«Կա օրենք, եւ օրենքը պետք է պահպանվի»
Չկա կառավարության որեւէ նիստ, որը չսկսվի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ինքնագովազդով: Կառավարության հերթական նիստի թեման ոստիկանության պարեկային ծառայությունն էր՝ «մեծարգո պարոն վարչապետը» դիֆերամբներ ձոնեց պարեկային ոստիկանության (ՊՈ) ծառայությանը: Ներկայացրեց գործունեության կիսամյակային ցուցանիշներ, լսողը պետք է բացականչեր՝ դե հա, էլի: Բայց վաթսունն անց տարիքում ես բազմիցս ականատես եմ եղել նման ինքնագովազդների: Եվ, բնականաբար, բացի տուգանքի մատերիալ լինելուց, շարքային քաղաքացուն ոչինչ չտվող այդ թվերի փոխարեն ինձ հետաքրքրեց ընդամենը մեկ դատողություն. այն, որ «կա օրենք, եւ օրենքը պետք է պահպանվի»: Կատարեմ փաշինյանական խոսքի բառացի մեջբերում․ «Ձեւավորվել է օրենքի նկատմամբ հարգանք ձեւավորվելու որոշակի ինստիտուտ»: Եվ որպես ասվածի վկայություն՝ նա հիշատակեց ՊՈ ծառայության ընթացքում բարձր կարգի պաշտոնյաներին եւ կամ նրանց ընտանիքի անդամներին վարչական տուգանքի ենթարկելը:
Այն, ինչը նախկինում երբեք չէր պատահել: Եվ օրինակ բերեց հենց ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տուգանային հրապարակ տանելու եւ նրան տուգանելու դեպքը:
Ու ես մտածեցի. իսկ այն ժամանակ, երբ ինքն օրենքներ էր խախտում, տեղյակ չէ՞ր, որ օրենքը պետք է պահպանվի: Թե՞ այն ժամանակ ուրիշ էր՝ ինքն ընդդիմադիր էր, եւ «խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» ընթացքում օրենք խախտելն անօրինականություն չէր: Լավ, ենթադրենք այդպես է՝ հաղթողին չեն դատում: Իսկ հիմա ինքը վարչապետ է, եւ օրենք պահպանելը մեր պարտականությունն է:
Բայց դա նշանակում է, որ օրենքը պահպանեն ոչ միայն ուրիշները՝ թեկուզ բարձր կարգի պաշտոնյաները, այլեւ հենց ինքը: Եվ այդ դեպքում, երբ արդեն որպես վարչապետ էր օրենքներ խախտում՝ 2018-ի հոկտեմբերին ԱԺ շենքը պաշարելը, 2019-ի մայիսին դատարաններ շրջափակելը, 2020-ի գարնանը զուտ անձնական հարցով հանրաքվե նախաձեռնելը եւ անօրինականորեն այն դադարեցնելը, 2020-ի նոյեմբերին ոչ օրինական ձեւով պատերազմի դադարեցման հայտարարություն ստորագրելը եւ այլն, այն ժամանակ էլ օրենքը կարող էր չպահպանվել, այո՞: Երեւի հենց իր առումով է ասվել եւ գործում «Այն, ինչ թույլատրված է Զեւսին, արգելված է եզին» արտահայտությունը՝ հաշվի առնելով հին հունական իրականության նկատմամբ իր «հեղափոխական» տարվածությունը: Եվ հունական «ագորան» էլ՝ որպես դրա վկայություն:
Փաշինյանը Նիկոլ չէր լինի, եթե կառավարության նիստն էլ չավարտեր ինքնագովազդով: Այն հիմնված էր հայ ժողովրդի մտածողության, նրանում նախկինների կողմից սխալ արժեհամակարգ ձեւավորելու, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով (փաշինյանական ձիուկը (կանյոկը)) դրա դեմն առնելու եւ ժողովրդավարության վրա:
ՀԳ. Վերջում ավելացնեմ, որ վատ չէր լինի, եթե կառավարության անդամներն իմանային, որ կրկնակի դիմելաձեւը՝ «մեծարգո պարոն վարչապետ», հարգանքի նշան չէ: Այն մահմեդական ոճի քծնանքի եւ դրա հետեւանքով ծագած տգիտության դրսեւորում է: Տգիտության դրսեւորում է, քանի որ որեւէ մեկին դիմելու համար հայերենում ընդունված է միայն մեկ դիմելաձեւ՝ կա՛մ «մեծարգո»-ն եւ կա՛մ «պարոն»-ը:
Կարծիքներ