«Հրապարակ». Դավաճանության համար Ռուսաստանը կպատժի իշխանությանը, բայց կտուժի ժողովուրդը

«Հրապարակ». Դավաճանության համար Ռուսաստանը կպատժի իշխանությանը, բայց կտուժի ժողովուրդը

Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ փոթորկված հարաբերությունների ֆոնին, Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ հակամարտության պայմաններում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելել է տարածաշրջան։ Նա արդեն եղել է Բաքվում, ապա մեկնել Վրաստան, այսօր կժամանի Հայաստան։ Մինչ այս Երեւանում են եղել Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղարներ Անդերս Ֆոգ Ռասմուսենը (2012թ․ սեպտեմբերի 6) եւ լորդ Ջորջ Ռոբերթսոնը (2001թ․ մայիսի 14-15), բայց աշխարհաքաղաքական միջավայրն այսօրվա հետ համադրելի չէ։
Ստոլտենբերգի այցը եւս մի վկայություն է, որ ուժային կենտրոնների մրցակցությունը Հարավային Կովկասում սրվում է, եւ առանցքում հենց Հայաստանն է՝ իր խոցելի անվտանգային ռեսուրսով։ Այս այցից օրեր առաջ Փաշինյանը կրկին հայտարարել էր, թե Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ն, քանի որ կազմակերպությունը չի ասում, թե որն է մեր երկրի տարածքը։ ՀՀ իշխանությունների՝ արդեն քրոնիկ դարձած հակաՀԱՊԿ-ական, իրականում՝ հակառուսական հայտարարությունները պաշտոնական Մոսկվան արդեն  վերջնագրային եւ անգամ վիրավորական է որակում։

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է՝ այդ ապաշնորհ հայտարարություններով ՀՀ վարչապետը երկիրը կործանման է տանում, իսկ հայ ժողովրդին մոտեցնում է հայրենիք չունեցող գնչուների ճակատագրին։ Ճիշտ է, ՀԱՊԿ-ն ու նաեւ Ռուսաստանը թույլ են տվել սխալներ, որոնք դժգոհություն են առաջացրել Հայաստանում, բայց այդ հարցերը պետք է դիվանագիտական լեզվով քննարկել,  հակառակը ձեռնտու է մեր թշնամուն։ Այդ հայտարարություններով Փաշինյանն օգնում է  Թուրքիային եւ Ադրբեջանին՝ պատրաստվել նոր ագրեսիայի։ «Ես որպես ռազմական գործիչ եմ ասում․ եթե Փաշինյանը որոշի Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից, Հայաստանն ուղղակի կզրկվի անվտանգությունից։ Ֆրանսիա՞ն է օգնելու, երբե՛ք չհավատաք, Մակրոնն իր հարցերը չի կարողանում լուծել։ Լավ թե վատ, բայց ՀԱՊԿ-ն պաշտպանական վահան է Հայաստանի համար։ Չէ՞ որ եթե Թուրքիան ու Ադրբեջանն իսկապես ներխուժեն Հայաստան, այլ ոչ թե կրակոցներ լինեն, ՀԱՊԿ-ն չի կարող չմիջատել, իսկ եթե Ռուսաստանը հեռացնի 102-րդ ռազմաբազան, 20 րոպե անց թուրքերը Հայաստան կմտնեն։ Ձեր ղեկավարությունը՝ վարչապետը, ԱԳՆ-ն, ԱԽՔ-ն, ՊՆ-ն եւ ԱԺ նախագահը, յուրաքանչյուրը՝ իր հերթին, պետք է երկխոսության նստեն Մոսկվայի հետ, ՀԱՊԿ-ի ղեկավարության հետ, պետք է վերլուծեն, քննարկեն»։ 

Գեներալ լեյտենանտը բացատրում է՝ Հայաստանն ու Բելառուսը Ռուսաստանի համար կարեւոր դաշնակիցներ են, մինչդեռ Արեւմուտքի ձեռքին գործիք դարձած Հայաստանի իշխանությունը նրանց համար ճանապարհ է բացում՝ ընդդեմ Ռուսաստանի, այս չափազանց բարդ, վտանգավոր տարածաշրջանում։ Դա ՆԱՏՕ-ի շահերից է բխում, ինչը, իհարկե, Մոսկվան որպես թշնամանք է ընդունում։ Տեր-Գրիգորյանցն այս գործելաոճը քաղաքական մարմնավաճառություն է անվանում, որից երկիրն ու ժողովուրդն են տուժելու․ «Հասկանո՞ւմ եք, այստեղ որոշ քաղաքական գործիչներ արդեն այդպես են ասում, թե` տեսե՛ք, Հայաստանը հեռանում է, ինչ է, Հայաստանն Ուկրաինա՞ է դառնում, անգլոսաքսերի՞ն է հրավիրելու։ Դուք ի՞նչ եք անում, չե՞ք տեսնում, որ նրանք Ռուսաստանի դեմ պատերազմում են օտար հողում, նո՞ւյնն եք ուզում»։ 

Պատկերացնո՞ւմ է ՀՀ իշխանությունն իր քաղաքականության հետեւանքներն ու այն պատասխանը, որը կարող է ստացվել Մոսկվայից։ Հավանաբար՝ ոչ։ «Դավաճանության համար Ռուսաստանը կպատժի իշխանությանը, բայց կտուժի ժողովուրդը։ Երկիրը շրջափակման մեջ կընկնի, ինչպես եղավ Արցախի հետ, եւ կրկին ոչ ոք չի օգնի, ինչպես Արցախին չօգնեցին։ Արցախահայերը մոտ 150 հազար էին, բայց դուք միլիոններ եք, գիտե՞ք, թե որքան հայ է ապրում Ռուսաստանում, ի՞նչ կլինի նրանց հետ։ Դուք այստեղ՝ Մոսկվա, դեսպան եք ուղարկել, որն ընդհանրապես չի խոսում մեզ հետ, մենք Հայաստանի ներկայիս իշխանության համար որպես թշնամի ենք ընկալվում, եւ ի՞նչ անեն Ռուսաստանում ապրող 3 միլիոն հայերը, երբ Հայաստանում ռուսաֆոբ իշխանություն է։ Մի օր նրանց պարզապես կարող են տուն ուղարկել, եւ կստացվի հարված տնտեսությանը»,-վատագույնն է նկարագրում մեր զրուցակիցն ու հորդորում Փաշինյանին՝ կրակի հետ չխաղալ․ «Եթե Ելցինը լիներ, վաղուց էր բարկացել, Պուտինը դեռ փափուկ է․․․»։ 
Բաքվում Ալիեւի հետ ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել է Հարավային Կովկասում խաղաղությունը, այդ թվում՝ «սեւծովյան տարածաշրջանի եւ անդրատլանտյան անվտանգության համար»։ Ասել է, որ հույս ունեն կայուն խաղաղության հասնել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ։ Ալիեւն էլ պարծեցել է, թե 2020-ի պատերազմով «վերականգնել է տարածքային ամբողջականությունը», իսկ 2023թ․ աշնանը «հակաահաբեկչական» գործողությամբ վերահաստատել է Ադրբեջանի «ինքնիշխանությունը», եւ հիմա «երկիրը պատրաստ է հարեւանի հետ խաղաղություն կնքել»։ Ստոլտենբերգն էլ շնորհակալություն է հայտնել Ալիեւին՝ Ուկրաինային օգնելու համար։

Մարիաննա Ղահրամանյան