Մահապարտ վարչապետի սպասումով

Մահապարտ վարչապետի սպասումով

2018 թվականի ապրիլյան իրադարձությունների օրերին բազմաթիվ քննարկումներ էինք ունենում, թե ինչը և ինչպես պետք է փոխվի մեր երկրում: Քննարկումների մասնակիցներս պատրաստ էինք, համաձայն մեր գիտելիքների և կենսափորձի, համակարգելու այս կամ այն ոլորտը: Բայց շատ արագ պարզվեց, որ Նիկոլը դրա կարիքը չուներ, ինքն ամեն ինչի մասնագետ էր: Իսկ եթե ինչ-որ բան էլ լավ չգիտեր, իր հիմնադրած կուսակցության անդամները, նրանց ընկերներն ու բարեկամներն էին լրացնում այդ բացը: Որոնք, ինչպես շատ արագ պարզվեց, ո՛չ նվիրյալ էին և ո՛չ էլ աչքի էին ընկնում մասնագիտական ու մարդկային ունակություններով: Եվ ինձ նման բազմաթիվ անձինք դուրս մնացին քպկական ու մերձքպկական շրջապատով սահմանափակված՝ պետական կառավարման գործընթացից: Այլ գործոնների շարքում նաև դրա արդյունքում ստացանք այն, ինչ ունենք այսօր: 2018-ի ապրիլից անցել է ավելի քան չորս տարի, և եթե այսօր ինչ-որ հրաշքով կամ այլմոլորակայինների աջակցությամբ Նիկոլը հեռացվի պաշտոնից, ապա ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնողը պետք է երկար, շատ երկա՜ր մտածի նախքան համաձայնվելը: Որովհետև այսօր միայն քաղաքական մահապարտրը կարող է համաձայնվել կրելու այն բեռը, որ ժառանգություն կթողնի իրեն Նիկոլը: Խոսքը այն անձի մասին է, ով իշխանության կգա ոչ թե իր հերթին վայելելու իշխանության ընձեռած բարիքները, այլ երկիրն անդունդից դուրս հանելու նպատակով: 

Այսքանով բավարարվենք ընդհանրական այն երևույթի առումով, ինչը Նիկոլի մատուցմամբ կիսագրագետ ժողովրդի շրջանում ստացել է աթոռակռիվ անվանումը: Եվ քննարկենք ՀՀ վարչապետից պաշտոնից Նիկոլին հեռացնելու գործընթացում ընդդիմության դերակատարումը: Կարծում եմ, որ Նիկոլին հեռացնելու նպատակով ընդդիմությունն անում է հնարավորը այն պարադիգմի շրջանակում, որ ինքն է ընտրել իր համար: (Տվյալ դեպքում պարադիգմ ասելով հասկանանք գործողությունների այն շրջանակը, որով ինքն իրեն ինքնակամ սահմանափակում է այսօրվա ընդդիմությունը): Ւսկ ո՞րն է ընդդիմության պարադիգմը: Այն պատճենված է 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից. 50-100 հազար մարդկանց դուրս բերել փողոց և փողոցի ուժով Նիկոլին ստիպել, որպեսզի վերջինս հրաժարական ներկայացնի: Այս տարբերակն առանց խոշոր ցնցումների իշխանափոխության եղանակ է: Բայց խնդիրն այն է, որ Նիկոլն այն անձը չէ, ով կարող էր հետևել իր նախորդի օրինակին: Եվ հանուն իշխանության պահպանման չգնար արյունահեղության: Կարծում եմ, որ այս կանխադրույթին չեն հավատում հենց ընդդիմության առաջնորդները: Այդ դեպքում իմաստ չունի քննարկել, թե այսօրվա պայմաններում կհավաքվի արդյոք թեկուզ 50 հազար մարդ:   

