Փաշինյանի կարմիր գորգն ու մարտի մեկի զոհերի արյունը

Փաշինյանի կարմիր գորգն ու մարտի մեկի զոհերի արյունը

Փաշինյանական Հայաստանում շարունակում են արձանագրվել, ինչպես վարչապետն է սիրում ասել՝ աննախադեպ իրողություններ: Գրեթե ամեն օր գիտակից հայ հասարակությունն անակնկալի է գալիս երիտկառավարության պահվածքից ու ոչ ադեկվատ ինքնադրսեւորումներից: Մարտի 1-ին իշխանությունը գնացել էր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելու մարտի մեկի զոհերի հիշատակը: Վարչապետն իր ընտանիքով հուշարձանին մոտեցավ ու հեռացավ, ոչ ավել, ոչ պակաս՝ կարմիր գորգի վրայով… Կարմիր գորգի՝ ինչպես «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ, ինչպես ամանորյա տոնի ժամանակ։ Սուգը եւ կարմիր գորգն անհամատեղելի են։ Թափված արյունն ու կարմիր գորգը՝ խորհրդանշական… Երեւի վարչապետական ընտանիքին՝ Աննային, Մարիամին, Շուշանին ու Արփիին, խիստ դուր է եկել ամանորյա հանդիսությունների ժամանակ իրենց ընտանիքի՝ կարմիր գորգի վրայով ճեմելը՝ որպես քաղաքական «աստղեր», որպես «ազգային հերոսներ»: Բայց եթե դեկտեմբերի 31-ին դա հանրության կողմից ընկալվեց, քանի որ միջոցառումը տոնական էր, զոհերի հիշատակը հարգելիս քայլել կարմիր գորգի վրայո՞վ, որքան էլ ասենք՝ «կե՛ր, խմի՛, քե՛ֆ արա, Նիկո՛լ ջան, աշխարհը խալի է ոտքիդ տակ»…

Երբ լսում ես 2008-ի մարտիմեկյան թեժ իրադարձությունների ժամանակ ընդդիմադիր առաջնորդների հեռախոսազրույցներն ու նրանց հրճվանքը՝ կատարվածի առիթով, ընկալելի է դառնում Փաշինյանի տոնական կարմիր գորգը: Զարմանալիորեն, դա ընկալելի է դարձել նաեւ զոհերի հարազատների կողմից. նրանք սրտաբաց ու ջերմորեն ընդունեցին կարմիր գորգի վրայով իրենց մոտեցող Փաշինյաններին, համբուրվեցին, սելֆի արեցին… իզուր չէ ասված՝ փողը մութ տեղը լույս է տալիս: Իսկ մեծ փողը, ասենք՝ 30 մլն դրամը, մենակ լույս չի տալիս, աչքեր էլ է փակում…

ՀԳ․ Մի զավեշտալի լուսանկար ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. նա ծառ է տնկում, բայց ոտքերի տակ ստվարաթուղթ են դրել, որ նրա իշխանական կոշիկները հանկարծ չհողոտվեն: Սարգսյանն այդ ժամանակ, հավանաբար, չէր զգում, որ ինքը ոչ միայն հողից է կտրված այդ «կարդոնով», այլեւ՝ ժողովրդից… Ժողովուրդը մերժեց հողից կտրված Սերժ Սարգսյանին: Այսօր էլ Փաշինյանը չի զգում, որ իր եւ ժողովրդի միջեւ անջրպետ է առաջանում, որ ինքը կտրվում է իրականությունից, իսկ այդ սահմանը նաեւ կարմիր գորգն է խորհրդանշում։ Բայց այն հասարակությունը, որը նրան բերեց իշխանության, նույն հաջողությամբ էլ կարող է ոտքերի տակից քաշել այդ կարմիր գորգը…