Վրաց-ադրբեջանական բախումն անխուսափելի՞ է

Վրաց-ադրբեջանական բախումն անխուսափելի՞ է

Ադրբեջանական մամուլում չեն դադարում Վրաստանի հետ հարաբերությունների թեմայով հրապարակումները: Վերջին շրջանում ավելի ու ավելի է զգացնել տալիս վատ թաքցվող անհանդուրժողականությունը, որ ադրբեջանցի հեղինակները դրսեւորում են հարեւան երկրի եւ ժողովրդի նկատմամբ: Ընդհանուր տոնայնությունն այն է, որ Վրաստանն իր ներկայիս գոյությամբ պարտական է Ադրբեջանին, որի հետ պարտավոր է մինչեւ վերջ կապված մնալ: Հակառակ դեպքում Վրաստանին եւ վրաց ժողովրդին սպառնում է աղետ:

Իրավիճակի կայունացման պաշտոնական կոչ հղելով՝ Ադրբեջանի իշխանությունները միաժամանակ գիտական եւ հանրային շրջանակներին խրախուսում են հրապարակային այնպիսի հայտարարություններ անել, որոնք պարզապես սադրիչ են: Ի մասնավոր, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԳԱ Պատմության ինստիտուտի տնօերն Մամեդովը թույլ է տվել այսպիսի տեսակետ հնչեցնել. «Ոչ միայն Քեչիքչիդաղը (Դավիթ Գարեջիի վանական համալիրը՝ Վ. Ա.) այլեւ ողջ արեւելյան Վրաստանը պատմական ադրբեջանական հող է: Թիֆլիսն ադրբեջանական քաղաք է»:

Ավելորդ չէ ընդգծել, որ սույն անձը վայրկենապես կզրկվեր պաշտոնից եւ կհռչակվեր պետական դավաճան, եթե իր տեսակետը նախապես համաձայնեցրած չլիներ համապատասխան ատյաններում, ամենայն հավանականությամբ՝ Իլհամ Ալիեւի աշխատակազմում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի գիտական շրջանակները հրահանգավորվել են արշավ սկսել այս անգամ արդեն Վրաստանի պատմության, վրաց ժողովրդի մշակութային ժառանգության դեմ: Ամեն ինչ հիշեցնում է անցյալ դարի 70-80-ական թվականները, երբ ադրբեջանցի պատմաբանների առջեւ դրված էր Արցախի եւ հարակից հայկական տարածքների պատմությունը ցանկացած գնով «աղվանականացնելու» խնդիր:

Ինչ ընթացք ունեցան դեպքերը՝ հայտնի է: Նույն մարտահրավերն այսօր նետված է Վրաստանին, որը նահանջի տեղ չունի: Մի փոքր զիջողականություն, եւ առաջիկա մի քանի տասնամյակի կտրվածքով Վրաստանի արեւելյան հատվածն իրոք կդառնա ադրբեջանական: Վրաստանը պարտադրված է հանուն ազգային ինքնության դիմադրել:

Վրաց-ադրբեջանական պատմա-քաղաքակրթական բախումն այլեւս իրողություն է: Ե՞րբ վրա կհասնի ռազմա-քաղաքական դիմակայությունը՝ կախված է Ադրբեջանից: Եթե պաշտոնական Բաքուն չնահանջի, ապա Հարավային Կովկասն ակաանտես կլինի վրաց-ադրբեջանական զինված դիմակայության: