Մսագործներն ի վիճակի չեն կատարելու օրենքի պահանջը

Մսագործներն ի վիճակի չեն կատարելու օրենքի պահանջը

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կովերի ցրտադիմացկունությունից է խոսում, Շիրակի մարզի անասնապահներն ու մսագործներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Նախօրեին նրանք մեկ մարզպետարան դիմեցին, վրդովված խոսեցին, ասեցին, խնդիրը ներկայացրեցին, մեկ հավաքվեցին եւ որոշեցին կառավարությանը դիմում հղել, բայց, ինչպես իրենք նշեցին, երկրում ամենաթողություն ու անտերություն է, խնդիրներին լուծում տվող չկա։

Բանն այն է, որ մսագործներն ի վիճակի չեն կատարելու նոր օրենքի պահանջը։Օրենքը պահանջում է՝ անասուններին մորթել սպանդանոցներում, իսկ Շիրակի մարզում ընդամենը մեկ սպանդանոց է գործում՝ Հայկաձորինը։ Շուրջ 40-50 կմ ճանապարհ պետք է կտրեն, հասնեն սպանդանոց եւ օրերով հերթ պահեն, մինչև իրենց անասունը մորթվի։Այս ամենին գումարվում է նաև պարեկների գրանցած տույժ-տուգանքը, ովքեր ճանապարհին անակնկալ հայտնվում են, եւ ստուգումներ անցկացնում։ Հետո փաստաթղթեր են լրացնում, արդյունքում պարզվում է՝ 100 հազարավորներով տուգանվել են։

«Ինչըխ հավկիթի ու կաթի շուկան դարձրին մենաշնորհ, էդպես էլ մսի շուկան կուզեն մոնոպոլիա դարձնեն։ Տավարն էնպես բան է, որ մորթում ես, տոկոսային հարաբերություն կա՝ թոքերն ու ջիգյարը, ոտերն ու գլուխը  մեկն է առնում, միսը՝ մեկ ուրիշը, հիմա ստացվում ա՝ պահում ես, աճեցնում, վերջում տալիս ես իրենց։ Պարեկներն էլ դարձել են ՍԱՏՄ-ի աշխատող, մսի որակից ու բանից գլուխ են հանում, բռնում են խեղճ մսագործներին, հազարներով տուգանում են, թե միսդ թարմ չէ, կամ էսքան  ո՞ւր կտանես․․․․»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց շիրակցի ֆերմեր Տիգրան Ավագյանը։

«Արագածավանում սպանդանոց բացվեց, մեկ ամիս առաջ վարչապետն անձամբ էր գնացել՝ տեսնելու։ Սպանդանոցի տերը կըսե՝ պարոն վարչապետ, գյուղացին հեչ մե բանից խաբար չէ, կզանգեն, կերթանք, կբերենք, մորթենք, կուդանք։ Կըսե՝ միսը տանողը կվճարե։ Մարդկանց հիմարացնում են, անվճար․․․․, ի՞նչն է անվճար․․․․․։Տնտեսական ապրանքներ տեղափոխող ավտոմեքենաները ցույց կուդա, վրան ռուսերեն գրված է մուկա՝ ալյուր, կըսե սրանցով կտեղափոխենք, վարչապետն էլ դե էդքան որտեղից հասկընա, մի հատ չի նայում, որ տնտեսական ապրանքներ տեղափոխող մեքնա է, որ  տարբերի։ Էդ մեքենաները պիտի սառնարաններ, օդորակիչներ, նման բաներ ունենան»,-ասաց նա։ 

«Հիմի ես ցուլիկ ունեմ, կանչեմ, թող գան,  ցուլիկներս տանեն, մորթեն,15 տղամարդով, որ էդ ցուլիկները բաց թողնենք, չենք կարա պահենք։ Պիտի ծեծեն էդ ցուլիկներին, որ կարողանան բռնեն, ցուլիկի միսն արդեն ծեծված ու կապտած, առողջ կհամարվի։ Անասունին առաջին օրը չեն մորթում, էդպես է, մի 3 օր էլ սպանդանոցի դուռը պիտի մնան, մի 10 կգ քաշ գցեն։ Էլ մարդիկ անասուն էլ չեն պահում, մտեք գյուղերը, կտեսնեք։ Ամեն գյուղ 2-3 նախիր ուներ, հիմա 50 տոկոսից ավելին անասուն չի պահում։ Էլ ոչ մի բան ձեռնտու չի։ Ասում է՝ կովերին ավտոմոբիլային ճանապարհով անցնելու համար տուգանում ենք՝ 15 հզր դրամ։ Էդ խեղճ գյուղացին որտեղո՞վ տանի՝ վեռտալյոտո՞վ։Սպանդանոցը հորինեցին, իբրև միսն առողջ պիտի շուկա մտնի։ Անասունը պիտի գոմի մեջ առողջ լինի։ Որ  ոչ մի անգամ չեք գալիս, չեք ստուգում, պատվաստում չեք անում, առողջ միս որտեղի՞ց։ Համատարած բրուցելոզ  է, մեկը տարավ սպանդանոց, հերիք է ,ի՞նչըխ կըրնան ապացուցեն, թե ում անասունն էր․․․․»,-ավելացրեց մեր զրուցակիցը։