Վերջում են ասելու

Վերջում են ասելու

Կցանկանայի մի փոքր հստակություն մտցնել մեր այն քաղաքական գործիչների ուղեղներում, որոնք առիթ-անառիթ հղում են կատարում գործող ԱԺ-ի աննախադեպ լեգիտիմությանն ու պնդում, որ «ժողովրդի» ԱԺ-ն ինչ անում է` ճիշտ է անում: Մեր այդ գործիչներին առաջարկում եմ մտքով մի քանի ամիս հետ գնալ` մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերի 9-ը, եւ վերհիշել այն իրավիճակը, որում տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրությունները: Վստահեցնում եմ` նրանց պատկերացումները կարող են լրջորեն փոխվել: Ավելին ասեմ` անցած 6-7 ամիսներին մեր «գերլեգիտիմ» ԱԺ-ն հասցրել է ապացուցել, որ 90 տոկոսով բաղկացած է քաղաքականությունից ու օրենքներից գլուխ չհանող մի բիոզանգվածից, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ որեւէ օգտակար գործ անել չի կարողանալու, որովհետեւ վարժեցված է միայն կոճակ սեղմելուն: Ամեն անգամ ասել, որ այս ԱԺ-ն շարունակում է մեծ վստահություն վայելել, նշանակում է` ամեն անգամ մինչեւ հոգու խորքը վիրավորել քաղաքակրթության ակունքներից եկող մեր ժողովրդին, որի «հետին խելքը» կուզենային ունենալ աշխարհի շատ ու շատ ազգեր:

Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը, ի դեպ, նույնպես մեծ կարծիք ունի ՀՀ ԱԺ գերլեգիտիմության մասին, անդրադառնալով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի օրինականության եւ հետագա գործունեության մասին շրջանառվող մտահոգություններին, կիսահեգնական տոնով հայտարարել էր. «Մտավախություն ունեն բոլոր այն քաղաքական հոսանքները, որոնք միշտ ունեն մտավախություններ ամեն ինչի նկատմամբ»: Խոսքը 2016թ. ապրիլյան պատերազմի պատճառներն ու հետեւանքները քննող հանձնաժողովի ստեղծման մասին է, որի ղեկավար է ընտրվել (կասեի` նշանակվել) նույն Անդրանիկ Քոչարյանը, որ ԱԺ պատգամավոր է դարձել գոնե ինձ համար շատ հասկանալի պատճառներով: ԱԺ ընտրություններում քանի՞ մարդ ձայն կտար ՀՀՇ-ի բազում խայտառակությունները պարտակած եւ քաղաքական փոշին վրան դրած Անդրանիկ Քոչարյանին, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանն ու այն օրերի համաժողովրդական էյֆորիան:

«Այս հանձնաժողովի նկատմամբ իրենք պետք է մտավախություն չունենան, որովհետեւ հանձնաժողովը ստեղծված է բարձր լեգիտիմություն ունեցող ԱԺ պատգամավորների համապատասխան թվաքանակի կողմից»,- հայտարարել է Քոչարյանը` հաստատելով, որ այդ հանձնաժողովն արդյունք է ինչ-որ մարդկանց «թվաքանակի» ինքնաբուխ ցանկության: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի զբաղվում Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ: Դա իրենց գործառույթն է, եւ կարող էին նույնիսկ ավելի վաղ զբաղվել այդ գործով, եթե, իհարկե, ունեին, ինչպես Քոչարյանն է ասում, հետագայում սխալներից խուսափելու եւ պաշտպանության համակարգն ամրապնդելու նպատակ:

Իսկ գուցե ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու «մտասեւեռումը», ինչպես ասում են «մտավախություն» ունեցող ընդդիմախոսները, ՀՀ իշխանությունների հերթական շոո՞ւն է: Իսկապես, չէ՞ր կարող նույնն անել կառավարությունը, մասնագիտական խումբ ստեղծել, ապաքաղաքականացված որեւէ կառույց, որի հետ կհամագործակցեին բոլորը: Ապրիլյան քառօրյայի քննության հարցով ԱԺ հատուկ հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որ աջ ականջը ձախ ձեռքով քորելու պես բան է հիշեցնում, վստահաբար եկել է կառավարությունից, որտեղ բացարձակապես չեն էլ մտահոգվել, որ այդկերպ հարցին տալիս են բոլորովին այլ` քաղաքական հնչեղություն: Դեռ չենք խոսում այն մասին, թե պետական գաղտնիքի պահպանման առումով ինչպիսի ռիսկեր են պարունակում պաշտպանական խնդիրներին առնչվող խորհրդարանական բարձրադղորդ քննարկումներն ու ուսումնասիրությունները:

