Նախազգուշացրել է զանգվածային սովի սպառնալիքի մասին 

Նախազգուշացրել է զանգվածային սովի սպառնալիքի մասին 

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է, որ աշխարհը կանգնած է զանգվածային սովի սպառնալիքի առաջ եւ աշխարհի տարբեր շրջաններում կարող է սկսվել բնակչության մասսայական սովարահարություն՝ Ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Այս մասին նա հայտարարել է Շտուտգարտում ունեցած ելույթի ընթացքում։ «Աշխարհի բազմաթիվ շրջանների սպառնում է սովահարությունն ու մահը, որոնք կարող են պատուհասել առաջիկա ամիսներին։ Խոսքն հատկապես Արեւելյան եւ Հարավային Աֆրիկյան ռեգիոնների մասին է»,- մասնավորապես ասել է նախագահ Շտայնմայերը։

Նա շեշտել է, որ Ուկրաինական հակամարտությունը լրջագույն հարված է եղել պետությունների համար, որոնք դեռեւս ուշքի չէին եկել կորոնավիրուսային պանդեմիայի բերած տնտեսական վնասներից։ Գերմանիայի նախագահն ընդգծել է, որ հատկապես սովահարության հավանականությունը այն շրջանների համար է իրատեսական սպառնալիք, որտեղ կլիմայական ճգնաժամի պատճառով հողը չորանում է եւ դառնում անբերրի։ Սրա հետ մեկտեղ, քանի որ ուկրաինական նավահանգիստներում միլիոնավոր տոննաներ ցորեն կա արգելափակված, աշխարհում ցորենի գինը կտրուկ բարձրացել է։ Շտայնմայերը կոչ է արել Ռուսաստանին հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու դուրս բերել իր զորքերն այդ երկրի տարածքից։