Անլրջացնում են թե՛ իրենց, թե՛ սպիտակ խալաթը

Անլրջացնում են թե՛ իրենց, թե՛ սպիտակ խալաթը

Հունվարի 22-ին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը մի ուշագրավ լուծում է առաջարկել շտապօգնության ծառայությունները բարելավելու եւ բնակչության դժգոհություններին ի պատասխան: Նա ասել է, որ «առաջիկայում նախատեսում են ծառայություն մատուցել նաեւ մոպեդներով», եւ դա ուղղված կլինի առաջին բուժօգնությանը:  Թեմայի շուրջ զրուցել ենք «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի հետ:

- Առաջարկվում է շտապօգնության մեքենաների պակասը լրացնել մոպեդներով: Ինչպե՞ս եք դա պատկերացնում, դա հնարավո՞ր է, ո՞ր երկրներում են մոպեդներով շտապօգնության ծառայություն մատուցում, կա՞ նման պրակտիկա:

- Սա հերթական անլուրջ մոտեցումն է՝ կապված անհասկանալի եւ անլուրջ բարեփոխումների հետ: Շարունակ անլրջանում են, կարծում եմ՝ անգամ չեն էլ ուսումնասիրում, թե ինչ են առաջարկում: Զեկույցներում ասվում է, որ մոպեդներով նախատեսված է բժշկական ծառայություն մատուցել, սակայն մոպեդով հնարավոր չէ նման ծառայություն մատուցել, մոպեդում կարող են միայն նախաբժշկական ծառայություններ մատուցել: Օրինակ` Եգիպտոսում կա նման ծառայություն, սակայն դա ո՛չ շտապօգնություն է, ո՛չ էլ բժշկական ծառայություն, այն նախաբժշկական ծառայություն է: Կան երկրներ, որոնք այդ փորձն ունեցել են, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել են: Շտապօգնությունն ունի հատուկ կանոններ: Շտապօգնության մեքենան պետք է լիովին կահավորված լինի, պետք է առկա լինեն համապատասխան տեխնիկա, դեղորայք: Նախ հիվանդին պետք է ախտորոշման ենթարկեն, իսկ դրա համար պետք է համապատասխան բուժտեխնիկա: Այնպես որ, մոպեդներով նման ծառայություններ մատուցել չեն կարող: Անիմաստ անլրջացնում են իրենց, որովհետեւ մոպեդը չի կարող շտապօգնության մեքենային փոխարինել: Եթե բարեփոխումներ են ցանկանում անել, ապա առաջին հերթին պետք է ուղղակի շտապօգնության բժիշկների ու մեքենաների թիվն ավելանա, ինչպես գրված է չափորոշիչներով, եւ նոր միայն գնահատեն՝ բավարարո՞ւմ է տվյալ ծառայությունը, թե՞ ոչ: Այսինքն` եթե մի բան թերի ու կիսատ է արվում, ինչպե՞ս են որոշում՝ որն է ճիշտը, իսկ որը՝ սխալը: Անլրջացնում են թե՛ իրենց, թե՛ սպիտակ խալաթը: Չի կարելի այդպես: Առողջապահական զարգացումներն այդպես չեն լինում:

- Վերջերս շտապօգնության ծառայության անփորձ տնօրենը մեզ հետ զրույցում ասում էր, որ շտապօգնությունը ճնշում չափելու, ներարկում անելու, սիստեմա միացնելու համար չէ: Գուցե կանչերի թիվը նվազեցնելու համա՞ր են այժմ այսպես վարվում:

- Լավ կլիներ՝ պաշտոնյաները, տնօրենները համապատասխան գիտելիքներ ունենային: Ճնշում չափելն ու բժշկական տարբեր միջամտություններ անելը պետք է իրականացվեն առողջության առաջնային պահպանման օղակում: Մեծ գաղտնիք չեն բացահայտել: Ընտանեկան բժշկի ինստիտուտը հենց դրա համար է Հայաստանում ներդրվել: Ես չեմ հասկանում, թե հիմա ինչու են որոշ մարդիկ այդ մասին բարձրաձայնում, հայտնագործությո՞ւն են արել, նո՞ր են այդ մասին իմացել: Ոչ առաջնային կանչերը փոխանցվում են տեղամասային բժշկին: Ամեն ինչ իրար են խառնում, երեւի փորձ չունեն:

- Իսկ մոպեդներով ինչպե՞ս են հիվանդին տեղափոխելու բժշկական կենտրոն:

- Իրենց պարզաբանումները շատ մակերեսային են: Ասում են, որ դեռ մտածում են: Մոպեդով, բնականաբար, հիվանդին չեն կարող տեղափոխել: Ենթադրում եմ, որ դա նրա համար է, որ կանչ գրանցեն, հիվանդի վիճակը գնահատեն եւ նոր միայն կանչեն այլ մեքենա` հիվանդին տեղափոխելու համար: Այստեղ լուրջ խնդիր է առաջանում, ահռելի ժամանակ են կորցնելու, գործ ունեն մարդկանց կյանքի հետ, ինչպե՞ս կարելի է այդպես վարվել: Հիվանդի կյանքը փրկելու համար ամեն մի վայրկյանը շատ կարեւոր է:

- Վերջին շրջանում շտապօգնության ծառայությունից դժգոհությունները խիստ շատացել են: Անգամ քովիդի շրջանում չկային այսքան դժգոհություններ: Ինչո՞վ կբացատրեք այդ հանգամանքը:

- Իրականում շտապօգնության ծառայությունը շատ կարեւոր դեր ունի մեր առողջապահական համակարգում: Շատ հաճախ շտապօգնության բժիշկներն անում են անհնարինը՝ հիվանդի կյանքը փրկելու համար: Ես նրանց չեմ թերագնահատում: Մենք ունենք պրոֆեսիոնալ բժիշկներ, սակայն չինովնիկական մոտեցումները թերացումներ են առաջացնում: Հիմնական խնդիրը շտապօգնության բրիգադների ու բժիշկների պակասն է, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում: Հատկապես մարզերում չեն կարողանում ժամանակին հիվանդին օգնություն հասցնել, եւ ստացվում է, որ մարդկանց մոտ դժգոհություն է առաջանում: Կան մարզեր, որ ընդամենը մեկ բրիգադ է աշխատում՝ մի քանիսի փոխարեն: Ինչը ենթադրում է բազում խնդիրներ, դժգոհություններ: Պետք է հստակ բարեփոխումներ անեն հենց այստեղ: Ամեն ինչ սկսվում է սխալ ղեկավարումից: Պետք է աշխատել չափորոշիչներին համապատասխան եւ նոր միայն դրանից հետո մտածել նորարարությունների մասին: Պետք չէ աշխատանքը սկսել վերջից եւ այսքան անլրջանալ: