի փաթեթը պատրաստ է։ Այդ մասին ոչ միայն «Հրապարակը», այլ, օրինակ, «Հայկական ժամանակն» է գրել՝ 09.05․ «Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է» վերտառությամբ հոդվածում՝ վերնագիր ընտրելով հենց Մակունցի արտահայտությունը։ Ապա ինչ որ պահի որոշել են հրաժարվել իրենց մտադրությունից եւ սկսել են հակառակ բաներն ասել՝ առանց ներողություն խնդրելու հանրությանը թյուրիմացության մեջ գցելու համար։ Եւ երբ իրենց հիշեցնում ես իրենց իսկ նախկին պնդումները, մամուլին են մեղադրում «լավ հիշողություն» ունենալու համար։ 

Այս վայ-քաղաքական գործիչները չեն հասկանում, որ ասված խոսքն արձակված նետի նման մի բան է՝ ասեցի՞ր՝ էլ տերը չես, ասեցի՞ր՝ ուզում ես հրաժարվել, բարի եղիր հիմնավորել եւ մի վրդովվիր երբ քեզ հիշեցնում են ամենասկզբում ասածներդ։ Մենք հասկանում ենք, որ սկզբունքներ ու կոնկրետ ծրագիր չունեցող, քամուց անգամ տատանվող ու իր մտադրությունները 24 ժամում 24 անգամ փոխող իշխանություններից չի կարելի նման հստակություն եւ կոնկրետություն պահանջել։ Բայց այս պարագայում հարկ է գոնե լռեն եւ ի ցույց չդնեն իրենց փոփոխականությունն ու մամուլին չմեղադրեն իրենց իրական դեմքը ներկայացնելու համար։ Մամուլը հայելի է եւ ցուցադրում է այն, ինչ երեւում է։