Օկտավիո Պաս. Յոթ բանաստեղծություն

Օկտավիո Պաս. Յոթ բանաստեղծություն

Գնալու եւ մնալու միջեւ

Գնալու եւ մնալու միջեւ է երերում օրը՝
սիրահարված իր պարզությանը։

Շրջանաձեւ երեկոն արդեն ծովածոց է.
մեջը խաղաղ ճոճվում է աշխարհը։

Ամեն ինչ տեսանելի եւ անմեկնելի է,
ամեն ինչ մոտ է եւ անդիպչելի։

Թղթերը, գիրքը, բաժակը, մատիտը
նիրհում են իրենց անվան ստվերում։

Ժամանակը, բաբախելով քունքիս մեջ, 
կրկնում է արյան նույն համառ վանկը։

Լույսն անտարբեր պատը դարձնում է
ստվերների թատրոն։ 

Աչքի կենտրոնում ես ինձ եմ գտնում.
ինձ չի նայում, ինձ նայում եմ իր նայվածքում։

Ցրվում է ակնթարթը։ Առանց շարժվելու
ես մնում եւ գնում եմ. ես դադար եմ։

 

Այստեղ 

Քայլերս այս փողոցում
արձագանքում են
                  ուրիշ փողոցում
որտեղ
                  լսում եմ քայլերս
անցնելով այս փողոցով
որտեղ

Միայն մառախուղն է իրական:

 

Ճշգրտություն

Թե իրական է լամպի
սպիտակ լույսը, իրական է 
ձեռքը, որ գրում է. իրակա՞ն են 
աչքերը, որ գրածին են նայում։

Մի բառից մյուսը,
որ անցնում եմ, ցրվում չքանում է։
Ես գիտեմ, որ ողջ եմ
երկու փակագծի միջեւ։

 

Հպում

Ձեռքերս
բացում են լինելուդ վարագույրները
քեզ հագցնում են ուրիշ մերկությամբ
բացահայտում են մարմնիդ մարմինները
Ձեռքերս
հորինում են ուրիշ մարմին մարմնիդ համար:

 

Որտեղ առանց ում

Չկա
ոչ մի հոգի ծառերի միջեւ
Ու ես
չգիտեմ՝ ուր եմ գնացել

 

Բառե՞ր: Այո՛, օդից...

Բառե՞ր։ Այո՛, օդից
ու օդում կորած։

Թո՛ւյլ տուր, որ կորչեմ բառերի միջեւ,
թո՛ւյլ տուր՝ օդ լինեմ՝ հպված շուրթերին,
անուրվագիծ թափառիկ քամի,
որ օդն է ցրում։

Այդպես եւ լույսն է ինքն իր մեջ կորչում։

 

Ուրիշը

Հորինեց մի դեմք։
Դրա ետեւում
ապրեց, մեռավ ու հազար անգամ
հարություն առավ։

Իր դեմքը 
այդ դեմքից այսօր կնճիռներ ունի:
Իր կնճիռները չունեն դեմք։

 

Թարգմանությունն իսպաներենից՝ Աշոտ ՄԿՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