Վարչապետը շարքային գործ տվո՞ղ

Վարչապետը շարքային գործ տվո՞ղ

Սա արդեն ոչ թե տգեղ է, այլ՝ այլանդակություն: ՀՀ վարչապետն իր սմարթֆոնում ներբեռնել է գործ տալու հավելվածը և միացել գործ տվողների բանակին: Փաստորեն ՀՀ վարչապետը կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և դրանք ուղարկել ճանապարհային ոստիկանություն՝ ՀՀ քաղաքացուց գումար բռնագանձելու նպատակով: Հետաքրքիր է՝ Ալիևը նման ծրագիր ունի՞ իր հեռախոսում և հասցրե՞լ է, արդյոք, գործ տալ իր ՆԳՆ-ին: ՀՀ վարչապետը, սակայն, դեռ չի հասցրել օգտվել այդ ծրագրից: Այդ մասին նա անամոթաբար հայտարարել է կառավարության նիստի ժամանակ ու դեռ մի բան էլ ծիծաղել. «Ինչի եմ ժպտում, որովհետև, ճիշտն ասած, ես էլ եմ ներբեռնել այդ ծրագիրը, բայց դեռ չեմ հասցրել որևէ մեկի խախտումը նկարել ու ՆԳՆ ուղարկել»: Սովորական տափակություն, էլի…

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ճանապարհային կանոնների խախտմամբ ամենաշատը երթևեկում է ՀՀ վարչապետի ավտոշարասյունը՝ բաղկացած տասնյակ ավտոմեքենաներից: Որքան էլ որ այդ խախտումները չնկարվեն և տուգանքներ չնշանակվեն, միևնույն է, այդ ավտոշարասյան երթուղու լայնքով ու երկայնքով այնքան հայհոյանքներ ու անեծքներ են հնչում, որոնք ոչ մի նույնիսկ ամենամեծ տուգանքով չես չափի: Եվ ինքը, այս ամենը իմանալով հանդերձ, փոխանակ չափավորի իր վարքը, ավելի է լկտիանում: Թե նրա ավտոշարասյան անցնելու պահին ինչ սթրեսի են ենթարկվում ականատես քաղաքացիներն ու երթևեկության մյուս մասնակիցները, ասելու չէ: Մարդիկ արդեն դուրս են վազում պատշգամբներ և միջնամատը տնկում նրա հետևից՝ գնա, գնա, գնալդ լինի՝ գալդ չլինի… Բայց ամեն անգամ վերադառնում է նույն ճանապարհով ու ամեն անգամ ավելի բարձր ոռնոցով ու աղմուկ-աղաղակով: Թե ասա՝ ինչի՞դ վրա ես այդպես լկտիանում:

Շատ կուզենայի իմանալ նաև, թե ավտոշարասյունով տեղաշարժվելիս ինչո՞վ է զբաղվում ՀՀ վարչապետը «ջիպի» հետևի նստարանին: Պարապ-սարապ վեր ընկնելու փոխարեն լավ կաներ սմարթֆոնը հաներ ու ներբեռնած հավելվածի օգնությամբ տեսանկարահաներ ողջ ճանապարը: Այլապես մարդ է գցում ավտոյի տակ ու չի էլ նկատում: Իսկ գուցե, այնուամենայնիվ, Լեո-Պարոնյան խաչմերուկում նրան հաջողվե՞լ է ֆիքսել ավտոշարասյան կողմից մարդասպանության պահը: ՆԳՆ-ն, պարզ է, հույսը ՀՀ վարչապետի նկարածի վրա չէր դնելու, բայց վարչապետի նկարածն, անշուշտ, կփոխեր այդ գործի քննության ողջ ընթացքը:

Կներես, սիրելի ընթերցող, որ ժամանակդ խլեցի այս պարապ հոդվածով: Ուստի ավարտեմ: Մեր կառավարությունն այնքան պարապ է, որ իրադարձություն է համարում վարչապետի կողմից «գործ տալու» հավելվածի ներբեռնումը: Այսինքն՝ չի բացառվում, որ վարչապետն արդեն հասցրել է օգտվել այդ հավելվածից ու բազմաթիվ քաղաքացիների տուգանքի մատերյալ դարձրել: