Հայաստանում Պուտինի ստացած ցուցանիշները զարմանալի չեն

Հայաստանում Պուտինի ստացած ցուցանիշները զարմանալի չեն

ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,01%-ի մշակումից հետո ձայների 87,34%-ով հաղթել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, Լեոնիդ Սլուցկիի՝ 3,19%-ը: ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու համար ընտրատեղամասեր էին գործում նաեւ Գյումրիում (8031) եւ Երեւանում (8026)։ Ըստ պաշտոնական տվյալների, ՌԴ նախագահը Երեւանում ստացել է քվեների 32,87 տոկոսը։ Երեւանում հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ ստանալով քվեների 49,85 տոկոսը, եւ Գյումրիում՝ հավաքելով 48 տոկոս ձայն: 

Նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշում է. «Բացառիկ մասնակցության ցուցանիշ է արձանագրվել, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով, թե Ռուսաստանն այսօր ինչ տեսակ արտաքին քաղաքական մարտահրավերների առաջ է կանգնած: Այն ռուսաստանյան իրականություն է բերել մի քանի երեւույթ, ինչը մենք տեսնում ենք հենց քվեարկության արդյունքներից: Այն առաջին հերթին ներքին դաշտում համախմբվածություն է ստեղծել, որն արտահայտվում է մասնակցության բարձր տոկոսով, Վլադիմիր Պուտինին տրված ձայների քանակով: Նման բարձր տոկոսը խոսում է այն մասին, որ ռուս ժողովուրդը վստահում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինին եւ մեծ հույսեր է կապում նրա հետ: Ինչ վերաբերում է արտերկրում տեղի ունեցած ընտրություններին, ավելի կոնկրետ` Հայաստանին, ապա ոչ մի զարմանալի բան չկա այստեղ: Երեւանում բնակվում են այն ռուսները, ովքեր պարզապես փախուստի են դիմել Ռուսաստանից՝ անհամաձայնություն ունենալով Վլադիմիր Պուտինի եւ նրա վարած քաղաքականության հետ: Պետք է ֆիքսել, որ նրանցից շատերն ունեն էական կախվածություն արեւմտյան ընկերություններից: Նրանցից շատերը, ինչպես Հայաստանում ընդունված է ասել, սորոսականներ են: Սորոսական լինելու համար պարտադիր չէ գրանտ ստանալ Սորոսից, այն կարգավիճակ, մականուն է դարձել, որը բնութագրում է արեւմտյան գաղափարների կրողներին: Արեւմտյան կողմից այս մարդկանց ներգրավվածությունը Հայաստանում խրախուսվել է: Այնուամենայնիվ, պետք է մի բան հասկանալ, որ իրականում Հայաստանում եղած ընտրությունն այն տեսակետների արտահայտումը չէ, ինչն ընդհանուր առմամբ արտահայտում է Ռուսաստանի բազմազգ ժողովուրդը»: 

Իսկ ինչո՞ւ է ռուս ժողովուրդը հիացած Վլադիմիր Պուտինով, չէ՞ որ երկիրը թաղվել է անհեռանկար պատերազմի մեջ, մեծաթիվ զոհեր ունեն, տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում երկրի դեմ, ժողովրդավարական ազատությունները հետնահանջ են ապրել եւ այլն։ «Ռուսաստանի ժողովուրդը տեսնում է իր պետության աշխարհաքաղաքական կշռի մեծացումն ու դիրքերի ամրապնդումը ու չնայած աննախադեպ արեւմտյան ճնշումներին՝ տնտեսական, ֆինանսական եւ ռազմական, պետության ներուժը հնարավորություն է տալիս ռուսներին ոտքի կանգնել եւ իսկապես պետությանը հարիր դիրքերով հանդես գալ՝ աշխարհաքաղաքական այսօրվա դասավորվածության պայմաններում»,- նշում է դեսպանը: 

Իսկ Պուտինի վերընտրվելն առհասարակ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի, մասնավորապես` ՀՀ-ի, եւ Արեւմուտքի վրա։ «Արեւմուտքի վրա այս ամենը կարող է ունենալ ազդեցություն, այնքանով, որքանով իրենք այլեւս մոտ ապագայում ներքաղաքական խժդժություններ փնտրելու պատրվակներ չեն փնտրի Ռուսաստանում, ընտրություններով այդ պրոցեսը որոշակիորեն ավարտվում է: Այն եվրոպական կողմի վրա կարող է ունենալ նաեւ բումերանգի ազդեցություն: Մոտ ապագայում այնտեղ եւս ընտրություններ են սպասվում: Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը ժողովրդի կողմից տրված աներկբա քվեով կօժանդակի այն ուժերին, որոնք հանդես են գալիս ոչ հակամարտային հարաբերությունների ձեւավորման եւ ընդհանուր եվրոպական տան համագործակցային եւ հավասար դիրքերի հիման վրա հարաբերությունների կառուցման օգտին: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այն ազդեցություն կունենա, սակայն մեր իշխանությունների պարագայում չի կարող որեւէ ազդեցություն լինել, քանի որ մեր իշխանությունները շարժվում են արեւմտյան հստակ ցուցումներով, անգամ սեփական երկիրը վտանգելու պարագայում այս իշխանությունները չեն շարժվի Արեւմուտքին հակառակ: Հայ ժողովուրդն ինքը պետք է ազդի ապազգային իշխանության որոշումների վրա»: