Արայիկ Հարությունյան ոմնը ստախոս է, բայց ինձ է մեղադրում ստախոսության մեջ. Սրապիոնյան

Արայիկ Հարությունյան ոմնը ստախոս է, բայց ինձ է մեղադրում ստախոսության մեջ. Սրապիոնյան

Պետք է կրկին մեջբերեմ հայ իմաստուններից մեկի՝ Ջիվանու միտքը, որը գտնում էր , որ հայ ժողովրդին հայ պահող երեք կարեւորագույն գրավական կա՝ հայ գիրը, հայ հավատը և հայոց լեզուն։ Իսկ այսօր ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կա ինտերվենցիա հենց այս երեք կարևորագույն արժեքների հանդեպ։ Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժ Սրապիոնյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ բանասիրական ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանը, «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, «ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԴԻՄՈՐԴ» նախաձեռնության անդամ (ծնող) Մասիս Բաբալյանը, ԿԱՄՔ»-ի համակարգող խորհրդի անդամ, «ՎԵՐԱԴԱՐՁ» մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն ու «ԿԱՄՔ»-ի հիմնադիր Վահագն Չախալյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մամուլի ասուլիս են հրավիրել։

«Քանդում են հայոց դպրոցի հիմքը, այն ավանդները , որ այդ դպրոցը ստեղծել է արդեն շուրջ 200 տարի, քանդում են ամենաանխնա կերպով, վերացնում են կրթության այն ձեռքբերումները, որոնք եղել են թե՛ խորհրդային, թե՛ նախախորհրդային, չվախենանք ասել՝ նույնիսկ հետխորհրդային տարիներին»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

Նա հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, իր խոսքով, ազգադավ գործունեության վերաբերյալ, ինքը արձագանքել է դեռ երկու տարի առաջ՝ 2018 թվականին, երբ բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի ուսուցումը դարձրին կամընտրական։

«Այդ ժամանակ Հարությունյանը իր դամքյաշների հետ հայտարարեց, թե մենք կոռումպացված ենք և հետևում ենք մեր հացի խնդրին, որովհետև հայոց լեզու դասավանդելը մեզ հաց է տալիս, բայց այս մարդը այնքան տեղյակ չէր ոլորտից, որ չգիտեր, որ հայ գրականությունը ոչ միայն ոչ մասնագիտական, այլ նաեւ հումանիտար ֆակուլտետներում բավականին երկար տասնամյակներ արդեն չեն դասավանդում։ Այսինքն, ես՝ գրականագետս, հացի խնդիր բնականաբար չէի հետապնդում»,- ասաց Սրապիոնյանը։

Սրապիոնյանը պնդում է, որ սա կառավարման ծրագիր է, քանի որ երկրի առաջին դեմքը անձամբ է հայտարարում, որ եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս գա Հարությունյանի հրաժարականի պահանջով, այդ հրաժարականը չի լինելու։

«Այստեղ ես արդեն միտումնային գործողություններ եմ տեսնում, քայքայել ազգային անվտանգությունը, խոցելի դարձնել հայն ու հայկականությունը։ Հենց սա է պատճառը , որ առավել գիտակից հայը այսօր միացել և միանալու է այս շարժմանը»,- նշեց դասախոսը։

«Արայիկ Հարությունյան ոմնը, ինքն է ինձ թույլ տվել այսպես արտահայտվել, եթե ինձ համարում է ստախոս և խավարամիտ, պիտի պահանջեմ, որ նա ասի՝ ինչն է իմ ասածների մեջ սուտ։ Ինքը ստախոս է, բայց ինձ մեղադրում է ստախոսության մեջ»,- հավելեց Սրապիոնյանը։