«Վեց տարեկան աղջիկս ասում է՝ ես կեթամ սպանողին սպանեմ․․․»

«Վեց տարեկան աղջիկս ասում է՝ ես կեթամ սպանողին սպանեմ․․․»

Բանակի մասին քիչ պիտի խոսել, խոսելուց էլ՝ զգույշ։ Պատկերացրեք մարդու սիրտը․ ժողովրդի համար նույնը Բանակն է։ Զգայուն, անչափ զգայուն է  թեման։ Մի կողմում դարան մտած թշնամին, մյուս կողմում Բանակը։ Բայց բաներ կան, որ լռելը ավելի շատ վտանգներ է պարունակում, քան բարձրաձայնելը։ Խոսքս «քողարկված ինքնասպանություններին» է վերաբերվում։ Անգամ «մի մատ երեխան» չի հավատում, որ իր հայրը, հորեղբայրը, եղբայրը, քեռին կարող են իրենց սպանել, չէ՞ որ յուրաքանչյուր զինվոր իրեն սպասող այնքան հարազատ ու սիրելի  աչքեր ունի․․․   

Լսում եմ հունվարի 30-ին բանակում մահացած զինվոր Վահրամ Ավագյանի եղբոր կնոջը՝ Վարդանյան Աստղիկին, ու․․․

Համբերության բաժակը լցվել է։ Տիրություն արեք Բանակին, ձեր սրտին, այլապես ուշ կլինի․ 

Հարսն եմ,  քույրը, ոնց ասեմ՝  իմ ամենափոքր տեգրն է, ես իրա հետ եմ մեծացել, իմ երեխեքը իր հետ են մեծացել, իմ  աղջիկը ընդամենը 6 տարեկան է, ասում է՝ ես կեթամ սպանողին սպանեմ․․․ Ինչու՞ իմ երեխան այդքանը պիտի հասկանա․․․

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Քրեական գործ է հարուցված Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝  «Ինքնասպանության հասցնելը»:  

Հարազատները պնդում են, որ դա   ինքնասպանություն չի եղել։

Վերջին շրջանում Բանակում «ինքնասպանություններ» հաճախակի են լինում։