Հեղափոխությունը հիշել և մոռանալ ըստ հարմարության

Հեղափոխությունը հիշել և մոռանալ ըստ հարմարության

Ինչպես կանխատեսել էինք, վարչապետ Փաշինյանն իր առջև խնդիր էր դրել հանրաքվեի քարոզչական կամպանիան փոխակերպել պատերազմական դրության, որտեղ բարի հերոսներն ու ազգի նվիրյալները պետք է ոչնչացնեին չար հակահերոսներին և ապազգային տարրերին։ Ցավոք սրտի, սա է արդի Հայաստանի քաղաքական համակարգի իրական կառուցվածքն ու էությունը։ Գաղափարներն ու կոնցեպտները մղվել են երկրորդական պլան, փոխարենը տիրապետող են պարզունակ միֆականությունն ու միֆական մտածողությունը։ 

Բայց բանից պարզվում է, որ վարչապետի քաղաքական հաշվարկը սխալ էր ու չհիմնավորված։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերը հրաժարվեցին Ոչ-ի ճակատ ձևավորել՝ բոյկոտելով գործընթացը։ Ստեղծված իրավիճակն իհարկե ճգնաժամային է և առաջին հերթին հենց հանրաքվեի կողմնակիցների համար։ Փաստացի նրանք զրկվում են մրցակցությունից և հակակշռից, ինչն էլ մարգինալացնում է բուն գործըթնացը։ Ըստ էության գործ ունենք հերոս-հակահերոս դուալիստական կոնցեպցիայի հետ, որի համաձայն հերոսի գոյությունը իմաստավորված է միայն հակահերոսի լինելիությամբ։ Եթե չկա հակահերոս, ապա չի կարող լինել նաև հերոսը։ 

Սա իհարկե լուրջ խնդիր է վարչապետի համար, քանի որ նրա պատկերացրած շարժումը կառուցարկվում է հենց այս դուալիզմի հիմքի վրա։ Եթե հիշում եք, ապա հեղափոխության պարագայում էլ խաղընթացը կազմակերպված էր նույն սցենարով, որտեղ հակադրության կիզակետում նույնպես անձերն էին՝ Փաշինյանն ու Սարգսյանը։ Ի դեպ այս միֆական կոնցեպտի ազդեցությունն այնքան զորեղ էր, որ հեղափոխությունից հետո այն դարձավ Հայաստանի կառավարման համակարգի առաջնային շարժիչ ուժը։ Խնդիրը մեկն է․ մշտապես փնտրել թշնամիներ ու հաղթել նրանց։

Կարծես թե օրեր առաջ որոնողական համակարգը լուրջ արդյունքեր արձանագրեց և նոր թշնամու կարգիվաճում պետք է գործեր Լուսավոր Հայաստանը, բայց, ինչպես վերևում նշեցինք, հաշվարկը սխալ էր։ Էդմոն Մարուքյանը իր քաղաքական թիմի հետ միասին հրաժարվեց մասնակցել քարոզչությանը՝ կանխատեսելով դրա քայքայիչ և մարդակուլ հետևանքները։ Արդյունքում կառավորղ թիմը մեն-մենակ մնաց իր այոյի հետ միասին՝ զրկվելով մրցակցությունից և քաղաքացիներին կոնսոլիդացնելու զորեղ գործիքից։ Այս բարդ իրավիճակում Փաշինյանին մնում է միայն երևակայական հակահերոսներ ստեղծել և ահեղ դատաստանի դատապարտել նրանց։ Ենթադրվում է, որ իմքայլականները շրջելու են գյուղ առ գյուղ և անհաղթ հերոսի կարգավիճակով վերստին հայհոյելու են Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, այսինքն ինքնավստահ դեմքի արտահայտությամբ և միջնադարյան ասպետների խրոխտությամբ նրանք զբաղվելու են դիակապտությամբ։ Այլընտրանք չկա, քանի որ սա է նրանց ինտելետուալ կարողությունն  ու քաղաքական գոյության իմաստը։ 

Մեծ հաշվով այն ինչ կատարվում է արդեն իսկ օրինաչափ է ու կանխատեսելի։ Զարմանալու կամ նոր բացահայում անելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա։ Պարզապես խնդիրն այն է, որ այս բեմականացումը կազմակերպվում է հարկատուների հաշվին, իսկ պետությունն էլ վերստին ներքաշվում է հանրահավաքային խելագար ռեժիմի մեջ։ Փաստացի հետհեղափոխական Հայաստանի առաջին հնգամյակը արդեն իսկ կարելի է կորսված համարել, քանի որ իշխանությունը արժեքաստեղծման փոխարեն զբաղված է միֆաստեղծման պարզունակ ձեռնարկներով։ 

Վերջում միայն ավելացնենք, որ պետության ռեսուրսներից զատ, Նիկոլ Փաշինյանը վատնում է նաև իր քաղաքական թիմի և հեղափոխության ռեսուրսները։ Մի՞թե արժեր հանուն մեկ մարդու ամբողջ հանրապետությունը խառնել իրար և հանուն այդ մարդաորսի կրակել իշխանության ամենակարևոր փամփուշտներից մեկը։ Իսկ փամփուշտների թիվը խիստ սահմանափակ է։ 

Որքան էլ ժողովուրդը իշխանական քարոզիչների կողմից անգրագետ և անդեմ  պողոսների բազմություն դիտարկվի, միևնույն է, մարդիկ հիմար չեն։ Նրանք հասկանում են, որ երբեմնի հեղափոխական շարժումը փոխակերպվել է կոնֆորմիզմի շահարկման գործիքի։ Իմքայլականները դրա մասին հիշում և մոռանում են միայն ժամանակ, երբ իրենց հարմար է։ Գյուղացիների կյանքում դրական փոփոխությունների պարագայում հեղափոխության մասին բոլորը մոռանում են, իսկ երբ քաղաքացիների օգնության կարիքն են զգում, ուրեմն հեղափոխությունը չի ավարտվել և շարունակվում է։