Օգնել Կիևին՝ բռնագրավելով ՌԴ-ի ակտիվները․ ԵՄ գագաթնաժողովի արդյունքները
Այսօր Բրյուսելում մեկնարկած ԵՄ գագաթնաժողովը պաշտպանել է Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու նպատակով միջազգային մեխանիզմ ստեղծելու գաղափարը՝ հետագա փոխհատուցումների և երկրի վերականգնման ֆինանսավորման համար՝ ռուսական ակտիվների բռնագրավման միջոցով:
Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Եվրամիության 27 երկրների ու կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված հայտարարության մեջ։
«Գործընկերների հետ միասին ԵՄ-ն կշարունակի աշխատել Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման ուղղությամբ՝ Ուկրաինայի վերակառուցման և ԵՄ նորմերին ու միջազգային օրենքներին համապատասխան փոխհատուցումների նպատակով»,- նշվում է փաստաթղթում։
Բացի այդ, ԵՄ գագաթնաժողովում հաստատվել է Ուկրաինային 1 միլիոն արկ, ինչպես նաև «ցամաք-ցամաք» հրթիռներ տրամադրելու խոստումը, եթե նման հարցով դիմի Ուկրաինան։
ԵՄ առաջնորդները խոստացել են շարունակել «ըստ անհրաժեշտության» Ուկրաինային տրամադրել բոլոր տեսակի օգնությունները, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և ռազմական։ ԵՄ-ն նաև խոստացել է աջակցել ուկրաինական բարեփոխումների գործընթացին, որն անհրաժեշտ է ԵՄ համայնքին միանալու համար:
Միևնույն ժամանակ, ԵՄ առաջնորդները «դատապարտել են Իրանի և Բելառուսի կողմից Ռուսաստանին ցուցաբերված շարունակական ռազմական աջակցությունը» և կոչ են արել բոլոր երկրներին «Ռուսաստանին նյութական կամ որևէ այլ օգնություն չտրամադրել»։
ԵՄ գագաթնաժողովը հանդես է եկել նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օգտին։
«ԵՄ-ն հավատարիմ է մնում Ռուսաստանի վրա հավաքական ճնշումը պահպանելուն և մեծացնելուն, այդ թվում՝ նոր սահմանափակող միջոցների միջոցով, ինչպես նաև գործընկերների հետ համատեղ նավթի գնի առաստաղի վրա աշխատելը», - ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