Սա վախկոտություն չէ, այլ հոգեբանական կուրություն

Սա վախկոտություն չէ, այլ հոգեբանական կուրություն

Արեւմուտքում մարդը դիմացինին վերաբերվում է որպես մարդու` իրեն հավասար մեկի, եւ նրանից պահանջում է նույնանման վերաբերմունք իր հանդեպ: Հայը դիմացինին չի վերաբերվում որպես հավասարի, այլ դիմացինից կա՛մ կախված է, կա՛մ դիմացինն է իրենից կախված, եւ ինքը կարող է նրան շահագործել: Ու այս պարագայում ոչ մի նշանակություն չունի, թե ՀԱՊԿ ես մտել, հետո ուզում ես այնտեղից դուրս գալ ու Եվրամիություն մտնել կամ ուզում ես թուրքահպատակ դառնալ:

Միեւնույն է, մեր անարդար վերաբերմունքն ինքներս մեր եւ դիմացինի հանդեպ մնալու է: Դե, մենք շատ հին, խելացի ու տաղանդավոր ազգ ենք, այդ պատճառով մեր դեպքում միայն գլխներիս իջած մահակն է աշխատում ու մեկ էլ՝ գենոցիդը: Մի ամբողջ դար բացարձակապես անհետեւանք ու անհետ անցավ՝ մենք նույն 1915-ի մենթալիտետով ենք ապրում եւ անվերջ հանդուրժելու հոգեբանությամբ, անզեն լինելու փիլիսոփայությամբ, հավատք չունենալով հանդերձ՝ անզուսպ եկեղեցաշինությամբ: Եվ զարմանալի չէ, որ «անկախական» կոչված այս երեք տասնամյակում մնացել ենք մեր իսկ ծնած, կերակրած, մեծացրած ու գլխներիս ղեկավար կարգած սրիկաների ենթակայության տակ։ 21-րդ դարը նման անինքնասիրություն չի հանդուրժում եւ հենց համարժեք անտարբերությամբ կլուծի մեր հարցերը:

Մի դար առաջ 5-6 ճպռոտ թուրք կամ քուրդ մոտ 500 հայերի իրենց առաջն արած, տանում մորթում էին։ Մինչդեռ այդ 500 հոգին միասին կարող էին այդ 5-6 հոգուն այնպես ջնջխել, որ նրանցից թաց տեղ չէր մնա։ Իսկ այսօր ահա մի ողջ երկիր ու ազգ նույն ձեւով վերացնում է ժամանակին համալսարանից վտարված մի Նիկոլ։ Մտնում ես գյուղերն ու ապշում՝ ամեն գյուղում մի ճիճու բոլորին ստրկացրել է ու տեղական ցար դարձել: Հարցնում ես, թե՝ այ մարդիկ, այս ի՞նչ վիճակ է։ Պատասխանում են, թե՝ «բա մեր ձեռն ի՞նչ կա, ի՞նչ կարանք անենք»։ Սա վախկոտություն չէ, սա հոգեբանական կուրություն է, որը ներդրված է մեր արժեքային համակարգում ու խնամքով պահպանվում է ազգի ջոջ ու էլիտա կոչվածի կողմից: Ո՞նց թե՝ քո ձեռն ի՞նչ կա։ Քո ձեռը քո ուզած բանը կարող է լինել՝ ինչպես արեւմուտքներում է։ Բավական է միայն աչքերդ լայն բացես եւ ուղեղդ շարժես...

Մեզանում մարդիկ հետեւում են ոչ թե ազնիվին, այլ հաղթանակի տանողին: Խնդիրը հաղթանակի չափի ու որակի մեջ է: Սնանկացած ու հացի կարոտ հանրության համար հաղթանակն ընդամենը այդ օրվա հացը կարող է լինել: Հայաստանում ներկա վարչախմբի դիկտատը կերտվել է հենց այդ ռեժիմով: Ցամաքեցրել են բոլոր եկամտի աղբյուրները, արգելել մարդկային նորմալ բոլոր գործերն ու դրսեւորումները եւ պարտադրել օրվա չարքաշ հաց ու հնազանդություն: Այս ռեժիմին հարմարված մարդուն որեւէ նոր հայտնված ընդդիմադիր խոսք ու ծրագիր ամենեւին չեն հետաքրքրում: Եվ, լավագույն դեպքում, նա ձեռքերը ծալած նստած, սպասում է փրկիչների, որ 21-րդ դարում երկնքից իջնելու են ու իրեն փրկեն։ Կես տարի առաջ խրոխտ բացականչում էին․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Ո՞ւր եք հիմա, երկրի տերեր։

Գարեգին Վարդանյան