17 տոկոսի համապատասխանության երևույթը

17 տոկոսի համապատասխանության երևույթը

Չորս փուլից բաղկացած ատեստավորման ողջ գործընթացն անցել է ոստիկանության աշխատակիցների մոտ 17 տոկոսը կամ 190 անձ։ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է ոստիկանության 1123 ծառայող: Տվյալները «Sputnik Արմենիա» գործակալությանն է հայտնել  ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը: Կարծում եմ, որ այս նյութը մի քանի օր կգրավի հասարակության ուշադրությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, նախ, ըստ մամուլի հրապարակումների, արևմտյան դրամաշնորհների հաշվին 70 միլիոն դոլար է ծախսվել զուտ պարեկային ծառայության ստեղծման վրա: Երկրորդ, դա տեղի ունեցավ ոչ թե որակական փոփոխությունների եղանակով, այլ ճիշտ այնպես, ինչպես իրականացվում են նիկոլական բոլոր նախաձեռնությունները: Այսինքն, առանց նախնական փորձարկումների և ուսումնասիրությունների: Եվ վերջապես ամենակարևորը՝ ծառայության պահանջներին 1123 հոգուց ընդամենը 17 տոկոսի ամբողջությամբ համապատասխանելը վկայում է համակարգի չկայացվածության մասին: Ես չգիտեմ, թե ինչպես են ընտրվել այդ 1123 հոգին, բայց ենթադրաբար նշված տվյալը (17 տոկոսը) կարող ենք համարել որոշակիորեն ընդհանրական: Որոշակիորեն, քանի որ 4-րդ փուլը՝ հարցազրույցը, նախատեսված էր միայն գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:  

Միաժամանակ ասեմ, որ այդ ցածր ցուցանիշն առաջին հերթին ոչ թե համակարգի խնդիրն է, այլ համակարգի նկատմամբ քաղաքական իշխանության վերաբերմունքի խնդիրը: Իսկ վերաբերմունքը, բնականաբար, պայմանավորված է ընդամենը մեկ անձով: Եվ այդ անձը ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլն է: Որին անհրաժեշտ էր այնպիսի կառույց ստանալը, որը ոչ թե հասարակական կարգն էր պահպանելու, այլ ընդամենը մեկ անձի ու նրա ընտանիքի անդամների անվտանգությունը: Ու այդ նպատակով նիկոլական, այսպես կոչված, բարեփոխումների շրջանակում ծառայության էին ընդունում այնպիսի անձանց, որոնց գլխավոր հատկանիշը ոչ թե ծառայությունն էր պետությանը, այլ վերը նշված մեկ անձին: Ինչն, ի դեպ, հեռու չէր այդ համակարգից. դեռևս նախկինների օրոք էր ոստիկանության ղեկավար կազմից մեկը (գնդապետ Թամամյանը) խոստովանել դա: Այսինքն՝ ոստիկանությունը ծառայում և միշտ ծառայելու է գործող իշխանությանը՝ ով էլ լինի այդ իշխանության գլխին: Կլինի այսպես կոչված «ղարաբաղյան կլանը», թե «ժողովրդավարության բաստիոնի հիմնադիր», երբեմնի «դուխով» Նիկոլը:

10-15 տարի առաջ, որպես մեր կազմակերպության ներկայացուցիչ, մեկ շաբաթով մասնակցել եմ նախկինների օրոք կազմակերպված՝ բնագավառի ուսումնական կառույցների ընդունելության քննությունների դիտարկմանը: Ու ստացել եմ դրական տպավորություն, ինչը նույնիսկ զարմանք էր հարուցել ընդդիմադիր մեր կազմակերպության ներսում: «Թավշյա հեղափոխությունից» հետո փոխանակ նախկին փորձն ուսումնասիրվեր ու դրա հիման վրա առաջընթաց գրանցվեր, այս ոլորտում ևս սկսեցին իրենց զրոյական կետից: Ինչը, ինչպես արդեն գիտենք, հանգեցնոմ է միայն տապալումների: Կարծում եմ, որ 17 տոկոսի համապատասխանության երևույթը զրոյական սկզբով պայմանավորվածի թեթև տարբերակն էր: