Այս անտարբերության պատճառը պերմանենտ պարտություններն են

Այս անտարբերության պատճառը պերմանենտ պարտություններն են

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբույժ, Վանաձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն է:

-Տիկին Քալանթարյան, որպես հոգեբույժ, ի՞նչ տենդենց եք նկատում 44-օրյա պատերազմից հետո, ավելացե՞լ է հոգեկան խնդիրներ ունեցողների թիվը: Մեր հասարակությունը հոգեկան մեծ ցնցումներ է ապրում վերջին տարիներին: Ինչպիսի՞ հետեւանքներ է դա թողնում:

-Այո՛, բնականաբար, ավելացել են: Պատերազմի ժամանակ այստեղ հիվանդների մեծ հոսք է եղել: Առաջին օրերին՝ ոչ, բայց, երբ սկսվեց ինֆորմացիոն հոսքը զոհերի մասին, որոնք զոհվում էին բայրաքթարներից, ԱԹՍ-ներից, մարդիկ ընկան դեպրեսիայի, խուճապի մեջ: Հատկապես նրանք, ովքեր հարազատներ ունեին այնտեղ՝  զորակոչիկներ, ՄՈԲ-ի անդամներ, պայմանագրայիններ, պարզապես՝ հարազատներ Արցախում: Առաջացավ մեծ պանիկա, որն անհետեւանք չէր կարող մնալ մարդկանց հոգեկան աշխարհի վրա: Մարդկանց մոտ առաջացան տագնապային խանգարումներ, անհույս վիճակ, դեպրեսիա, վախ, ալկոհոլիզմ եւ այլ խնդիրներ: Մարդիկ, ովքեր մինչ այդ առողջ էին, խնդիրներ ունեցան: Որոշ մարդիկ սթրեսից կարող են առողջ դուրս գալ, մյուս մասի մոտ այն կարող է ծանր հետեւանքներ թողնել: Դա կախված է նաեւ ժառանգականությունից:

-Ի՞նչ եք կարծում, հիմա մեր հասարակությունը առո՞ղջ է, թե՞ ինչ-որ անբնական փոփոխություններ են կատարվել, ոչ ադեկվատ է դարձել երեւույթների նկատմամբ: 

-Այո, անբնական անտարբերության մթնոլորտ է տիրում, մարդիկ երեւույթներին չեն արձագանքում այնպես սուր, ինչպես կարձագանքեին մի քանի տարի առաջ: Պատճառն այն է, որ հասարակությունն արդեն հյուծվել է. անորոշությունը, երկարատեւ տրավմաները, պատերազմը՝ իր ծանր հեըեւանքներով, քովիդը, այս ամենը բերեցին հոգնածության, հյուծվածության: Պատերազմից հետո, սովորաբար, լինում է հասարակության անկում: Այսպիսի թեզ կա, թե՝ դժվարությունները մարդուն կոփում են, ուժեղացնում են: Բայց դա ոչ բոլոր դեպքերում է գործում: Կա դժվարությունների սահման: Եթե շարունակական պարտությունների մեջ ես, չկա որեւէ հաղթանակի դրսեւորում, հույսի, լուսի որեւէ նշույլ, որեւէ դրական բան, ապա դա հյուծում է: Ինչ –որ հյուս ներշնչող երեւույթներ պետք է լինել: Պերմանենտ պարտությունները, այո, հյուծում են: Կարծում եմ՝ անտարբերության պատճառներից կարեւորը դա է: Նաեւ պրոպագանդան մեծ դեր ունի: Յուրաքանչյուր իշխանություն ունի պրոպագանդայի իր գիծը, որը առաջ է տանում: 

-Իսկ ո՞րն է այս անտարբերությունից դուրս գալու ելքը:

-Այսօր մեր ազգին պետք է մեծ: Իհարկե, ոչ մի մեծ միանշանակ դրական չի ընդունվում բոլորի կողմից: Ասենք՝ եթե մենք ունենայինք Սիլվա Կապուտիկյան: Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, շատ լավ մտավորականներ, բայց չունենք շատ մեծ մեծություն: Մեծը չի կարող լռել, նրանից պետք է հորդի մեծությունը: Մեր ազգի գլխին այսօր պետք է հայր է պետք եւ հայրական ապտակ, որ ուշքի գանք: Եթե լինի դա, շատ բաներ իր տեղը կընկնի: Սխալները շատ-շատ են.  մեր սահմանները լիարժեք պաշտպանված չեն, ամեն օր զոհ ունենք, մենք ամեն օր պարտվում ենք: Իհարկե, ամեն վատ բան ավարտվում է, բայց ցանկալի է, որ այս վիճակը շուտ ավարտվի:

-Գուցե հասարակության անտարբերության ու ապատիայի պատճառն այն է, որ այս պարտության մեջ մեծ դավաճանություն է տեսնւմ, կամ՝ դավաճանություններ: 

-Ժամանակը կտա ամեն ինչի պատասխանները՝ արդյոք եղե՞լ են դավաճանություններ, թե՝ ոչ: Մենք տեսնում ենք այսբերգի միայն վերեւի մասը: Ես չեմ կարծում, որ մեր ազգի մեջ այսքան դավաճաններ կան: Ժամանակը այդ հարցին կպատասխանի:

-Ինչպե՞ս եք տեսնում այս վիճակից դուրս գալու ելքը: 

-Աշխարհաքաղաքական իրադրությունը ի նպաստ մեզ չէ: Թուրքիան տնտեսապես ուժեղանում է, Ադրբեջանը դարձել է գործոն, որը մինչեւ այդ այդպես չէր: Բոլորը խառն են եւ բոլորն իրենց շահերն են առաջ տանում, մենք փոքրիկ երկիր ենք, վախենում եմ կրկին ոտնատակ ընկնենք: Շատ բան կախված է՝ թե ինչպես կզարգանա աշխարհը, ինչ ելքով կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը: 

- Մեր հասարակությունն այսօր ի վիճակի՞ է ինչ-որ բան փոխելու: 

-Մենք շատ դաժան ձեւով ենք պարտվել, մեծաթիվ լավագույն երեխաների զոհվելը, շատերի հաշմվելը, մեր գենոֆոնդը աղքատացրեց: Մեր գենոֆոնդի որակը տուժեց: Դրանք այն ակտիվ մարդիկ էին, ովքեր այսօր պետք է պայքարեին: Չպետք է այսպես նվաստացած վիճակից բխեն մեր բոլոր քայլերը: Հասարակությունը պետք է դուրս գա ապատիայից:  Պետք է ունենա համարձակություն եւ արժանապատվություն:  Հասարակությունը պետք է ակտիվ լինի: Ճիշտ է՝ վերքերի բուժման համար ժամանակ է պետք, բայց ժամանակը գնում է ու ո՛չ մեր օգտին: Ազգային միասնության ու համերաշխության գաղափար է պետք, պետք է մի բռունց դառնալ, որ արդյունքի հասնենք: Ես հույս ունեմ, որ այս թունելի վերջում լույս կլինի:

Շարունակելի…