Խեղված օտարամոլություն

Խեղված օտարամոլություն

Օրերս «Հրապարակ» թերթում կարդացի անսովոր նախաբանով մի պաշտոնական տեղեկություն` «Արարատ Գրիգորյանի փոխարեն դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքաելյանը (անձնագրով Միքաելյան է)»: Հասկանում եք, չէ՞, թե ինչ է փաստում փակագծում նշվածը: Իրավացի եք, պարզ կերպով ի ցույց է տրվում, որ բարձր պաշտոն զբաղեցրածի անձնագրում գրագիտության իմաստով սխալ կա: Թերթն այդ վրիպումը մերկացրել է նուրբ ձեւով: Իսկ ահա ընթերցողները սա ընկալեցին խորապես զարմացած: Իսկապես, այդ ինչպե՞ս է, որ բարձր պաշտոն զբաղեցնողը, հաստատ բարձրագույն կրթություն ստանալով, չի նկատել իր անձնագրում տեղ գտած աչք ծակող անգրագիտության փաստը: Նույնը կարելի է ասել նաեւ կարեւոր փաստաթուղթը փնթի ձեւով ձեւակերպողի մասին: 

Սակայն ինձ առավել շատ անակնկալի բերեց մեկ այլ անհեթեթություն` Վայոց Ձորի նորանշանակ մարզպետի անունը` Կոլյա: Սա արդեն ակնհայտ գավառականության վառ ապացույց է: Անունը դնողը, այն գրանցողն ու կրողը, պարզվում է, տեղյակ չեն, որ Կոլյա-Տոլյա, Միշա-Գրիշա եւ ռուսական նմանատիպ անունները փաղաքշական տարբերակներն են, որ կիրառվում են միայն դպրոցական տարիքի երեխաների հասցեին, տնեցիների շրջապատում: Գոնե անձնագրեր ձեւակերպողներն այդ հասարակ գրագիտությունը պետք է ունենան: Իսկ եթե այստեղ էլ պարզ խելամտության պակաս կա, գուցե անհրաժեշտ է հատուկ օրենք սահմանել, այլապես անտեղյակությունը շարունակելու է ծաղկել՝ հասուն հասարակության շրջանում քմծիծաղի ու ծաղրի առիթներ ստեղծելով...

Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանի Ազգային ժողովը կանոնակարգի նոր օրենքներ է ընդունում, ու երեւի թե արժե ուշադրություն դարձնել նաեւ անձնագրերի ամբողջական ու գրագետ ձեւակերպումներին: Այս առումով ինչ-որ տրամաբանություն կա կոչումներ շնորհելուց հրաժարվելու որոշման մեջ, քանի որ կոռուպցիան եւ ԽԾԲ-ն այստեղ նույնպես իրենց հետքն են թողել: Սակայն, այնուամենայնիվ, զգուշությունն այս խիստ կարեւոր հարցում չափազանց կարեւոր հատկանիշ է: Դե, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարելի է, ասենք, «Ազգային հերոս» կոչումը կամ մեծ սպորտում ձեռք բերված բացառիկ նվաճումն անտեսել: Կոնկրետ օրինակ բերեմ` 21-րդ դարի 23 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ընդամենը մեկ օլիմպիական չեմպիոն, խոսքը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մասին է: Սա իրոք բացառիկ նվաճում էր, որն անխտիր բոլորիս սրտերը լցրեց հրճվանքով եւ ազգային հպարտության զգացումով: Հուսով ենք, որ ամիսներ անց Փարիզում կայանալիք օլիմպիական հերթական ստուգատեսում, Աստված տա, կունենանք նոր չեմպիոն, որի պատվին կհնչի ազգային օրհներգը: Եվ եթե այդպես լինի, մի՞թե նման արտասովոր նվաճումը պաշտոնական արձագանքի չպետք է արժանանա, չպետք է նկատվի ու գնահատվի: 

Ինչ վերաբերում է օտարամոլությանը, ապա, ցավոք, նորածիններին այլազգի անուններ տալու «ավանդույթը» մեզանում շարունակվելու է, հակառակ նրան, որ մեր հարեւան երկրներում բոլորովին այլ սովորույթներ կան: Եթե փորձեք գտնել հարեւան չորս երկրներում օտարազգի անուններ կրող երիտասարդներ, դժվար թե գտնեք: Իսկ մեզ մոտ հասուն, բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ կան, որոնք, Կոլյայից բացի, կրում են Սերյոժա, Միշա, Սերժիկ, Վովա եւ այլ անուններ եւ ռուսաստաններում հայտնվում են ծանր վիճակում, արժանանում քմծիծաղի:

Միսակ Նազարյան