Իսրայել-ՀԱՄԱՍ բախումը հնարավոր է՝ ամիսներ տեւի

Իսրայել-ՀԱՄԱՍ բախումը հնարավոր է՝ ամիսներ տեւի

«Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության՝ Հարավային Կովկաս հասնելու հավանականություն գրեթե չկա»,- ասում է ուկրաինահայ քաղաքագետ Օլեհ Սահակյանը։ Մերձավոր Արեւելքի այս կոնֆլիկտը խրոնիկ բնույթ է կրում եւ զարմանալի չէ։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմն ու իսրայելա-համասական բախումները համեմատելուն, ապա եվրոպացիների համար դրանք լրիվ տարբեր հարթություններ են։ Միգրացիոն եւ այլ ռիսկերը նույնպես համեմատելի չեն։ Այս կոնֆլիկտների տարբերություններից մեկն այն է, որ մի դեպքում ագրեսորն իր զոհից մի քանի անգամ փոքր ռեսուրսների է տիրապետում եւ շատ ավելի թույլ է, մյուս դեպքում հակառակն է. ռուս-ուկրաինականի դեպքում ագրեսորը՝ Ռուսաստանը, հարձակվել է իրենից մի քանի անգամ փոքր ու թույլ Ուկրաինայի վրա՝ նշում է քաղաքագետը։ «Եթե խոսենք Իսրայել-ՀԱՄԱՍ ռազմական բախումների մասին, ապա հավանական է, որ դա ամիսներ տեւի, ավելի երկար շարունակվելու դեպքում դե ֆակտո օկուպացիայի եւ սեկտոր Գազան մի քանի զոնաների բաժանելու ու դրանք ամբողջությամբ Իսրայելի վերահսկողության տակ պահելու դեպքում է հնարավոր։ Դա երկար տեւող հակամարտություն է, սակայն այն պասիվ ինտենսիվություն կունենա եւ ավելի շատ հակահաբեկչական օպերացիայի տեսքով կլինի, քան թե պատերազմի։ Իսկ պատերազմական ակտիվ ֆազան կարող է ձգվել 2 շաբաթից մինչեւ մի քանի ամիս․ ամեն ինչ կախված է նրանից, թե Իսրայելն ինչ տակտիկա կորոշի որդեգրել»,- ասաց Սահակյանը։

Նրա կարծիքով՝ Իսրայելը նախ ավարտին կհասցնի ռազմական օպերացիաներն իր երկրի տարածքում, հետո Գազան շրջափակման մեջ կվերցվի, ինչից հետո ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները կոչնչացվեն, եւ Գազայի բնակչությանը կստիպեն տապալել ՀԱՄԱՍ-ի իշխանությունը։

«Իսրայելը կփորձի ՀԱՄԱՍ-ին տապալել հենց իր հողում, սակայն խուսափելով լայնամասշտաբ ցամաքային օպերացիա իրականացնելու անհրաժեշտությունից՝ Գազայի ներսում, միայն որպես առանձին օպերացիաներ: Եվ միայն բլոկադայի ենթարկելուց հետո։ Իսկ եթե հիմա առանց այս սցենարի Իսրայելը գործի, ապա դա մեծացնում է կոնֆլիկտի մեջ «Հեզբոլլահի» եւ այլ իսլամիստական կազմակերպությունների ներգրավումը։ Դա նաեւ մեծացնելու է իսրայելական բանակի շրջանում զոհերի քանակը, քանի որ Գազան ամենախիտ բնակեցված եւ ուրբանիզացված մարզն է աշխարհում, ինչը ցամաքային զորքերով օպերացիան ինքնին չափազանց բարդ է դարձնում։ Կարեւոր է հաշվի առնել նաեւ այն, որ այնտեղ գրունտի որակն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս կառուցել, այսպես կոչված, «պաղեստինյան մետրո», որը ստորգետնյա թունելների ցանց է, որի միջոցով Գազայի ներսում զենքի տեղափոխում ու մատակարարում, կենդանի ուժի տեղափոխում է իրականացվում։ Սա եւս լուրջ խնդիր է, ինչը ցամաքային օպերացիայի դեպքում արյունալի բախման կվերածի՝ չեմ խոսում մարդկային սարսափելի ու մասսայական զոհերի մասին, ինչը չի կարող դիվանագիտական ու քաղաքական շրջանակների կողմից Իսրայելի դեմ չաշխատել»,- նշում է Օլեհ Սահակյանը։