Նշված պարադիգմի հստակ պատկերը մեկ-երկու օր առաջ լրագրողներին ներկայացրել է ակտիվ ընդդիմադիր, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նրա կարծիքով, ընդդիմությունը առաջնորդվելու է բացառապես սահմանադրական ճանապարհով: Իսկ դրանք երեքն են՝ առաջինը Նիկոլի գիտակցված հրաժարականն է։ Իր ասելով, իրենք պատրաստ են գնալ նրա հետ խոսել, բացատրել՝ ինչ է կատարվում։ Ասեմ, որ դա չլինելու բան է: Նիկոլին որևէ բան բացատրելն իմաստ չունի, քանի որ վերջինս ոչ թե չի գիտակցում, թե ինչ է կատարվում, այլ գիտակցում է, թե ինչ կկատարվի՝ եթե ինքը հրաժարական ներկայացնի: Երկրորդ տարբերակը իրավական տարբերակն է, որն, ըստ Էդգար Ղազարյանի, ցավոք սրտի մինչև հիմա գործի չի դրվել գլխավոր դատախազի հանցավոր անգործության հետևանքով։ Ավելացնեմ, որ չի էլ դրվելու, քանի որ սեպտեմբերից գործող դատախազ Արթուր Դավթյանը հեռանում է: Իսկ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը (մինչ այդ վարչապետի օգնականը) սեպտեմբերից անցնելով աշխատանքի՝ դատախազությունն ամբողջությամբ կենթարկեցնի վարչապետին և ոչ թե քայլ կանի ընդդեմ վարչապետի: Երրորդ տարբերակը պատգամավորների միջոցով վարչապետին անվստահություն հայտնելն է: Այս մեկը կարող է կյանքի կոչվել, բայց ներկա պայմաններում ֆանտաստիկայի ոլորտից է: Այն կդադարի այդպիսին լինելուց, եթե Հայաստանում կամ Հայաստանի շուրջն այնպիսի ֆորս մաժոր տեղի ունենա, որն անհնարին կդարձնի Նիկոլի պաշտոնավարումը: Իսկ ֆորս մաժոր այնպիսի երևույթ է, որը համարյա թե կախված չէ գործող անձանց գործողություններից: Ինչպես երևում է, ՀՀ վարչապետից պաշտոնից Նիկոլին հեռացնելու նպատակով, առաջին հերթին, պետք է փոխել այդ գործընթացքի պարադիգմը: Ինչը ընդդիմության ղեկավարության քննարկելիք նյութ է: 

Բայց մի պահ ենթադրենք, թե, այնուամենայնիվ, կյանքի կոչվեց սահմանադրական երեք եղանակներից մեկը և կամ  ընդդիմությունը փոխեց գործունեության պարադիգմը: Եվ արդյունքում Նիկոլը հեռացվեց վարչապետից պաշտոնից: Եվ Ազգային ժողովով ընդդիմության առաջնորդը կարգվեց վարչապետ: Որո՞նք են լինելու նորընտիր վարչապետի առաջին քայլերը: Նա, նախ, պետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր պետության, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իսկ դրանք վատ են, շատ վատ՝ եթե ընդունենք իրականությունը և ոչ թե առաջնորդվենք կողմերի դիվանագիտական ձևակերպումներով: Երկրորդ, պետք է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերականգնի բանակը՝ իրականացնի կադրային փոփոխություններ, համալրի բանակի կորսված սպառազինությունը, բարձրացնի բանակի մարտական ոգին: Երրորդ, պարտվածի դիրքից չափազանց տհաճ բանակցություններ սկսի Ադրբեջանի նախագահի հետ: Իհարկե, կան նաև տնտեսության զարգացման, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության գործարկման, հասարակության պառակտվածության վերացման և բազմաթիվ այլ խնդիրներ: Բայց առաջին երեք խնդիրները առաջնային լուծման կարիք ունեցողներից են:

Շատ ավելի արժանապատիվ կլիներ, եթե Փաշինյանին հեռացնելուց անմիջապես հետո Ազգային ժողովի և կամ Սահմանադրական դատարանի միջոցով չեղյալ հայտարարվեին 2018-ի մայիսից մինչև 2022-ի (ենթադրենք՝ սեպտեմբերի) ընթացքում ընդունված բոլոր որոշումները: Եվ այդ թվում՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրությունը: Բայց դա կնշանակի պատերազմի սանձազերծում, ինչին Հայաստանն այսօր և դեռ որոշակի ժամանակ՝ եթե նույնիսկ 2022-ի աշնանը վարչապետի պաշտոնից հեռացվի Փաշինյանը, պատրաստ չի լինի: Չենք ունենա նաև դիվանագիտական աջակցություն: Իսկ հաշվի առնելով ռուս-ուկրիաինական պատերազմում Ռուսաստանի խրված լինելը՝ կունենանք էժան գներով սպառազինություն ձեռք բերելու լուրջ խնդիր: Իսկ թանկ գներով ձեռք բերելու համար փող է պետք, ինչը մեզ հաստատ տվող չի լինի: Մեկ այլ խնդիր է ժողովրդի պատրաստ չլինելը պատերազմին: Գումարած դրան՝ հասարակության պառակտվածության առկայությունն ու հայրենիքի ճակատագրի նկատմամբ անտարբերության հսկայական չափաբաժնի առկայության խնդիրը: Ինչպես նաև երկրում թուրք-ադրբեջանական գործակալների առկայությունը, այդ թվում՝ հայկական ազգանուններով և հայաստանյան անձնագրերով անձանցով, ովքեր իրենց հայ են համարում: 

