Մայիսին ունենալու ենք իրական գործազրկության մոտ 60 տոկոսանոց աճ 

Մայիսին ունենալու ենք իրական գործազրկության մոտ 60 տոկոսանոց աճ 

Պաշտոնական վիճակագրության մեջ տեսանելի են COVID 19-ի սոցիալական հետեւանքները: Հունիսի 3-ին ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն առցանց բրիֆինգի ժամանակ հրապարակեց տվյալներ, որոնք վկայում են, որ 12 տոկոսով աճել է գործազրկությունը: 2020 թվականի հունվարին գրանցված աշխատողների թիվը, որոնք աշխատավարձ են ստացել եւ եկամտային հարկ վճարել, կազմել է 604 740, փետրվարին՝ 619 001, մարտին՝ 621 544, իսկ ապրիլին՝ արդեն 547 185, այսինքն, 74 հազար 359 մարդ: 

ՊԵԿ-ից պարզաբանում են. «Դա չվճարված աշխատողների թվաքանակն է, սակայն նրանք աշխատանքից ազատված չեն, պարզապես համավարակի պայմաններում նրանք չեն վճարվել»: Սակայն ոչ ոք չի կարող ասել, թե գործատուները հարկադիր պարապուրդի ուղարկվածների կարիքը որքան ժամանակ չեն ունենա: Պետք է նաեւ հաշվի առնել, որ թվերը չեն ներառում աշխատանքի սեւ շուկայի անկումը, եթե կարելի է այդպես ասել: Թե նրանց որ մասն է կորոնավիրուսի տարածումից հետո զրկվել աշխատանքից, հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ այդպիսիք շատ են: Հայաստանում 40 տոկոս ոչ ֆորմալ զբաղվածություն կա՝ չգրանցված աշխատողներ: 
Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը կարծում է, որ սա պարզ մանիպուլյացիա է, եւ իրականում այս 74 հազար 359 հոգին աշխատանքը կորցրածներն են: «Այս աշխատողները հիմա, միանշանակ, չկան: Նրանք, ովքեր գտնվում են հարկադիր արձակուրդում, առանձին են նշվում: Դրանք 31 հազար են, որոնք ապրիլին չեն ստացել իրենց աշխատավարձը: Սրանք չեն մտնում 74 հազարի մեջ: 31 հազարն ունի աշխատանքից ազատման ռիսկ: Եթե սրանց էլ գումարենք չգրանցվածների գործազրկությունը, ապա ստացվում է, որ ՀՀ-ում առկա 220 հազար գործազուրկներին ավելանալու է եւս մոտ 100 հազար գործազուրկ, ինչը չափազանց մեծ թիվ է»,- ամփոփում է Թադեւոս Ավետիսյանը: Ըստ նրա, մայիսին ունենալու ենք իրական գործազրկության շեշտակի՝ մոտ 60 տոկոսանոց աճ: 

Մարտին, երբ հայտարարվում էր, որ ավելացել է գրանցված աշխատողների թիվը, եւ մեծ պաթոսով սա ներկայացվում էր որպես մեծ ձեռքբերում, նա զգուշացնում էր, որ դեռեւս վաղ է խոսել այս մասին, որովհետեւ գործատուները դեռ 1 ամիս ունեն՝ օրենքով աշխատանքից ազատվածներին ծանուցելու համար: «Ահա, ապրիլին մենք տեսնում ենք գրանցված աշխատողների շուրջ 12 տոկոս կրճատում: Կարծում եմ, նման ցուցանիշ ունենալու ենք նաեւ մայիսին»,- հաջորդ կանխատեսումն է անում Ավետիսյանը: Զբաղվածության 12 տոկոսանոց անկումն ուղիղ համեմատական է տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ, որը 2020 թ․ ապրիլին, 2019 թ․ ապրիլի համեմատ, կրճատվել է 17,2 տոկոսով: «Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլին մենք ունենք տնտեսական ակտիվության կրճատում 1,7 տոկոսով՝ նախորդ ամիսների աճը ներառյալ»,- կանխատեսում է Թադեւոս Ավետիսյանը: 

Նա կարծում է, որ միանվագ օգնությունները թոզփչոցի են, քանի որ մարդիկ կորցրել են ոչ թե մեկ, այլ մի քանի ամիսների աշխատավարձը: «Սրա լուծումը պետք է լինի գործազրկության նպաստի վերականգնումը»,- ասում է նա: 

Աշխարհն արդեն զգացել է, թե ինչ ահռելի վտանգ են ներկայացնում սոված մարդիկ կորոնավարակի տարածման համար: «Մեզ վտանգ չի սպառնում այնքանով, որքանով անվտանգության մեջ են ամենախոցելի մարդիկ: Նրանք, ովքեր ի վիճակի չեն ինքնամեկուսանալ կամ բուժում ստանալ, վտանգում են ինչպես իրենց, այնպես էլ այլ մարդկանց կյանքը, եւ եթե մեկ երկիր չի կարող զսպել վարակը, ապա մյուսներն անպայման վարակվելու են՝ նույնիսկ կրկնակի անգամ»,- գրում է Աշխատանքի միջազգային կազմակերպության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Շահրա Ռազավին՝ մարտին հրապարակված հոդվածում: Ըստ  նրա, աշխարհի բնակչության 55%-ը` մոտ 4 միլիարդ մարդ, չի օգտվում սոցիալական պաշտպանության որեւէ ձեւից, քանի որ շատ երկրներ բացերը լրացնելու համար ապավինում են շուկայական լուծումներին, եւ սա վտանգ է ներկայացնում աշխարհի համար:

Ռազավին կարծում է, որ համավարակը դրական կողմ ունի՝ հույսը, որ կառավարությունները ստիպված կլինեն ընդլայնելու առողջապահական ծառայությունների, հիվանդության նպաստների եւ գործազրկությունից պաշտպանության հասանելիությունը: «Ի վերջո, փաստերը ցույց են տալիս, որ նման ծախսերն ավելի մեծ դրական, բազմապատկիչ ազդեցություն ունեն տնտեսության վրա, քան մյուս միջոցները»,- գրում է ԱՄԿ Սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրենը: Նա հետաքրքիր տվյալներ է բերում․ Ավստրալիան, Չինաստանը եւ Պորտուգալիան ընդլայնել են սոցիալական աջակցությունը բնակչության խոցելի խմբերի համար եւ ոչ 1 ամսով, ինչպես արվեց Հայաստանում: Մի շարք կառավարություններ նույնիսկ տնային տնտեսուհիների համար են նպաստներ սահմանել: Ֆրանսիան, Հոնկոնգը, Իռլանդիան եւ Միացյալ Թագավորությունը հիվանդության նպաստներ տրամադրեցին կարանտինում գտնվող կամ ինքնամեկուսացված աշխատողներին: Գերմանիան եւ Նիդերլանդներն առաջարկում են գործազրկության մասնակի նպաստներ նրանց, ում աշխատանքային ժամերը կրճատվել են պահանջարկի կտրուկ անկման պատճառով: Չինաստանը, Ֆրանսիան, Պորտուգալիան, այլ երկրներ ընդլայնել են գործազրկության նպաստի իրավունքը՝ ներառելով այն ձեռնարկությունների աշխատողներին, որոնց կարգադրվել է ժամանակավորապես փակվել: Հայաստանում անգամ հասարակ գործազրկության նպաստ պետությունը չի տրամադրում, որը ժամանակին 18 հազար էր: Ու ոչ մի լուր չկա, թե առաջիկայում գործազրկության նպաստները կվերականգնվեն: