Օրենքի առաջ բոլորն են հավասար՝ բացի ՀՀ Գլխավոր դատախազությունից

Օրենքի առաջ բոլորն են հավասար՝ բացի ՀՀ Գլխավոր դատախազությունից

Շուրջ 6 տարի որդու սպանության գործով  դատական ատյանների հետ պայքարի մեջ գտնվող Ռուզան Ադանալյանը, hraparak.am-ին ներկայացնելով  դատարանի որոշումը, ասաց, որ  վերջերս Վերաքննիչ դատարանը բավարարել էր իր բողոքը, սակայն  դատախազության կողմից  չի կատարվում Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման պահանջը:

«2018թ.-ին տեղի ունեցած թավշյա , ոչ բռնի հեղափոխությոնից հետո և մինչ օրս դատական գործընթացներ են սկսվել մի շարք նախկին և ներկայիս պաշտոնյաների վերաբերյալ:Քրեական գործեր են հարուցված և քննության են առնվում այնպիսի անձանց վերաբերյալ,ովքեր  տարբեր բնագավառներում երկրի  թիվ 1 պաշտոնյաներն են համարվել: Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն  իրականացնում են դատարանները: Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ անկախ պաշտոնից , ֆինանսական կարողություններից, պաշտոնատար խնամի-բարեկամ, քավոր–սանիկ ունենալու հանգամանքից: Սակայն արի ու տես,որ Հայաստանի  Հանրապետության գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Արթուր Դավթյանի, այսօր   չի կատարում դատարանի որոշումը»,-նշեց  տիկին Ադանալյանը՝ ավելացնելով. 

«2014 թվականի  հոկտեմբերի 29-ին որդուս՝  25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունում քննության առնված քրեական գործի  նախաքննության ընթացքում  վարույթն իրականացնող  մարմնի կողմից թույլ են տրվել պաշտոնեական հանցագործություններ,որի ընթացքում ՀՀ  նախկին  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը  այդ մասին  բազմիցս տեղեկացված  լինելով՝  որևէ միջոց չի ձեռնարկել: Նա դրանք անտեսելով՝  թույլ է տվել  նախաքննությունն իրականացնել  և ավարտին հասցնել գործի  կանխատեսված ելքով:2018թ.-ին  հաղորդում եմ ներկայցրել քրեական գործով աղաղակող   փաստերի, ապացույցների և այլ  ծանրակշիռ փաստական հանգամանքների առկայության պայմաններում ՝ ՀՀ  նախկին  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից դրանք անտեսելու, չկատարելու  մասին:  Կոնկրետ տվյալ  դեպքում  մեծապես առկա է կոռուպցիոն ռիսկը, քանի որ  պարտակել են որդուս՝ ակնհայտ փաստերով և ապացույցներով հիմնավորված պատվիրված, խմբակային   սպանությունը»:

Ռուզան Ադանալյանի խոսքերով՝ ևս մեկ բողոք էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել՝Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Ա.Պապյանի դեմ: «Նրա անգործության դեմ է  բողոք ներկայացվել: 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  մերժեց բողոքը, որը հետագայում իմ կողմից  բողոքարկվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: 

Վերաքննիչ դատարանը, դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ՝ 2019թ.-ի դեկտեմբերի 24-ին որոշում է կայացրել   բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  որոշումը,բավարարել  է իմ բողոքը և  պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու դիմողի  իրավունքների արձանագրված խախտումները: 

Հաշվի առնելով այն հանգամանքը,որ դատական նիստերին մշտապես մասնակցել է  ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վահե Դոլմազյանը,ով խնդրել է բողոքը մերժել, հետևաբար   կարող եմ ասել,  հենց նրա  կողմից էլ  չի կատարվել Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման պահանջը:

Պիտի ավելացնեմ, որ դատախազի կողմից վերքննիչ դատարանի որոշումը՝  ստացման պահից տասնհինգօրյա ժամկետում չի բողոքարկվել,իսկ դատարանի որոշումը վաղուց մտել է օրինական ուժի մեջ: Ստացվում է, որ այսօր ներկայիս ՀՀ դատախազ Արթուր Դավթյանը արհամարհում է Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ի կատար չածելով այն: Իսկ ՀՀ օրենսդրությամբ սրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված»,-ասաց տիկին Ադանալյանը՝ ավելացնելով. «Հիմա այս ամբողջը ես բարձրաձայնում եմ լրատվամիջոցներով, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավոր է համապատասխան միջոցներ ձեռնարկելու, քանի որ այս կերպ ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում» :