Ով բերեց Նիկոլին՝ հավերժական հարցի շուրջ

Ով բերեց Նիկոլին՝ հավերժական հարցի շուրջ

Ժուկով, ժամանակով, իսկ ավելի ստույգ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կյանքն ընթանում էր իր հունով: 2016թ. Ապրիլյան պատերազմն ավարտվել էր, հայերը, փառք Աստծո, այդ պատերազմում դեռ մի բան էլ հաղթել էին, եւ որեւէ տագնապ չկար օդում, որից կարելի լիներ բնական աղետի հոտ առնել: Ավելին ասեմ՝ այդ նույն 2017 թվականին Երեւանում քաղաքապետ ընտրվեց, ինչը նշանակում էր, որ ՏԻՄ-երում էլ վիճակը վատ չէր: Եվ այս հանդարտ ընթացքով Հայաստանը գնում էր դեպի 2018 թվական. գարնանն ավարտվում էր նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը, որից հետո երկիրը պետք է նախագահականից դառնար խորհրդարանական: Շատ պատասխանատու մոմենտ էր…

Ու էդ ժամանակ զանգ է գալիս Սերժ Սարգսյանի հեռախոսին: Լեւոն Տեր-Պետրոսյանն էր.
- Բարի լույս, Սերժ:
- Բարեւ, բարեւ, էս ո՞նց եղավ՝ հիշեցիք…
- Մենք քեզ ամեն օր էլ հիշում ենք, բայց դե՝ ուշ-ուշ ենք զանգում:
- Հուսամ՝ ոչ ուշացած: Ի՞նչ կա:
- Ասում եմ՝ եթե շաբաթ շատ զբաղված չես, գնանք ձկի, ի՞նչ կասես:
- Ձկի՞…
- Հա, գնանք Սեւ ջուր, եթե դեմ չես, համ ձուկ կբռնենք, համ առանձին, առանց ժուչոկների կզրուցենք:
- Ճիշտն ասած՝ ես էլ դեմ չեմ մի քիչ հանգստանալուն:
- Դե ուրեմն, առավոտ շուտ Նիկոլը կգա, սիգնալ կտա, կիջնես, հետո էլ ինձ կվերցնեք, ու կգնանք:
- Նիկո՞լը…
- Հա:
- Բայց նա տեղով ժուչոկ ա: Ուրիշ մարդ չկա՞ր:
- Սերժ ջան, համաձայն եմ, Նիկոլը ժուչոկ ա, բայց մեր ժուչոկն ա, արխային:
- Դե լավ, որ ասում ես՝ մերն ա…
- Հա, հաստատ: Առավոտ 6-ին:
- Շատ լավ:

Առավոտ ուղիղ ժամը 6-ին Նիկոլը նախագահի ամառանոցի մոտ էր արդեն: Սիգնալ է տալիս, սիգնալ, էնքան է զզվեցնում, որ ոստիկանները լուրը հասցնում են Վլադիմիր Գասպարյանին, թե այսպես ու այսպես, Նիկոլը եկել, նախագահական ամառանոցի մոտ սիգնալ ա տալիս, ի՞նչ անենք: Վլադիմիր Գասպարյանն էնտեղից ասում է՝ ձեռուոտը կապեք, էսա գալիս եմ: Բայց մինչեւ Վլադիմիր Գասպարյանը շորերը կհագներ, հեռախոսին զանգ է ստանում.
- Լսում եմ, պարոն նախագահ:
- Վլադիմիր, անհանգստանալու ոչինչ չկա: Ամեն ինչ վերահսկվում է: Ես պայմանավորված եմ, գնում եմ ձկի, իսկ քեզ երեկոյան հրավիրում եմ լոքոյի խորոված ուտելու…
Էլ ինչ երկարացնեմ: Նախագահական ամառանոցից շարժվում են, գնում են Պապիին էլ տնից վերցնում, ու հայդա՝ Սեւ ջուր, որտե՞ղ ես, քեզ ենք գալիս: Տեղ են հասնում, ծալովի աթոռների վրա հարմար տեղավորվում, ճիճուներն ամրացնում կեռիկներին ու գցում ջուրը: Անցնում է մի ժամ՝ ձուկը չի խփում, երկու ժամ, էլի չի խփում… Լուռ նստած են, Նիկոլն էլ կողքներին:
- Ստեղ ձուկ չկա,- լռությունը խախտում է Նիկոլը։- Իզուր էլ ժամանակ ենք կորցնում:
- Եթե հիշողությունս չի դավաճանում, այստեղ այնքան ձուկ կա… Սեւանից էլ շատ,- հակաճառում է Պապին եւ ուսապարկից պահեստային կարթը հանելով՝ տալիս Նիկոլին,- վերցրու, գնա քո իմացած տեղում գցիր, տեսնենք ինչ ես բռնելու:

