«Հրապարակ». Մի շարք մարմիններ, հատկապես` Արցախի արտաքին գործերի նախարարությունը, պետք է աշխատեն

«Հրապարակ». Մի շարք մարմիններ, հատկապես` Արցախի արտաքին գործերի նախարարությունը, պետք է աշխատեն

Հարցազրույց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

- Պարոն Բեգլարյան, վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրեր առաջ հայտարարեց, որ Արցախի պետական ինստիտուտների գործարկումը Հայաստանում կարող է դառնալ սպառնալիք մեր ազգային անվտանգությանը։ Սա կարող ենք համարել նաեւ ՀՀ իշխանությունների կարծիքը: Արդյո՞ք Արցախի ինստիտուտների պահպանումը Հայաստանի համար կարող է սպառնալիք լինել։

- Կարճ կարող եմ մեկնաբանել. այս հարցը Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պետք է նստեն՝ փակ, առանց աղմուկի քննարկեն, երկուստեք ընկալումները եւ նպատակները փոխադարձաբար պետք է հասկանան, ռիսկերը պետք է միասին քննարկեն եւ գտնեն այնպիսի օպտիմալ լուծում, որ Արցախի Հանրապետության պետական մարմինները շարունակեն գործել, որ էական որեւէ ռիսկ չառաջացնեն ՀՀ-ի համար: Ես տպավորություն ունեմ, որ այդ ռիսկերն ընկալումների մակարդակում են, քան թե իրական: Եվ, ընդհանրապես, կարելի է Արցախի Հանրապետության պետական մարմինների գործունեությունները ֆորմալ կազմակերպել Հայաստանում` առանց ՀՀ իշխանությունների աջակցության։ Հիմա այդ մարդիկ` փախստականները, իշխանության ներկայացուցիչները գտնվում են Հայաստանում, եւ իրենք ներկայանում են որպես Արցախի ժողովրդի իշխանություններ, անում են քաղաքական հայտարարություններ եւ այլն, եւ այլն։ Կարելի է այդպիսի մոդելն իրականացնել, մնացածը թող իրենք իրար հետ քննարկեն, բայց ես կարծում եմ՝ պետք է շատ հստակ այդ ռազմավարական նպատակը դնել, որ Արցախի Հանրապետության պետական մարմինները պետք է շարունակեն գործել։

- Մասնավորապես ո՞ր մարմինները պետք է գործեն Հայաստանում։

- Ազգային ժողովը, նախագահականը, ֆորմալ կառավարություն, որի կառուցվածքը, կազմը կարող է, բնականաբար, էականորեն փոխվել եւ կրճատվել, եւ կառավարությունում` հատկապես արտաքին գործերի նախարարությունը, որովհետեւ վտարանդի կառավարության գլխավոր ուղղությունն արտաքին քաղաքական ուղղությունն է: Մնացած ուղղություններում ավել լծակ, ռեսուրս չկա էլ, որ իրենք աշխատեն` ո՛չ սոցիալական մասով, ո՛չ կրթական, ո՛չ առողջապահական, ո՛չ անվտանգային, ո՛չ ներքին գործերի նախարարություն եւ այլն։ Իհարկե, ձեւական կարելի է որոշ կարգավիճակներ պահել, բայց հիմնական ծանրությունը պետք է ընկած լինի արտաքին գործերի նախարարության վրա։

- Արցախցիների սոցիալական խնդիրներն օր-օրի բարդանում են` շատերը հույս չեն կապում այս իշխանությունների հետ, որոշ հույսեր կապում են այնպիսի գործիչների հետ, ովքեր Արցախում կարողացել են գործունեություն ծավալել եւ սփյուռքի հետ աշխատելով՝ ծրագրեր իրականացնել։ Դուք նման փորձեր անո՞ւմ եք, շփվո՞ւմ եք սփյուռքի ներկայացուցիչների հետ, Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ, ունե՞ք պլան, որպեսզի երկարաժամկետ ծրագրեր իրականացվեն արցախցիների համար։

- Ես որոշակի քննարկումների մեջ եմ որոշ կազմակերպությունների հետ` հաշվի առնելով իմ փորձը, իմ հարաբերությունները շատերի հետ, եւ առաջիկայում որոշ ծրագրերի ես՝ ինքս կօգնեմ, որ տարբեր կազմակերպություններ սկսեն կամ ավելի արդյունավետ իրականացնեն: Այդ մասով ես ակտիվ եմ եւ առաջիկայում ավելի հրապարակային ակտիվ կլինեմ: Բայց այս խնդիրները գլխավորապես պետական մարմինների գործառույթների դաշտում են, եւ պետական ռեսուրսներն էլ ավելի մեծ են, քան հասարակականը: Այդ տեսանկյունից ՀՀ կառավարությունը, ի լրումն ֆինանսական աջակցության ծրագրերի, պետք է շատ արագ՝ մեծ մասշտաբներով լուծի զբաղվածության հարցը։ Առայսօր ես չեմ տեսել, որ զբաղվածության ուղղությամբ ակտիվ ծրագրեր մեկնարկեն կամ ռեսուրսներ ներդրվեն: Քանի դեռ մարդիկ չեն արտագաղթել ՀՀ-ից, պետք է զբաղվածության դաշտում առկա անորոշությունը վերացնել, մարդկանց հնարավորություն տալ՝ իրենց եկամտի հարցը լուծեն, որովհետեւ, վաղ թե ուշ, ակնհայտ է, որ ֆինանսական աջակցության ծրագրերը դադարելու են, եւ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ինքնուրույն իր կարիքները հոգալու։ 44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարությունը կարողանում էր ուղիղ խոսակից լինել սփյուռքի հետ, դոնորներ էինք կարողանում գտնել, ովքեր գումարներ էին ուղղում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում գործող հասարակական կազմակերպություններին, որպեսզի լուծվեն արցախցիների սոցիալական խնդիրները։ Բայց այսօր հասարակական կազմակերպությունները չեն կարողանում գումարներ ստանալ, քանի որ Հայաստանի կառավարությունը թե՛ դրսում, թե՛ ներսում վստահեցնում է, որ ինքը լուծելու է այդ մարդկանց կարիքները՝ ինտեգրելու է։ Բայց տեսնում ենք, որ չկան երկարաժամկետ ծրագրեր, անգամ խնդիրներ կան՝ կարճաժամկետ ծրագրերն իրականացնելու ժամանակ։

- Ձեր կարծիքով, ինչ-որ միտում կա՞ կառավարության մոտ, որ թույլ չտա ՀԿ-ներին՝ զբաղվել այս խնդիրներով, եւ մարդիկ գաղթի ճանապարհն ընտրեն։

- Միանշանակ չեմ կարող նման եզրահանգում անել, այս պահին բավարար տվյալներ չունեմ, որ նման մեղադրանք ներկայացնեմ։ Կարող է պատճառն այն լինել, որ 20 թվականին կառավարությանը մեղադրել են անգործության մեջ, որ չեն կարողանում հարց լուծել` դոնորներն են լուծում եւ այլն, եւ հիմա փորձում են իրենք անել։ Կարող են այլ պատճառներ էլ լինել… Տարբեր վարկածներ կարող ենք քննարկել, օրինակ, որ պոտենցիալ դոնորների զգալի մասն ուղղակի հիասթափված, հուսահատված է եւ այլեւս չի ցանկանում որեւէ լրացուցիչ ներդրում կատարել, այդ թվում՝ նաեւ արցախցիների ու Արցախի համար։ Սա էլ մասնակի ճշմարտություն է... Բայց ես դեռեւս հույս ունեմ, որ սփյուռքից հնարավոր կլինի լուրջ գումարներ ներգրավել` ոչ միայն կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար, այլ նաեւ միջնաժամկետ եւ երկարաժամկետ` Արցախի ժողովրդի կարիքների լուծման առումով, եւ ոչ միայն հումանիտար դաշտում, այլ նաեւ քաղաքական, իրավական եւ այլ ուղղություններում, որտեղ նույնպես կա երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու կարիք։