Հայաստանի տնտեսական ակտիվությունը դանդաղել է

Հայաստանի տնտեսական ակտիվությունը դանդաղել է

Հայաստանի տնտեսական ակտիվությունն ընթացիկ տարվա հունվար- սեպտեմբեր ամիսներին դանդաղել է, սակայն դեռ շարունակում է մնալ բավականին բարձր, հայտնում է «Sputnik»-ը։ Եթե մայիսին աճի տեմպերը կազմում էին 12 տոկոսից մի փոքր ավելի, ապա ամռան ամիսներին` 10-11 տոկոսի շրջանակներում էին, իսկ սեպտեմբերին նվազել են մինչեւ 9,7 տոկոս՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածների համեմատությամբ։ Դանդաղման հիմնական պատճառը առեւտրի եւ ծառայությունների մատուցման ոլորտներում արձանագրված անկումն է։ Անցյալ տարվա առաջին երեք ամիսներին այս ոլորտներում աճը եղել է 20 տոկոս, ապա սկսել է նվազել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է մեկնարկային տոկոսադրույքը, որով բարձրացրել է վարկերի, այդ թվում նաեւ՝ սպառողական վարկերի գինը, ինչն իր հերթին նվազեցրել է ապրանքների եւ ծառայությունների պահանջարկը։ Նշենք, որ այն հատկապես աճել էր Ռուսաստանից ռելոկանտների հոսքի պատճառով, ստեղծելով ինֆլյացիոն ռիսկեր։ 
Ներկայումս առեւտրի աճը նախկինի նման կազմում է 20 տոկոս, սակայն ծառայությունների մատուցման ոլորտում աճը նվազել է մինչեւ 13,4 տոկոսի, ինֆլյացիան մնում է ցածր՝ 0,1 տոկոսի շրջանակներում։ 
Շարունակվում է արդյունաբերության ոլորտում արձանագրված անկումը։ Եթե 22 թվականին արդյունաբերական սեկտորում աճ է եղել 8 տոկոսի, ապա այս տարվա սկզբին այն չի գերազանցել 1 տոկոսը, իսկ օգոստոսին արդեն կազմել է - 0,1 տոկոս, սեպտեմբերին՝ -0,6 տոկոս։ 
Արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության նվազման ֆոնին պահպանվել են ներկրման եւ արտահանման բարձր տեմպերը, ինչը վկայում է այն մասին, որ ակտիվորեն ընթանում է միջնորդավորված առեւտուրը Ռուսաստանի եւ այլ երրորդ երկրների հետ։ Առաջին եռամսյակում  արտահանումն ավելացել է 2 անգամ, առաջին կիսամյակում՝ 70 տոկոսով, իսկ ահա այս տարվա ինը ամիսների կտրվածքով՝ 50 տոկոսից քիչ է եղել աճը։ Սա նշանակում է, որ Հայաստանը սկսում է զգուշավորություն դրսեւորել արեւմտյան սանկցիաների ռիսկերին չբախվելու համար եւ դա ազդում է ՀՀ տնտեսության տեմպերի վրա։