«Հրապարակ». Ինչքան ուզում ես զիջիր, ինչքան ուզում ես տուր, խաղաղություն չի լինելու

«Հրապարակ». Ինչքան ուզում ես զիջիր, ինչքան ուզում ես տուր, խաղաղություն չի լինելու

«Հրապարակի» զրուցակիցը հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն է:

- Նիկոլ Փաշինյանն իր օրը նվիրել էր տավուշյան այցերին: Վարչապետը մեծ շքախմբով այցելել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր, զրուցել գյուղապետերի հետ: Ըստ Ձեզ` Փաշինյանն ինչո՞ւ է այցելել Տավուշ, ի՞նչ նպատակով:

- Պաշտոնական ոչինչ չեն ասում, սակայն ակնհայտ է, որ Փաշինյանը գնացել է Տավուշ` մարդկանց համոզելու, որ, այսպես կոչված, անկլավները, իր նշած չորս գյուղերին գումարած մյուս չորս գյուղերը` Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում եւ այլն, պետք է հանձնել Ադրբեջանին: Սկզբում կհանձնի ներքեւի գյուղերը, հետո հերթը վերեւին կհասնի: Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ գնալու հիմնական նպատակը սա է:

- Իսկ մարդկանց ինչպե՞ս կարող է համոզել, որ լքեն իրենց հայրենի հողերը, դուրս գան տներից:

- Սա կենսական խնդիր է: Ոսկեպարի եւ Բաղանիսի դիրքերն իմացող մարդը գիտի, որ մարդկանց այնտեղ ապրելը գրեթե անհնար է դառնալու: 30 տարի այդ հողերն օգտագործվում են, բայց սովետական քարտեզներով այդ տարածքները մխրճվում են մեկը մյուսի մեջ, այդ ամենին գումարած` եթե Վերին Ոսկեպարի հարցը դրվի, այդ տարածաշրջանը ՀՀ մյուս բոլոր մասերից պարզապես կտրվելու է, մարդկանց ապրելն էլ դառնալու է անհնար: Ոսկեպարն ու Բաղանիսը եթե հանձնվեն, իրավիճակը կդառնա այնպես, ինչպես հիմա Կապանում է: Խիստ կասկածում եմ, որ մարդիկ այդ պայմաններում կարող են ապրել: Միայն այդ գյուղերում ապրող մարդիկ չեն կարող իրենց ռեսուրսներով հակադրվել պետությանը: Մարդիկ չպետք է մտածեն, որ այս հարցը միայն տավուշցիների հարցն է, սա ողջ Հայաստանի հարցն է: Չեմ կարծում, թե այսօր մարդիկ ականջները կախ լսել են: Լսում էի բաղանիսցի Գեւորգի հարցազրույցը, մարդը չի պատրաստվում հող զիջել, ասում է` թող Նիկոլն էլ մեզ հետ գա հող պահի, պաշտպանի, իհարկե, դա ասում է հեգնանքով…. Եթե սա ողջ Հայաստանի խնդիրն է, պետք է բոլորը մտածեն:

- Դուք եւ «Մարտական եղբայրության» անդամները վերջին շրջանում հաճախ այցելում եք Տավուշի սահմանամերձ գյուղեր: Ի՞նչն է այդ այցերի հիմնական նպատակը: Ցանկանում եք մարդկանց պարզապես քաջալերե՞լ, թե՞ կոնկրետ նպատակ ունեք՝ Փաշինյանի որոշումների վրա ազդել, մարդկանց մոբիլիզացնել, որ պայքարեն:

- Մենք նրա որոշումների վրա չենք կարող ազդեցություն ունենալ: Անիմաստ է սպասել, որ այս կառավարությունը կարող է որոշում փոխել, չի լինելու նման բան: Որոշում փոխողը լինելու է հայ ժողովուրդը: Սա բոլորիս խնդիրն է: Մեր միջոցառումների նպատակն այն է, որ Վանաձորից, Գյումրիից ու այլ տեղերից մարդիկ գալիս են Տավուշ եւ պատրաստ են Տավուշի համար պայքարել: Հետագան կախված է մարդկանց քանակից ու կազմակերպվածությունից: Առանձին վերցրած, «Մարտական եղբայրությունն» ու մի քանի հարյուր հոգին չեն կարող հարցեր լուծել, բայց եթե սա դառնա կայծ եւ տարածվի, մարդիկ հասկանան գլխավորը, այն է` զիջումների քաղաքականությունը մեզ կործանման է տանում, խիստ սխալ է եւ հայ ժողովրդին չի կարող տանել խաղաղության: Չի լինելու նման բան, ինչքան ուզում ես զիջիր, ինչքան ուզում ես տուր, խաղաղություն չի լինելու, զիջելու ես ու նոր պահանջներ ես ստանալո։ Խնդիրը սա է: Հայ ժողովուրդը պետք է գիտակցի այս պարզ բանը:

- Այսինքն` Ձեր այցերի նպատակը, ինչպես Դուք եք նշում, «կայծ» առաջացնելն է:

- Այս պահին տակտիկական իմաստով դա է նպատակը, պետք է մարդկանց ցույց տալ, որ այս իրողությունը միայն Նոյեմբերյանի խնդիրը չէ, որ միայն ոսկեպարցին չէ, որ մտահոգված է այս ամենով:

- Փաշինյանը տարածքներ զիջելու մեծ վարպետ է դարձել: Այժմ եթե Տավուշի գյուղերը զիջի, ի՞նչ է տեղի ունենալու Իջեւան-Վրաստան միջպետական ճանապարհի հետ:

- Ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բնականաբար, այդ ճանապարհն այլեւս չի կարող օգտագործվել, ինչպես Գորիս-Կապանը: Իհարկե, իրենք կասեն` դե մենք նոր շրջանցիկ ճանապարհ կկառուցենք, ինչպես Գորիս-Կապանում ասացին, ու մինչ օրս չեն կառուցել նորմալ ճանապարհ: Դա իրենց մշտական ուղին է: Բայց անգամ եթե նոր ճանապարհ էլ կառուցեն, դա հարցի լուծում չէ: Դրանք էլ են վտանգի տակ հայտնվում: Նույն Տաթեւի ճանապարհը թուրքի համար կտրելը ժամերի հարց է: Նույնը լինելու է Տավուշում: Վերին Ոսկեպարում հաստատվելուց հետո` մինչեւ Լոռու մարզ անտառներ են, որտեղ չկան բնակավայրեր: Այդ ստրատեգիական կետից դիվերսիոն խումբն առանց մեծ տեխնիկայի կարող է անմիջապես Վանաձոր եւ Դիլիջան իջնել: Այսինքն` խոսքն ահագին մեծ տարածքների մասին է, ոչ թե մի քանի գյուղի: Ահռելի անտառներ են` ստրատեգիկ կետեր:

ՀԳ․ Մենք զրուցել ենք նաեւ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ, ով ասաց, թե վարչապետին իրենք ասել են, որ պետք է սահմանազատում արվի` «եթե սահմանում լիարժեք սահմանազատում չեղավ, գյուղ հանձնող չկա... Մենք 31 գյուղ ունենք էնտեղ, թող դրանք հետ տան... Եթե մենք մեր Բերքաբերի 800 հեկտար հողերը վերցնենք, թող էսօր էլ գան ադրբեջանցիները... Եթե նրանք իրենց գրավածները հետ տան, մենք էլ մերը հետ կտանք»: Եվ բացատրեց. «Մեր հողերը տալու դեպքում մենք ավելի լավ դիրքում ենք լինելու, քան իրենք: Ոնց որ գան ու «կոլցոյի» մեջ մտնեն: Կոթիի ու Բերքաբերի հողերը կմիանան իրար էդ դեպքում: Մենք երազել ենք, որ անցնենք էդ Փայտասարի հետեւը... պրոբլեմ չկա, գլուխները դնելու են ոտքներիս տակ»: Ավելին` համայնքապետն ասում է. «Կռիվ ա ուզում, կռիվ կանենք, առանց որեւէ պրոբլեմի»: