Հունիսին արտահերթեր կանեն

Հունիսին արտահերթեր կանեն

Անցած տարվա բյուջեի կատարողականը, ինչպես հայտնի է, հունիսի 5-ին պետք է քննարկվի ԱԺ հանձնաժողովներում: Ավանդույթի համաձայն, ներածական խոսքով հանդես են գալիս գործադիրի ղեկավարները, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը վարակված եւ մասնակիորեն ինքնամեկուսացված է, հարցը մնում է օդում կախված: Պատգամավորները երեկ մեզ հետ մասնավոր զրույցներում ասում էին, որ դեռ չգիտեն՝ վարչապետը տեսակապո՞վ կներկայացնի իր խոսքը, թե՞ բաց կթողնի այդ քննարկումը: Նկատենք, որ պատգամավորներին լարված հունիս է սպասվում:

ԱԺ-ն, առանց օրակարգային հարցերը սպառելու, նախօրեին ավարտեց հերթական նստաշրջանը, քանի որ երեկ արտահերթ նիստ էր հրավիրված, իսկ ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ հերթական քառօրյան կարող է տեւել մինչեւ հինգշաբթի: Դեռեւս անցած շաբաթվանից մեկնարկած քառօրյայի օրակարգը կիսատ մնաց, քանի որ հայրենի խորհրդարանականների մոտ ավանդույթ է ձեւավորվել, որ օրակարգից դուրս ելույթներ ունենան, հատկապես՝ իշխանականները շշպռեն ընդդիմադիրներին: Նախատեսվում է, որ հունիս ամսվա ընթացքում մի քանի արտահերթ նիստեր կգումարվեն, քանի որ օրակարգում անհետաձգելի հարցեր կան, ինչպես, օրինակ, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ․ հաղորդումը: