Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրե՞նք

Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրե՞նք

«Դարեր շարունակ մեռանք ապրելու համար, բայց ոչ մի վայրկյան չապրեցինք մեռնելու համար»... 
Պ. Սեւակ

Այսօր մեր «հանճարեղ» իշխանավորներն ու իրենց աջակիցների անգլուխ գլխաքանակը, ըստ երեւույթին, գտել են ապրելու բանաձեւը` Արցախը տանք ու հանգիստ ապրենք...

Պատմության մեջ չկա եւ ոչ մի օրինակ, որի համաձայն՝ թշնամու ուզածը տալով՝ հանգիստ կյանքի կարժանանաս: Բոլոր ապրող ժողովուրդները քաջ գիտեն այս աղաղակող ճշմարտության մասին: Մեր ժողովուրդը՝ եւս: Սակայն այսօր մեր այս անգլուխ քաղաքական այրերը կանգնել են պատմության սխալ կողմում եւ իրենց հետ էլ քարշ են տալիս իրենց նույնքան անգլուխ զանգվածին՝ առանց մտածելու, որ այդպիսի «հանգիստ կյանքը» միայն հանգստարանում է լինում... Զիջելով մեկը` զիջելու ես մյուսը, եւ այդպես շարունակ, իսկ վերջում էլ` քեզ...

Ցավոք սրտի, կա նաեւ մեկ այլ զանգված, որը, հիասթափված այս խեղկատակների վարած քաղաքականությունից, որոնում է հանգիստ ապրելու իր տարբերակը: Գնանք մի տեղ, որտեղ թուրք չլինի... Մի երրորդն էլ աչք է տնկել Թուրքիայի ընտրություններին. երանի ընտրվի այնպիսի մեկը, որը մեզ հետ գործ չի ունենա... Ողբամ քեզ, այ ժողովուրդ... Էդ ո՞ր դավադիր ձեռքով այս օրն ընկար... Սեփական երկիրն ու սեփական կյանքն անվտանգ դարձնելու համար քեզ ու քո առնական սերնդին մոռանաս եւ հույսդ կապես դրսից եկող ողորմությա՞ն վրա: 

Այսպես չի եղել եւ չի լինելու: Կոռնիձորում հավաքված բազմահազարանոց հայորդիների պատգամը հուշեց մեզ, որ հայկազյան ցեղը մերժելով մերժելու է այս հաշտվողական ու նվաստացուցիչ կյանքը: Ականջալուր պետք է լինել այդ պատգամին: Կոռնիձորի հավաքի այդ քաջարի հայորդիների վճռականությունը տեսան սահմանին կանգնած թուրքերը: Նրանք շատ լավ գիտակցում են, որ այդ ժողովրդի ներկայացուցիչները նրանք չեն, որոնց հետ իրենք բանակցում են, այլ նրանք, ովքեր մի քանի հարյուր կիլոմետր կտրելով՝ եկան ու իրենց դեմ պատնեշող սահմանին գոռացին՝ Արցախ. նրանց դիմաց խաղ չի լինելու: Ուշ կամ շուտ, նրանք գալու են՝ փշրելու այդ արհեստածին սահմանը...
Մնում է հավաքվել, միանալ ու հավատալ սեփական ուժին: Պետք է լարել հնարավորություններն ու առաջ շարժվել: Սեփական հայրենիքի պաշտպան ու վճռակամ ժողովուրդները երբեք մենակ չեն մնում...

Վահան Դարբինյան