Գինը կվճարենք, բայց ապրանքը չենք ստանա

Գինը կվճարենք, բայց ապրանքը չենք ստանա

Տեղեկացանք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա՝ ԱՊՀ երկրների անվտանգության քարտուղարների համաժողովին։ Չմեկնելու պատճառների մասին ոչինչ չի ասվել, միայն հայտնի է, որ այդ համաժողովին Հայաստանը գործուղել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այն դեսպանին, որին ուզում են փոխել, եւ որից մեծ դժգոհություններ ունի նաեւ ռուսական կողմը:

Այս քայլը Հայաստանի իշխանությունների վարած ընդհանուր քաղաքականության մի բաղկացուցիչն է, գուցե տարօրինակ կլիներ, եթե հակառակը լիներ։ Եթե Հայաստանը փորձում է փոխել իր անվտանգային վեկտորը, ապա այս քայլն էլ տրամաբանական է, այլ հարց է, թե դրա արդյունքում ինչ կստացվի, եւ ինչ նոր ռիսկերի առջեւ կհայտնվի Հայաստանը․ այսպես է կարծում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Ամեն անգամ, երբ Հայաստանը փորձում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, Ռուսաստանը մեզ շատ ցավոտ հարվածներ է հասցնում՝ կա՛մ ուղղակիորեն, կա՛մ ավելի հաճախ՝ Ադրբեջանի միջոցով։ Մենք մի քանի անգամ դա տեսել ենք, եւ հիմա էլ հավանականություն կա, որ եթե Հայաստանը շարունակի այդ ուղղությամբ շարժվել, ապա հերթական ցավոտ հարվածները կստանանք»,- ասաց Բաղդասարյանը։ ՀՀ իշխանությունները գիտակցո՞ւմ են, որ իրենց քայլերի արդյունքում վնասում են ՀՀ պետականությունը։ Բաղդասարյանն ասաց՝ վստահ է, որ իշխանությունները դա գիտակցում են եւ գիտակցված էլ գնում են այդ արկածախնդրությանը։ Հայաստանի իշխանությունները մտադիր են Հայաստանը տանել մոտավորապես, պայմանականորեն ասած, Վրաստանի ճանապարհով, երբ Վրաստանը մեծապես տուժեց պատերազմի արդյունքում, կորցրեց Հարավային Օսիան եւ Աբխազիան, բայց կարողացավ դուրս պրծնել ռուսական ազդեցության գոտուց եւ ինտեգրվել Արեւմուտքին։

«Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունների պատկերացումը սա է, եւ կարծում եմ՝ այդ պատկերացումը շատ սխալ է, որքան էլ նպատակը գեղեցիկ լինի, որովհետեւ այն, ինչ հաջողվեց Վրաստանին, մեզ չի հաջողվի բազմաթիվ պատճառներով: Աշխարհագրական պատճառներ, մեր հարեւանների հետ պատճառներ, պատմական անցյալ, պատմական հիշողություն, ուժերի հարաբերակցություն, առկա չկարգավորված եւ փաստացի պատերազմական իրավիճակ եւ այլն։ Այսինքն՝ այն, ինչ հաջողվեց Վրաստանին՝ էլի կորուստների գնով, մեզ չի հաջողվի, եւ, մեծ հավանականությամբ, նաեւ արդյունքում մենք կունենանք այդ կորուստները։ Այսինքն՝ գինը կվճարենք, բայց այդ ապրանքը չենք ստանա»,- եզրափակեց Բաղդասարյանը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հայկական կողմի քայլերը մշակված քաղաքականություն են, եւ ռուսական կողմը որեւէ ձեւական արձագանք կտա, բայց ներկա պահին երկու կողմին էլ որոշակիորեն լարումը ձեռնտու է։ «Հայկական կողմին ձեռնտու է այն պահով, որ փորձի արեւմտյան աջակցություն ստանալ, ռուսական կողմին ձեռնտու է, որ ինքն այս պահին չի կարողանում արձագանքել Հայաստանի խնդիրներին՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ. որ համագործակցում է Թուրքիայի հետ, եւ Հայաստանի այս պահվածքը թույլ է տալիս լեգիտիմացնելու իր որոշակի պահվածքը Հայաստանի հանդեպ։ Այսինքն՝ երկու կողմին էլ ձեռնտու է՝ տնտեսության առումով էլ շատ լավ համագործակցում են»,- նկատեց Դանիելյանը։ Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է երկու կողմն էլ փոխադարձ պայմանավորվածություն ունեն այս մասով, թե՞ ռուսական կողմն իր քայլերն անում է՝ հայկական կողմի քայլերից ելնելով, քաղաքագետն ասաց, որ եթե ինչ-որ պահի երկու կողմին դա ձեռնտու է, չի նշանակում, որ դրա շուրջ պայմանավորվածություն ունեն։ Պարզապես կողմերը հասկանում են ներկա իրավիճակն ու իրենց փոխադարձ շահերը եւ խաղում են տարբեր լարերի վրա, սակայն տնտեսական առումով շատ լավ համագործակցում են՝ հաշվի առնելով Ռուսաստանի դժվարությունները՝ ապրանքաշրջանառության առումով: Հայաստանի նման երկրները ՌԴ-ին հիմա պետք են, Հայաստանն էլ ռեսուրսների խնդիր ունի՝ կարողանում է ռուսական ռեսուրսների հաշվին ինչ-որ կերպ գումարներ վաստակել։