Ես անտարբեր մարդ չեմ

Ես անտարբեր մարդ չեմ

Հարգելի տիկին Օհանյան, «Հրապարակ» թերթի 18.05.2022-ի համարում «Պոֆիգիստների բանակը» հոդվածում խոսել էիք անտարբեր ու անհաղորդ մարդկանց մասին, որոնք դժգոհ են ամեն ինչից եւ գտնում են, որ անիմաստ է ցանկացած պայքար։ Ես այդ մարդկանցից չեմ։ 20 տարուց ավելի պայքարում եմ իմ հոդվածներով, թարգմանություններով (անվճար), բարձրագույն ղեկավարներին արված լուրջ առաջարկներով։ Ցավոք, իմ ակտիվ գործունեության համար ես ոչ մի ձեւով չեմ տարբերվել ոչ ակտիվ մարդկանցից։ Երբեմն եղել են մարդիկ, որ դրական արտահայտվել են։ Ցավոք, թերթերի էջերը (վերջին շրջանում 1996-ից հետո) «բաց» չեն ակտիվ քաղաքացու համար։ Կարծես ամեն ինչ «ցուցակով» լինի եւ առաջին հերթին ու հիմնականում՝ երեւանցիների համար։ Բոլորն էլ լավ գրում են (գլխավոր խմբագիրները), բայց գործում «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» չհուսադրող կարգախոսով։

Թող վիրավորական չհնչի, իմ պատկերացմամբ՝ ժողովրդավարության իմաստն այն է, որ ժողովուրդն անընդհատ (ոչ թե միայն ընտրությունների ժամանակ) պետք է կարողանա մասնակցել երկրի կառավարման գործընթացներին, ունենա հնարավորություն՝ իր խնդիրների մասին խոսելու։ Օրինակ, եթե խնդիր ունի շարքային քաղաքացին, քանի՞ դուռ պետք է բացի, մինչեւ հանդիպի որեւէ նախարարի հետ։ Կամ՝ ինչո՞ւ փակեցին քաղաքապետարանի դռները։ Կար ժամանակ, որ հանգիստ կարող էիր մտնել քաղաքապետարան եւ այս կամ այն բաժնում քեզ մտահոգող հարցերի մասին խոսել։ Այսօր պետք է «ներքեւից» զանգահարես․․․ հանուն արդարության պետք է ասեմ, որ դա ներկա իշխանության ժամանակ չեղավ (փակելը), այլ նախկինների ժամանակ սկսվեց եւ այդպես էլ մնաց։

Ասում եք՝ ապակենտրոնացում, բայց ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում։ Ընտրությունից ընտրություն մարզերի բնակչությանն «ակտիվացնում» են, հետո նորից՝ նույն վիճակը։ Հետո էլ բողոքում են (քաղաքական գործիչները), թե ինչու մարզերի բնակիչներն ակտիվ չեն։
Երկրում տեղի ունեցող գործընթացների մասին ասեմ. ոչ բռնի ճանապարհով իշխանությունը պահելն է ճիշտ, ոչ բռնի ձեւով իշխանություն ունենալը, պետք է երկխոսության ճանապարհով գտնել ոսկե միջինը։ Վտանգավոր է այս վիճակը…

Գիտեք, ինձ բոլորից շատ անհանգստացնում է մարդկանց երեսներին մտահոգության պակասը։ Չգիտեմ՝ օդից է, ջրից, սննդից․․․։ Ճիշտ է, այսօր հարաբերական անդորր է տարածաշրջանում, բայց ամեն րոպե այն կարող է փոխվել։ Դրա համար ներսում մենք մեր հարցերը պետք է կարողանանք շուտ լուծել եւ պատրաստ լինել՝ դիմագրավելու արտաքին մարտահրավերներին։ Շատ կուզեի սխալված լինել, բայց գտնում եմ, որ մեր դժվարին օրերը դեռ առջեւում են։

Խաչատուր Դանղյան
Տնտեսագետ
Ք. Էջմիածին