Նիկոլ Փաշինյանը ֆիլմի հայտնի հերոսի կարգավիճակում

Նիկոլ Փաշինյանը ֆիլմի հայտնի հերոսի կարգավիճակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ամիսների և օրերի հայտարարությունները ուսումնասիրելիս գալիս ենք այն եզրակացությանը, որ նրա մոտ գրեթե ամեն ինչ անփոփոխ է։ Նույն հռետորաբանությունն ու տոնայնությունը, նույն մտքերն ու նախադասությունները։ Նա անընդհատ խոսում է կաղապարված նույն ճշմարտությունների մասին ու գրեթե ամեն օր կրկնում ինքն իրեն։ Տպավորություն է, որ պարզունակ կաղապարից այն կողմ այլևս ոչինչ չկա, փաստացի նա սահմանափակվել և ինքն իրեն արգելափակել է անփոփոխ և նույնաբովանդակ օրակարգերով։ 

Ասվածի վառ վկայությունը կառավարության այսօրվա նիստն է, որի ընթացքում վարչապետը նորից ու նորից ահազանգում էր պետական կառավարման համակարգի անգործունյա և անաշխատունակ լինելու մասին։ Եվ այս ամենի մասին նա խոսում է այնպիսի ինքնավստահությամբ, որ կարծես թե, առաջին անգամն է ասում և երբևէ այդ մասին չի էլ ակնարկել։ Տրամաբանական հարց է առաջանում․ ինչո՞ւ է վարչապետը խցանվել բովանդակային նույն տարածությունում, մի՞թե ավելի արդյունավետ չի լինի անընդհատ նույնը կրկնելու փոխարեն խնդրին պատշաճ լուծում տալ և անցնել առաջ։ 

Ամերիկյան մի հայտնի ֆիլմ կա՝ «Groundhog Day»-ը (Արջամկան օրը)։ Սա իհարկե հրաշալի և երբեք չհնացող ֆիլմ է, որը պատմում է մարդկային կյանքի պարզ ու հասարակ դրվագների և իրողությունների մասին։ Իհարկե հիմա չենք պատրաստվում ներկայացնել ֆիլմի սյուժեն՝ հույս ունենալով, որ մեր ընթերցողները անպայման կնայեն այն։ Պարզապես ուզում ենք նկատել, որ վարչապետ Փաշինյանը, կարծես թե, հայտնվել է ֆիլմի գլխավոր հերոս Ֆիլ Քոննորսի կարգավիճակում։ 

Տպավորությունն այնպիսին է, թե Փաշինյանի համար օրերը չեն փոխվում և նա ամենօր վերապրում է նույն օրը, արթնանում նույն տրամադրությամբ, հանդիպում  նույն մարդկանց, հայտնվում է նույն կոնֆլիկտների մեջ և տեսնում այն նույն պատկերները, որոնք եղել են նաև երեկ։ Իսկ «գարունը»՝ որպես փոփոխության խորհդանիշ, այդպես էլ տեղ չի հասնում և նա «ձնաբքի» պատճառով արգելափակված է փոքրիկ տարածությունում՝ իր գործունեությունը պայմանավորելով բանականությունից զրկված ինչ-որ կրծողի տարերային շարժումներով։ 

Միգուցե համեմտատությունն այս այդքան էլ կոռեկտ չէ, բայց հավատացեք, իսկապես այլ տարբերակ չկա վարչապետի գործունեության տրամաբանությունը հասկանալու համար։ Ինչպե՞ս կարելի է երկու տարի շարունակ ամեն օր պատերազմ մղել պայմանական «սևերի» դեմ և չկարողանալ որևէ արդյունքի հասնել, ինչպե՞ս կարելի է իր ենթակայության տակ գտնվող համակարգին մեղադրել հեղափոխությանը դիմադրելու մեջ և չկարողանալ այդ խնդիրը արագորեն կարգավորել, ինչպե՞ս կարելի է խոսել պետական հեղաշրջման և մեծ դավադրության մասին և հաջորդ օրը մոռանալ դրա մասին։ Այսինքն գործ ունենք անփոփոխ նույն իրականության հետ, որտեղ վարչապետն անընդհատ խոսում է նույն խնդիրների մասին և այսպես շարունակ։ Կարծես թե, սա վերջ չունի և չի էլ կարող ունենալ, քանի որ արդեն իսկ կանխատեսելի է, որ Փաշինյանը պետական համակարգի դիմադրության, հեղաշրջման և դավադրության մասին խոսելու է նաև հաջորդ տարի, նաև 2022-ին, 2023-ին և այսպես հավերժ։