ՀՀ կառավարությունում վստա՞հ են, որ Անդրանիկ Քոչարյանը կկարողանա վերահսկել թե՛ իր եւ թե՛ «իմաստնության սահման» մյուս հանձնաժողովականների փակբերանությունը: Սա լուրջ հարց է, ի դեպ, մանավանդ որ ՀՀ այսօրվա ղեկավարներից շատերը, սկսած առաջին դեմքից, Ապրիլյան պատերազմի օրերին եւ պատերազմից անմիջապես հետո բազմաթիվ «էկզոտիկ» հայտարարություններ են արել պատերազմի պատճառների, հրահրողների, մեղավորների, կազմակերպիչների մասին: Եվ այդ ամենը, եթե խոսքը լուրջ քննարկման մասին է, ապա պետք է քննարկվի մի խորհրդարանում, որի քաղաքական մեծամասնության ինքնադրսեւորման հիմնական հարթակները սոցիալական կայքերն են:  

Անդրանիկ Քոչարյանը, հավանաբար, աշխատավարձի հավելում կունենա լրացուցիչ հանձնաժողովի ստեղծման եւ այդ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար: Թերեւս դա է պատճառը, որ նա այդ «հայրենանվեր գաղափարի» ընդդիմախոսներին արագ-արագ հիշեցնում է, որ հանձնաժողովի ստեղծումն արդեն կատարված փաստ է, եւ մնում է մտածել միայն հանձնաժողովի հետ «կոնտակտի դուրս գալու», եթե ասելիք կա` համագործակցելու, աշխատանքներին նպաստելու մասին: Իսկ ի՞նչ է անելու հանձնաժողովը: Այդ «աշխատանքների» մասին, պարզվում է, հանրությունը տեղեկացված չի լինելու: Հանրության խնդիրն այս դեպքում՝ գլուխը կախ, սեփական գրպանից, Անդրանիկ Քոչարյանի հավելյալ աշխատավարձը վճարելն է: Այդ ընթացքում (չգիտենք, թե որքան կտեւեն աշխատանքները) ԱԺ զրույցի կկանչվեն նաեւ «նախկինները»` Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան… դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Քոչարյանը, որ մյուսներին խնդրել է «անտեղի մտավախություններ չունենալ», մտահոգություն ունի, որ կարող են իրավական խնդիրներ առաջանալ, որոնց հաղթահարման ուղիները լավ չի պատկերացնում: Զարմանում եմ` ի՞նչ կա չպատկերացնելու, պարոն Քոչարյան: Ով հրաժարվում է համագործակցել, ոստիկանությունով ու ԱԱԾ-ով բերման ես ենթարկում ԱԺ: Ռուս կանայք լավ խոսք ունեն. «не первый раз замужем»: Այսինքն` լավ գիտենք թե՛ մեր իշխանություններին, թե՛ նրանց գործելաոճը եւ թե՛, մանավանդ, մեր «գերլեգիտիմ» խորհրդարանը, որտեղ քայլ արած երեխաների կողքին, էյֆորիայի ալիքի վրա, հայտնվել են նաեւ մարդիկ, որոնց քաղաքական ծագումնաբանությունն անգամ լրջագույն մարտահրավեր է Հայաստանի պաշտպանությանն ու անվտանգությանը:

Այս պատմության մեջ միակ լուսավոր կետն այն է, որ հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաեւ այն մասին, թե ում են հրավիրել «քննության», ում չեն հրավիրել, իմանալու ենք աշխատանքների ավարտական փուլում: Դա էլ` եթե հավատալու լինենք Քոչարյանի վստահեցումներին: Տխրելու պատճառները, անշուշտ, ավելի շատ են: Բոլորս ենք հասկանում, թե ի դեմս Մարտի 1-ի եւ Ապրիլյան քառօրյայի, ինչ կարեւորության հարցերի հետ գործ ունենք, բայց այդ եւ նման հարցերը, ավաղ, Հայաստանում միշտ դառնում են պարապ վախտի խաղալիք եւ, որպես կանոն, ծառայեցվում քաղաքական ճղճիմ նպատակների: