Սովետի վերջին տարիներին պետական ապարատի ծախսերը բյուջեի 7,5 տոկոսն էին, 2024-ին բյուջեի 23 տոկոսն են

Սովետի վերջին տարիներին պետական ապարատի ծախսերը բյուջեի 7,5 տոկոսն էին, 2024-ին բյուջեի 23 տոկոսն են

2024 թվականի բյուջեի նախագիծը պատրաստ է, քննարկվել է հանձնաժողովներում եւ շուտով կդրվի ԱԺ քննարկմանը։
Այն մի շարք նորություններ ունի՝ կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձեւ, սոցիալական, կրթության ծախսերի ավելացում, նաեւ՝ գերատեսչական ծախսերի ավելացում։ Ինչպիսի՞ն է բյուջե-2024-ը, ի՞նչ խնդիրներ է լուծելու։ Մեր զրուցակիցը տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Բոստանջյանն է։ 

- Կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձեւ են առաջարկում, որ չլինի «նվազագույն կենսաթոշակ» հասկացությունը, բայց, միեւնույն ժամանակ, թոշակները կարծես չեն ավելանալու։ Արդյոք հնարավոր կլինի՞ ապահովել նվազագույն պարենային զամբյուղը` այս նոր բյուջեի շրջանակում։ 

- Բնականաբար, այսօրվա գների պայմաններում այսօրվա միջինացված կենսաթոշակը դրա հնարավորությունը չի տալիս։ Կենսաթոշակը պետք է լինի գոնե նվազագույն պարենային զամբյուղին համարժեք։ Բայց այս երկիրը չունի այն ճոխ հնարավորությունները, որի պարագայում կարողանա նվազագույնը պաշտպանի։ Դրա համար հնարավորություններից ելնելով են հաշվարկներ իրականացվում։ 2000-2300 դրամով կենսաթոշակն ավելացավ, բայց դա, ըստ էության, ավելի քիչ է, քան գոյություն ունեցող գնաճը։ Ես հակված չեմ մտածելու, որ իրենք մտածված ձեւով չեն ուզում բարձրացնել կենսաթոշակը, բայց անարդյունավետ երկիր է։ Մեր երկիրն ունի տնտեսության սարսափելի վատ կառուցվածք։ Որոշակի մակերեսային ճոխություն է նկատվում մեքենաների քանակով, ֆինանսական հոսքերի արագ տեղաշարժի կտրվածքով, որը պայմանավորված է լինում մեզնից անկախ վիճակներով՝ Ռուսաստանի դեմ սանկցիաներով, օրինակ։ 2022 թվականին ՀՀ մուտք է գործել բանկային խողովակներով միայն 5,2 մլրդ դոլար։ Դրսից եկող փողը մեզ մոտ առաջացնում է աշխուժացում, բայց դրա կտրվելու դեպքում մենք կկանգնենք կոտրված տաշտակի առաջ, քանի որ մեր տնտեսությունը, արժեքներ ստեղծող ոլորտները չեն աշխատում։ Տնտեսության կառուցվածքում ծառայություններն ու առեւտուրն է, որոնք բարիքներ ու նոր արժեքներ չեն ստեղծում։ 

- Պաշտպանական ոլորտի բյուջեն է ամենամեծը, հիմա նաեւ սոցիալական ոլորտին են մեծ հատկացումներ արվելու՝ մոտ 24 տոկոս։ 7.4 միլիարդ դոլար` ընդհանուր ծախսի 24 տոկոսը, տրվելու է սոցիալական ոլորտին։ Ու, ինչպես ասացինք, միեւնույն է, չենք կարողանալու ապահովել, ասենք, կենսաթոշակառուների նվազագույն զամբյուղը։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը։ 

- Մի միլիարդից մի քիչ ավելի պաշտպանության ոլորտին է տրվում, իսկ 635 մլրդ դրամ՝ սոցիալականին։ Դե, պարզ է, այդ 500 հազար կենսաթոշակառուներին մի բան պետք է, կներեք, «շպրտե՞ն», թե՞ ոչ։ Բայց մեր բյուջեի ընդհանուր դինամիկան եմ նայում` ե՛ւ ծախսերի, ե՛ւ եկամուտների առումով, ակնհայտորեն կա առաջընթաց։ Բայց որակական մոտեցումներ մենք չունենք։ 

- Սովորաբար բյուջեները պլանավորելիս հաշվի էին առնում տրանսֆերտները, որոնք գալիս են Ռուսաստանից։ Այս տարի էլ են հաշվի առել, բայց շատ հարցական է՝ ներկայիս քաղաքականության պարագայում կգա՞ն, թե՞ ոչ այդ գումարները։ Արդյո՞ք սա վտանգավոր չէ։ 

- Այո, ես արդեն ասացի, որ եթե հանկարծ տեղի ունենա ՌԴ-ից հոսքերի դադար, մենք կհայտնվենք կոտրված տաշտակի առաջ։ Այս ներկայիս հարաբերությունների պարագայում ՌԴ-ի հետ դեռեւս առարկայական գործունեություն չեն ծավալել, բայց տարբեր փորձագետների ու վերլուծաբանների կարծիքը կա, որ ՌԴ-ից հայերին կհանեն դուրս։ Եվ ինչ են անելու այդ պարագայում, հայտնի չէ։ Սա բացարձակապես հաշվարկված չէ։ Ձեզ ասեմ՝ նախորդ նախագահների ժամանակ էլ հույսները դնում էին փողի վրա, եւ դա այնքան ապաշնորհություն է, որ դու քո երկիրը չես կարողանում ապահովել ու կանխավ ասում ես՝ լավ կլինի, էլի։ 

- Հաջորդ տարվա բյուջեում ավելացրել են ապարատի ծախսերը։ Սա որքանո՞վ է տրամաբանական մեր այսօրվա վիճակում, երբ այսքան փախստականներ ունենք, չկահավորված սահմաններ եւ այլն։ 

- Թող նստեն, հաշվեն։ Նախագծում գրված է, որ ընդհանուր բնույթի կառավարման ծախսերն ամբողջ ծախսերի մեջ անցնում են 23 տոկոսը։ Սա նշանակում է, որ ամբողջ ծախսային ծավալի մեկ քառորդը գնում է իրենց աշխատավարձերի վրա։ Տեսեք, ինչպիսի անհամեստ երկիր է։ Դուք ինչո՞ւ եք մեքենայով գնում-գալիս գործի։ Աղքատ երկրի պամաններում ո՞նց կարելի է ճոխ մեքենաներ, ճոխ գործուղումներ ու պարգեւավճարներ ունենալ։ 90-ական թվականներին, դեռ որ Սովետը նոր էր փլուզվում, պետական համակարգի կառավարման ծախսերը կազմում էին 6,7-7,5 տոկոս։ Հիմա՝ 23, այսինքն՝ ավելի քան 3 անգամ շատ է։ 

- Դրական է ընկալվում այն, որ կրթության ծախսերն են ավելացնում։ 38 տոկոսով ավելացնում են կրթության բյուջեն` այն դարձնելով 850 միլիոն դոլար, ինչը ծախսերի մոտ 12 տոկոսն է։ Բայց արդյո՞ք սա բերելու է ավելի որակյալ կրթություն ունենալուն։ Որպես դասախոս, բուհականմարդ՝ ի՞նչ կասեք։ 

- Ոչ, չի բերելու։ Ես 80 թվականից մինչեւ հիմա գտնվել եմ իմ դասախոսական պուլտի առաջ։ Հիմա կան ուղեղով, լավ երիտասարդներ, բայց կրթական համակարգը դեռ չի անցել 21-րդ դարի պահանջների կատարմանը։ Սրան գումարվում է պեսիմիզմը՝ Ղարաբաղի հանձնումը, մեր երկրի միգրացիոն հոսքերը, անտարբերությունն արդեն խեղդում է անգամ երիտասարդներին։ Այս ավելացումը թող ոչ մեկի մոտ շփոթություն չառաջացնի։ Ստացվել է այնպես, որ ունենք ավելի շատ եկամուտներ։ Ամեն դեպքում, տարեցտարի կյանքը զարգանում է, ուզում ես, թե չես ուզում՝ նոր արժեքներ են ստեղծվում, եկամուտները շատանում են, ոչ թե ասում են` գիտությունն ու կրթությունն է լավ բան, եկեք ավելացնենք ծախսերը, որ զարգանան։ Այլ ուղղակի համամասնորեն ավելացրել են՝ կրթություն, առողջապահություն եւ այլն։ Բայց սրա տակ դրված չէ որակական հատկանիշների հասցնելու միտում։

- Մյուս տարի 64 մլն դոլարով՝ 18 տոկոսով, ավելացնում են առողջապահության փողը ու այն համարյա լրիվ ծախսելու են ապահովագրական բժշկության վրա։ Սա վա՞տ քայլ է։ Իմ կարծիքով, վաղուց էր պետք անել։ 

- Իհարկե, սա լավ բան է, քաղաքակրթվածություն է։ Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն՝ բոլոր երկրները հասել են վաղուց դրան։ Մենք այնքան աղքատ ենք, որ այս կուլտուրային մինչ օրս չենք հասել։ Մենք, ցավոք, շատ ենք հետամնաց, մենք «Կիսաբաց լուսամուտներ» նայողներ ենք, «Սուր անկյուն» ենք նայում, որովհետեւ ավտոներն իրար են խփում։ Ու էդ 60 մլն-ն մի ճոխ գումար էլ չէ, սա շատ ծախսատար ոլորտ է, ու մի տասը տարի է պետք, որ մենք կարողանանք ապահովագրական բժշկության առաջին արդյունքները ստանալ։