Նիկոլը վերցնում է կարթն ու, կեռիկին ճիճու ամրացնելով, խորանում շամբուտներում:
- Լավ հնարք էր,- թեթեւացած շունչ է քաշում Սերժ Սարգսյանը,- հիմա կարող ենք ազատ խոսել:
Իսկ մենք նախագահներին թողնենք՝ ազատ խոսեն, եւ գնանք Նիկոլի հետեւից: Չխեղդվի՞ հանկարծ: Թմբից թումբ ցատկելով, եղեգն առ եղեգն իր ճանապարհից հեռացնելով՝ Նիկոլը հայտնվում է մի մեծ ջրափոսի մոտ ու կարթը գցում: Հեսա տեսեք ինչ եմ անում՝ մտքի մեջ պարծենում է նա ու… հոպ, լողակը սկսում է ցնցվել: Ըհը, խփեց… Դե քեզ տեսնեմ… Մեկ էլ որ ձիգ չի՞ տալիս կարթը… Պահ, քո տիրու հերը, էս ի՞նչ գազան ա կպել… Քաշում-քաշում է, վերջը մեծ դժվարությամբ ափ է հանում մի հսկա, փայլփլուն ծածան: Ձկնորսները լավ կհասկանան, թե այդ պահին ինչ ապրումներ ունեցավ Նիկոլը… Ծածան հո չէր, 5 կիլո քաշ կունենար: Բախտի տերը թաղեմ, երկու նախագահ նստած՝ արդեն 3 ժամ է՝ ճիճու են լողացնում, իսկ Նիկոլը, խնդրեմ, կարթը գցելն ու ծածանը հանելը մեկ եղավ: Արդեն ուզում էր ուրախությունից բղավել, նախագահներին կանչել, որ ավարը ցույց տա, մեկ էլ ձուկը լեզու է առնում.
- Չգոռաս, ես սովորական ձուկ չեմ, եթե ինձ բաց թողնես, քո երեք ցանկությունները կկատարեմ:
- Յա՛ա՛ա՛,- զարմանում է Նիկոլը,- փաստորեն՝ ոսկի ձուկ ես, հա՞:
- Հա: Ինձ շուտ բաց թող, խեղդվում եմ, հետո ցանկություններդ կասես:
- Բայց որ քեզ բաց թողնեմ, կփախչես, ախր:
- Չեմ փախչի, ես ոմանց պես ստախոս չեմ: Դե բաց թող, վերջապես, խեղդվում եմ…
Մի քանի վայրկյանից ծածանը կրկին ազատության մեջ էր: Մի քանի շրջան է անում ջրում ու մոտենում ափին.
- Լսում եմ քեզ, ո՞րն է քո առաջին ցանկությունը:
- Այ, էն երկու ծերուկին տեսնո՞ւմ ես, որ ափին նստած՝ իբր ձուկ են բռնում:
- Տեսնում եմ, հետո՞…
- Այնպես արա, որ նրանք չվիճեն ու համաձայնության գան…
- Բայց նրանք չեն էլ վիճում:
- Դու նրանց լավ չես ճանաչում, ձուկ, նրանք, նույնիսկ երբ լուռ են, վիճում են, վիճում են բոլոր հարցերում:
- Լավ,- ասում է ձուկը,- ես իմ ցեղակիցներին կկարգադրեմ՝ նրանց ճիճուների հետ այնպես խաղան, որ ամեն տեսակի վեճերը մոռանան:

Ձկնորսներն արդեն հասկացան, թե ինչ կատարվեց նախագահների հետ, երբ ձուկն սկսեց խփել… Սերժ, քաշի… Դեռ չի կպել… Քաշիր, ասում եմ, նստած է… Լեւոն, դու քո պապլավոկին նայիր, տանում է արդեն… Կարպ ա… Քաշիր… Ու մինչ նախագահներն ազարտի մեջ էին, ծածանը կրկին մոտենում է ափին.
- Ո՞րն է քո երկրորդ ցանկությունը, Նիկոլ:
- Դու նաեւ իմ անո՞ւնը գիտես…
- Այո… Բայց դու երկրորդ ցանկությունդ ասա, ես քեզ նման պարապ չեմ, լիքը գործ ունեմ:
- Դե ուրեմն լսիր իմ երկրորդ ցանկությունը, ձուկ: Դու որ ինձ ճանաչում ես, Վլադիմիր Գասպարյանին էլ կճանաչես, այնպես չէ՞:
- Այո, ճանաչում եմ, շատ խիստ մարդ է, լսել եմ, որ նույնիսկ ամենակատաղի ցուցարարներին կարող է երթով տանել աղոթելու:
- Դե ուրեմն այնպես արա, որ երբ ես Գյումրիից Երեւան գալիս լինեմ, նա ճանապարհին ինձ չխանգարի:
- Օ՛, շատ դժվար բան խնդրեցիր, Նիկոլ: Իսկ եթե նրան շեֆը կարգադրի ճանապարհին քեզ չեզոքացնել, ես ի՞նչ անեմ:
- Դա արդեն քո պրոբլեմն ա, ձուկ, մի բան մտածիր:
- Լավ, իսկ ո՞րն է քո երրորդ ցանկությունը, Նիկոլ, չլինի՞ ուզում ես վարչապետ դառնալ:
- Ինչի՞ց կռահեցիր, իմ սիրելի ձուկ,- հաճույքից նվաղեց Նիկոլը:
- Շշուկներից, Նիկոլ, շշուկներից: Մինչ դու այստեղ ինձ հետ կիսվում ես քո ցանկություններով, ցեղակիցներս կողքի ջրափոսից լողացին այստեղ ու ինձ պատմեցին, թե քո բացակայությամբ ինչ էին քննարկում այն ծերուկները, եւ ինչպես էր նրանցից մեկը համոզում մյուսին, որ ամենալավը դու կարող ես քեզ գժի տեղ դնել, երբ աշխարհը խառնվի իրար, ու մարդիկ սկսեն իրար ուտել: Նրանք ասում էին նաեւ, որ դու ո՛չ ազգ ունես, ո՛չ հայրենիք, ո՛չ թասիբ, ո՛չ նամուս, որ դու մի անգերազանցելի ստախոս ես, որ քեզ համար մարդկային տառապանքը գրոշի արժեք չունի: Ասում էին՝ վախկոտի մեկն է, բայց այնքան խորամանկ, որ կարող է յոթ մոր ծիծ ուտել, միայն թե մնա վարչապետի աթոռին:
- Ե՞վ…
- Եվ այն, որ Սեւ ջրում հենց այս պահին ես սիրով կթաղեի քեզ, բայց, ավաղ, խոսք եմ տվել, որ երեք ցանկություններդ կկատարեմ: Գնա, դու կդառնաս վարչապետ, բայց իմացիր, որ ինչքան էլ քեզ գժի տեղ դնես, վերջում ինձ մոտ ես գալու:
Այստեղ երկնքից երեք դառը խնձոր է ընկնում: Մեկը՝ քեզ, սիրելի ընթերցող, մեկը՝ ինձ, որ պատմեցի այս ամենը, եւ մեկն էլ՝ այն երկու ձախողակ ձկնորսներին, որ կիսեն ու ճաշակեն իրենց համաձայնության պտուղը: