«Գրանդ Քենդիից» 15 մլն հափշտակելու մեջ կասկածվողին խոշտանգում են․ ահազանգում է պաշտպանը

«Գրանդ Քենդիից»  15 մլն հափշտակելու մեջ կասկածվողին խոշտանգում են․ ահազանգում է պաշտպանը

«Գրանդ Քենդի» գործարանում 2021 թվականի դեկտեմբերին 22-ին կողոպուտ էր գրանցվել ։Դիմակավորված անձինք մտել էին գործարանի գանձապահի աշխատասենյակ, հափշտակել գումար և փախել։ Օրերս էլ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ոստիկանությունը հունվարի 18-ին հայտնաբերել է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից մոտ 15 մլն դրամ հափշտակած երկու կասկածյալներին ու ձերբակալել։ Երևանի Շահամիրյանների փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին:  

Հովսեփ Ս․-ի պաշտպանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալին խոշտանգել են։

«Իմ պաշտպանյալին ամսի 8-ին բերման են ենթարկել Շենգավիթի բաժին, դաժանաբար ծեծում են ու բաց են թողնում։ Ծեծում են, ուզում են ցուցմունք կորզել, բայց չի տալիս։ Այնտեղ նաև ինչ-որ հետաքրքիր օպերացիաներ են անում, հեռախոսին ժուչոկ են դնում ու բաց թողնում։ Հետո իմ պաշտպանյալը տանը ինչ խոսում է, ձայնագրում են, բայց ձայնագրում են կոնտեքստից կտրված, իրենց ինչ ձեռք է տալիս, դա թողնում են։ Ամսի 20-ին Հովսեփին նորից են բերման ենթարկում, բայց այս անգամ չեն ծեծում, քանի որ ներսում մեծ աղմուկ է բարձրացած լինում»,- պատմեց Հովսեփ Ս-ի պաշտպան Նարինե Աբելյանը։

«Ես ասում եմ, որ անպայման պետք է խոսել այս մասին, որ բռնության եք ենթարկվել։ Մենք հաղորդում ենք ներկայացնում, բուժքննություն է իրականացվում, որի ժամանակ էլ հայտնաբերվում է, որ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվում։ Երեկ՝ ժամը 4։30-ին լրանում է ձերբակալության 72 ժամը, իսկ կալանքի միջնորդությունը պիտի երեկոյան 10-ին քննվեր, այսինքն մարդը էդ ընթացքում պիտի ազատության մեջ գտնվեր, բայց նման բան չի եղել։ Մենք գնում եմ ՁՊՎ , որ իրեն դիմավորենք, այնտեղ մեզ ասում են, թե իրենց մոտ չի, տարել են Շենգավիթ։ Գնում ենք Շենգավիթ, այնտեղ էլ ասում են, որ իրենց մոտ էլ չի, բաց են թողել։ Հետո մեզ քրեականի պետի տեղակալը, թե հենց պետը, չեմ հիշում հստակ, ասում է, որ Հովսեփին տանում են Գորիս, բայց պարզվում է, որ դա սուտ է ու մեզ ընդամենը փորձել են ապակողմնորոշեն։ Հետո մի կերպ ճշտում ենք, որ իրականում տարել են ԱԱԾ։ Այնտեղ ինչ-որ անիմաստ հարցեր են տալիս ինչ-որ քրեական գործերով, որ տեղի է ունեցել մոտ երեք տարի առաջ։ Ամեն ինչ արվում է, որ այս մարդը ազատության մեջ չլինի։ Հետո նրան բերում են կալանքի նիստին, նա մասնակցում է։ Որոշումը պիտի հրապարակվեր գիշերը 1։30-ին ու մինչ այդ նա կրկին ազատության մեջ պիտի լիներ, բայց չի եղել, շենքից դուրս ենք գալիս, խումբը գալիս է, կանդալում տանում են նորից էս մարդուն։ Տանում են ԱԱԾ, հետո Շենգավիթ։ Երբ կալանքի միջնորդության հրապարակումն է լինում, Հովսեփը արդեն ներկա չի լինում, նրան նորից ինչ-որ կասկածանքով թույլ չեն տալիս ու փաստացի 4։30-ին մինչև 10։30 էս մարդը առևանգված է լինում։ Մենք հաղորդում ենք ներկայացնում անձի անհետ կորելու մասին, բայց մեր պետական մարմինները աշխատանքային շաբաթ- կիրակի են խաղացնում ու չեն ընդունում դիմումները։ Դատախազությունում էլ առհասարակ մարդ չկար, բայց գոնե հերթապահ մաս պետք է լիներ»,- ասաց փաստաբանը։

«Այս մասին հենց այսօր անպայման պիտի բարձրաձայնվի, որովհետև ինձ մոտ իրոք կա հիմնավոր կասկած, որ այս մարդուն խոշտանգում են, ցուցմունք են կորզում։ Երբ տուժողի ցուցմունքին ծանոթանաք, կհասկանաք, որ ինքը լրիվ այլ մարդ է նկարագրում, լրիվ այլ արտաքին տվյալներ ունի։ Հովսեփը կապ չունի այս գործի հետ, ուղղակի այսպիսի մի բան կա քննիչների մոտ։ Մտածում են, որ եթե անձը ունի դատվածություն, ուրեմն ինչքան հանցագործություն կա, ավելի շատ հավանական է, որ հենց նա է արել, քան չի արել։ Ուզում եմ տեղեկացնել, որ երբ ամսի 20-ին հանդիպեցի իմ պաշտպանյալին, վրան գրեթե գույն չկար, սառը քրտինք էր վրան։ Այո, նա ասում է, որ իրեն խոշտանգել են Շենգավիթում։ Արձանագրենք նաև, որ քննիչը անգամ հրաժարվեց բժշկական օգնություն կանչել, ես եմ իմ ձեռքով շտապօգնությունը կանչել»,- հավելեց պաշտպանը։