Արարատ Միրզոյանը հայկական կողմի առաջարկներից է նշել

Արարատ Միրզոյանը հայկական կողմի առաջարկներից է նշել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորև.

Հարց. Ի՞նչ բնույթ ունեն Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունները: Ի՞նչ սպասելիքներ կան հայ-եգիպտական համագործակցության հետագա զարգացումից։

Պատասխան. Երկու երկրների հարաբերությունները, իհարկե, հիմնված են հայ և եգիպտացի ժողովուրդների միջև պատմականորեն բարեկամական կապերի վրա։ Մեր հայրենակիցները միջնադարից սկսած նշանակալի դեր են խաղացել Եգիպտոսի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, փրկվելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, հայերը ապահով ապաստան ստացան արաբական երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում, որտեղ նրանք նոր տուն գտան։ Այս վերաբերմունքը հայերը երբեք չեն մոռանա: Եվ ես հպարտությամբ կարող եմ նշել, որ Կահիրե կատարած իմ վերջին այցի ընթացքում Եգիպտոսի և՛ քաղաքական գործիչները, և՛ կրոնական առաջնորդները ևս մեկ անգամ ընդգծեցին հայ համայնքի մեծ ներդրումը Եգիպտոսի առաջընթացի և զարգացման գործում։

Հիմնելով այս կապերի վրա՝ երկու երկրները պատրաստակամություն և հանձնառություն են ցուցաբերում պետական մակարդակով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր, Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ զարգացել են սերտ հարաբերություններ, որոնք մշտապես աճում և ընդլայնվում են։

Այս տարին շատ նշանակալից է եղել երկկողմ հարաբերությունների համար և մասնավորապես քաղաքական երկխոսության տեսանկյունից՝ սկսելով հունվարին նախագահ Էլ-Սիսիի Հայաստան կատարած պատմական այցից։ Ավելի վաղ, անցյալ տարի Հայաստանի նախագահը այցելել էր Եգիպտոս՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին, իսկ մարտի 8-ին, ինչպես գիտեք, Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարների մակարդակով նիստի շրջանակներում ես հնարավորություն ունեցա քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր իմ գործընկեր նախարար Սամեհ Շուքրիի հետ։

Առկա է երկուստեք պատրաստակամություն առավել խորացնելու մեր համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Առաջիկա ամիսներին գործարար համաժողովին զուգահեռ նախատեսվում է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը, և հուսով ենք, որ այն կունենա շոշափելի արդյունքներ։ Փետրվարին Կահիրեում արդեն իսկ կազմակերպվել է գործարար համաժողով հայկական և եգիպտական զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների միջև, հաջորդը նախատեսվում է անցկացնել Երևանում։ Մենք համոզված ենք, որ Եգիպտոսի հետ կա չօգտագործված հսկայական ներուժ, որը մենք պետք է ուսումնասիրենք և հաստատկամորեն իրացնենք:

Հարց. Ի՞նչ կասեք արաբական աշխարհի հետ քաղաքական համագործակցության մասին:

Պատասխան. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի հետ իր հարաբերություններին՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, պատմամշակութային կապերով, արաբական երկրներում հայկական մեծ համայնքների առկայությամբ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներով։ Արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները միշտ հիմնված են եղել փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության վրա։ Դրա լավ դրսևորումն էր, ինչպես վերը նշեցի իմ մասնակցությունն ու ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստում։ Դա առաջին անգամն էր, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ ունեցավ Արաբական լիգայի նախարարական նստաշրջանում։ Կազմակերպության շրջանակներում որոշումն ընդունվել է անդամ բոլոր երկրների կոնսենսուսով, ինչն արդեն վկայում է Հայաստանի և Արաբական լիգայի բոլոր անդամների միջև քաղաքական որոշակի փոխըմբռնման մասին։

Հայաստանն մեծապես հանձնառու է բոլոր արաբական պետությունների հետ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մենք տեսնում ենք համանման մոտեցում նաև մեր գործընկերների կողմից և կարծում ենք, որ այդ ճանապարհին լուրջ խոչընդոտներ չկան։ Մեզ համար կարևոր է բարեկամ արաբ երկրների հետ լիարժեք փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները, և պետք է թույլ չտալ, որ երրորդ երկրների կողմից շահարկումները ստվերեն այդ դարավոր հարաբերությունները։

Հարց. Ի՞նչ ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա:

Պատասխան. Ուկրաինայում տիրող իրավիճակը հստակորեն ի ցույց է դնում Եվրոպայում անվտանգության ճարտարապետության թուլացումը: Եվ ես կարծում եմ, որ առաջին անգամ դա պարզ դարձավ 2020 թվականին, երբ շատերն անտարբերության մատնեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու փաստը, որով փորձ էր արվում հակամարտությունը լուծել ուժի միջոցով։ Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերսվում է ամբողջ աշխարհը։

Ավելին, 2022թ. փետրվարից, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում։ Դրա ամենավառ օրինակը նախորդ տարվա սեպտեմբերին էր, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ: Ես կարծում եմ, որ որոշակի կանոններ, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պետք է պահպանվեն բոլորի կողմից։

Հարց. Ի՞նչ կարող եք ասել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի հետ երկխոսության ակտիվացման վերաբերյալ Հայաստանի պատրաստակամության մասին: Ի՞նչ հարցեր են քննարկվում այս ուղղությամբ:

Պատասխան. 2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում: Առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը:

Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով:

Անդրադառնալով պայմանագրին՝ պետք է նշեմ, որ որ սկսած 2022թ. դեկտեմբերից մենք փոխանակել ենք պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու ամար:

Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ մեր կարծիքով առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:

Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտնագության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:

Անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:

Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին: Վերջերս, մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետևեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակում, որի հետևանքով սպանվեցին Լեռանային Ղարաբաղի ոստիականության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաև ուժի կիրառմանը շարունակական ապավինումը:

Այս գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստաված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը: Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: 2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջև: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Հարց. Ձեր կարծիքով, ո՞րն է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հնարավոր լուծումը։

Պատասխան. Նախ և առաջ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

Կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ցավալի է, որ դատարաի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել։

Ավելին, ուզում եմ ընդգծել, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան, որի մասին արդեն նշեցի, ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։

Ստեղծված պայմաններում ես կցանկանայի ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը։

Հարց. Արդյո՞ք կա որևէ երկխոսություն կամ միջազգային ներգրավածություն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ:

Պատասխան. Գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ: Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ: Ձմռան ցուրտ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել և շարունակում են խաթարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական ​​հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների և բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության և գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը։

Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար: