Բորելի հոխորտանքները վերածվում են զավեշտի

Բորելի հոխորտանքները վերածվում են զավեշտի

Հայաստանի քաղաքացիներն այլեւս հույս չունեն, որ իշխանությունը կարող է պաշտպանել երկիրն ու իրենց, նրանց վերջին հույսը մնացել է արտաքին պաշտպանությունը: Նախօրեին ԵՄ պաշտոնյա Ժոզեպ Բորելը հայ ժողովրդին հույսի հերթական դոզան է տվել․ «Ալիեւի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի եւ ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»:

Արդյո՞ք Բորելի այս խոսքերն ինչ-որ արժեք ունեն, թե՞ դրանք ընդամենը ավելի են բթացնում հայ հասարակության առանց այն էլ բթացած զգոնությունը: Եւ մարդիկ մտածում են, որ ԵՄ-ն այնքան ուժեղ է ու ազդեցիկ, որ Ալիեւը չի համարձակվի անտեսել զգուշացումները եւ ձեռնպահ կմնա Հայաստանի վրա հարձակվելուց: 

Ի տարբերություն Հայաստանի հասարակության եւ իշխանությունների, Ալիեւը շատ լավ հասկանում է, որ միասնական Եվրամիություն գոյություն չունի, այդ պարզ պատճառով Բորելի ասածը ոչ մի արժեք չունի, նա ինքն իրենից բացի ուրիշ ոչ մեկի չի ներկայացնում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը, հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրախորհրդի կարիքը չունի, իրենք այդ կառույցին անդամակցել են ընդամենը Ղարաբաղի հարցը լուծելու համար, հիմա այդ հարցն այլեւս լուծված է, եւ իրենք հանգիստ կարող են դուրս գալ այդ կառույցից, ինչպես նաեւ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունն Ադրբեջանում: Ադրբեջանի ինչի՞ն են պետք եվրոպական այդ կառույցները, որոնց Ալիեւը ժամանակին կաշառում էր, որ փոքր-ինչ մեղմ հայտարարություններ ընդունեն, կամ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը կատարի ՄԻԵԴ վճիռները, որոնցով չեղարկվում են ազգային դատարանի կայացրածները` սահմանափակելով Ալիեւի իշխանությունը:

Իսկ եվրոպական պատժամիջոցներ չկան, ադրբեջանական նավթն ու գազը հիմնականում վաճառվում են եվրոպական շուկայում ու ապահովում Ադրբեջանի եկամտի հիմնական մասը: Չէ՞ որ Բորելն ասում է, որ Ադրբեջանի գործողությունները լուրջ հետեւանք կունենան մեր հարաբերությունների վրա՝ նկատի ունենալով Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցները: Ուկրաինական պատերազմն Ալիեւին եւ աշխարհին ցույց տվեց, որ համաեվրոպական համերաշխություն գոյություն չունի, եվրոպական երկրներից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահով:

Եվրամիությունը պատժամիջոցների 12 փաթեթ է կիրառել Ռուսաստանի դեմ, բայց, միեւնույն է` ԵՄ անդամ որոշ երկրներ շարունակում են Ռուսաստանից գազ գնել, ռուսական նավթ գնել` միջնորդների միջոցով, Հնդկաստանը ռուսական նավթ է գնում, վերամշակում եւ բենզինն ու դիզվառելիքն արտահանում Եվրոպա: Եվ Ռուսաստանի եկամուտը չի պակասում կամ եթե պակասում է՝ շատ քիչ: Իտալիան չգնի ադրբեջանական գազը` Թուրքիան կգնի, նավթն Իսրայելը, Մեծ Բրիտանիան կգնեն, որի նավթային ընկերություններն են շահագործում ադրբեջանական հանքավայրերը: Բորելն ո՞վ է, որ մի հատ էլ Ալիեւին վախեցնի ինչ-որ հետեւանքներով: Ի դեպ, Մեծ Բրիտանիան դրա համար դուրս եկավ ԵՄ-ից, որ այդ կառույցի ու դրա ներկայացուցիչների դատարկ հայտարարությունների համար նույնիսկ բարոյական պատասխանատվություն չկրի:

Այնպես չէ, որ Ալիեւը հաղթանակի էյֆորիայից կորցրել է իրականության զգացողությունը, եւ իրեն թվում է, որ եթե կարողանա հաղթել Հայաստանին, ապա ինքն այլեւս կարող է ուժեղի դիրքերից խոսել ում հետ ուզի: Ալիեւն ուղղակի հասկանում է, որ Եվրոպայում եւ աշխարհում իր դաշնակիցներն ու հովանավորներն ավելի ուժեղ եւ ազդեցիկ են, քան Հայաստանը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, ի տարբերություն Ֆրանսիայի խորհրդարանի, ադրբեջանամետ հայտարարություններ չի ընդունում, Մեծ Բիրտանիայի վարչապետները Մակրոնի նման չեն հայտարարում, որ կանգնած են Հայաստանի կողքին, որը երբեք ոչ մի տեսանելի գործողությամբ չի դրսեւորվում, բայց, ի տարբերություն Ֆրանսիայի, Բրիտանիան իրական օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանին:

Անգամ Փաշինյանն է դժվարությամբ հասկացել, որ Ֆրանսիայի, ԵՄ-ի հայտարարությունները կամ կոչերը ոչ մի օգուտ չեն տալիս Հայաստանին, չեն ամրապնդում նրա անվտանգությունն ու պաշտպանունակությունը, հակառակը` ավելի բարդացնելով հարաբերություններն Ադրբեջանի հետ: Դրա համար Հայաստանի իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց Ֆրանսիայի խորհրդարանի՝ վերջերս ընդունած «հայամետ» հայտարարությանը: Եվրոպացիները եթե ուզում են, որ որեւէ մեկն իրենց լուրջ ընդունի, պետք է կարողանան ցույց տալ, որ ընդունակ են պաշտպանել իրենց անմիջական հարեւան եւ դաշնակից Ուկրաինային, որին հավաստիացնում էին, որ կանգնած կլինեն կողքին՝ որքան պետք լինի, իսկ հիմա ԵՄ անդամ երկրները սկսել են մանրից կողք քաշվել եւ իրար մեղադրել բավարար չափով Ուկրաինային չօգնելու մեջ: Թե չէ Ուկրաինային Ռուսաստանի դեմ միայնակ ու անպաշտպան թողած, հիմա էլ հոխորտալ Ադրբեջանի վրա, ոչ թե ծիծաղելի է, այլ արդեն՝ զավեշտալի:

Ավետիս Բաբաջանյան