Իհարկե, դեռևս առկա են մարդիկ, ովքեր ասում են, թե Արևմուտքը մեզ կօգնի: Կանադայում ՀՀ նախխկին դեսպան Արա Պապյան, օրինակ, մեզ առաջարկում է աշխատանք տանել և ստանալ ԱՄՆ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ, որի դեպքում Հայաստանին օգնելու բանաձևի ընդունման համար ընդամենը 8 րոպե է անհրաժեշտ, քանի որ միջինն այդքան է տևում քվեարկությունը: Թեև տեղյակ չեմ, թե ԱՄՆ Կոնգրեսի որ պալատում: Ինչևէ, դրանից հետո ԱՄՆ-ը մեզ կօգնի, եթե, ասենք, Հայաստանը հրաժարվի կատարել Ադրբեջանի պահանջը և նրան չտրամադրի «Զանգեզուրի միջանցքը», ինչը կդրդի Ադրբեջանին Թուրքիայի աջակցությամբ կրկին հարձակվել Հայաստանի վրա: Թե այդ պարագայում ինչպես է կողմնորոշվելու ԱՄՆ-ն օգնության հասնելու հարցում՝ գիտի երևի միայն Պապյանը: Որովհետև այդ երկիրը ստիպված է լինելու կողմնորոշվել՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ական իր դաշնակցի դաշնակցին, թե իր նորընծա՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցին: Թեև սա դեռ ոչինչ: Իսկ մինչ այդ էլ Հայաստանը պետք է հանել տա ռուսական ռազմաբազան և սահմանապահներին, քանի որ ենթադրաբար պապյանական «աշխատանք տանելը» նշանակում է հենց դա: Ինչն, իր հերթին, նշանակում է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացում: Դրանից հետո՝ մինչև կախարդական 8 րոպեն, Հայաստանն ինչպես է դիմագրավելու ճակատագրի հարվածներին (հաշվի առնենք Ուկրաինայի օրինակը)՝ Պապյանն, իհարկե, չի մանրամասնում: Իսկ իմ կարծիքով, ԱՄՆ-ի այդ օգնությունը կլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին եղավ Արևմուտքի արձագանքը 100 տարի առաջ: Էլ չեմ խոսում ընդամենը մեկուկես տարի առաջ տեղի ունեցածի մասին: 

Փաստորեն, հայոց  աշխարհի համար արժանապատիվ տարբերակն այսօր, դժբախտաբար, արդեն չի գործում: Մնում է կիսաարժանապատիվը՝ ընդունել, որ մենք պարտվել ենք պատերազմում, ընդունել, որ մինչև Փաշինյանին հեռացնելը կայացված հիմնական որոշումները մնում են ուժի մեջ, և փորձել Ռուսաստանի և կամ Արևմուտքի միջոցով նվազագույնի հասցնել այն վնասները, որ կրում և շարունակելու է կրել Հայաստանը: Հենց այդ հանգամանքի առումով էի սկզբում գրել, որ միայն մահապարտը կարող է համաձայնվել Նիկոլից հետո զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: Միայն մահապարտը կարող է ստիպել իրեն վիզը ծուռ գնալ ու բանակցել Իլհամի հետ: Միայն այդպիսի մեկը պետք է փորձի հավաքագրել այնպիսի թիմ, որ այսօր գործող իշխանության ներկայացուըցիչների վարձատրության համեմատ կոպեկներով պատրաստ լինի օր ու գիշեր, տքնաջան աշխատել հանուն հայրենիքի: Մոռանալով անձնական որևէ կյանք, մոռանալով ընտանիքի գոյության մասին: Միայն քաղաքական մահապարտը կգնա դրան, քանի որ այսօրվա մեր ժողովրդի մտածելակերպի պայմաններում նա ստիպված է լինելու նաև անընդհատ կռիվ տալ նույն այդ ժողովրդի դեմ: