Չծխող կալանավորների իրավունքները համատարած խախտվում են

Չծխող կալանավորների իրավունքները համատարած խախտվում են

Հայաստանի քրեակատարողական համակարգում՝ հատկապես փակ տիպի հաստատություններում, համատարած խախտվում են չծխողների իրավունքները։ Չծխող դատապարտյալները ծխողների հետ պահվում են նույն խցերում։ «Կալանավայր 2019»-ի օդափոխման պայմաններում սա հավասարազոր է դանդաղ թունավորման։

«Հիմա բոլոր տեղերում ծխելու դեմ պայքար է գնում։ Իսկ ինչո՞ւ այդ հարցն այստեղ՝ կալանավայրում, չեն բարձրացնում։ Խցի մեջ տասը հոգի կա։ Ամբողջ օրը ծխում են։ Չծխող մարդն էլ, ստիպված, օրական 200-250 սիգարետի ծուխ ա քաշում թոքերը»,- «Հրապարակին» ազդարարում է «Նուբարաշենում» կալանքը կրող անձանցից մեկը։

Թվում է՝ հասարակ խնդիր է, որը կլուծվի, եթե ծխողները չծխողներից առանձին պահվեն։  Ինչո՞ւ քրեակատարողական ծառայությունն այս հարցը չի լուծում։
«Հարցը կկարգավորվի,- պատասխանում է ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը։- Այս պահի դրությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Կալանավորված ու դատապարտված անձինք միասին են  պահվում»։ Այսինքն՝ նախկինում միասին չէի՞ն պահվում։ Ճշտումներ կատարելուց հետո խոսնակը տեղեկացրեց․ «Մենք ունենք ռեժիմների խնդիր, ծանր հանցագործություն կատարածներն առանձին են պահվում, եւ, օրինակ, ցմահների թվում կան ծխողներ, որոնք առանձին են պահվում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի առանձնացնենք, բայց՝ օրենքի սահմաններում»։

Որպեսզի պատկերացնենք հիշյալ սահմանները, նա մեզ ուղարկեց «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի տեքստը, որտեղ թվարկված է, թե որ դեպքերում են կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում անջատ կամ առանձին, օրինակ, տղամարդիկ՝ կանանցից, անչափահասները՝ չափահասներից, առաջին անգամ կալանավորվածներն ու կրկնահանցագործները եւ այլն։  

Ծխել-չծխելու մասին կետ, իհարկե, չկա, եւ օրենքի կիսագրագետ ընթերցողին կարող է թվալ, թե չծխողների իրավունքներն օրենքով պահպանված չեն։ Սակայն մենք ունենք բավականին լավ քրեակատարողական օրենսգիրք, որը պետք է պարզապես ուշադիր կարդալ։

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ կետով՝ անջատ պահվողների թվում նշված է․ «Կալանավորված անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուսներից` կալանավորվածներին առանձին պահելու վայրի վարչակազմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ»։

Իսկ սա նշանակում է, որ բավական է ընդամենը կալանավայրի ադմինիստրացիայի մեկ որոշում, եւ հարցը կլուծվի։ Ցավոք, առայժմ այն լուծվում է ոչ թե իրավունքի, այլ ուժի թելադրանքով։ Եթե խցում կա քրեական հեղինակություն, որը չի ծխում, ապա այդ խցում պահվող մյուս բոլոր անձինք կա՛մ հրաժարվում են սիգարետից, կա՛մ ծուխը դուրս են փչում՝ մի կերպ տեղավորվելով օդանցքի մոտ։ Իսկ եթե խցի «հզորները» ծխող են, ապա բոլոր մյուսները պարզապես լռում են, եւ ո՛չ հիմնարկի պետը, ո՛չ էլ առավել եւս քննիչը այս հարցում ոչինչ չեն որոշում եւ չեն էլ ուզում որոշել։ Կարճ ասած՝ թքած ունեն։