«Հրապարակ». Նման գեստապոյական քայլեր մենք չենք արել

«Հրապարակ». Նման գեստապոյական քայլեր մենք չենք արել

Նախօրեին ԱԺ-ում հերթական խայտառակ դեպքը տեղի ունեցավ: Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին արգելեցին քաղաքական ակցիա իրականացնել, սակայն եւ բռնի ուժով ամբիոնից հեռացրեցին: Երբեմնի «դեմոկրատ» իշխանությունները փաստացի արդեն «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ընդդիմադիրներին անգամ քաղաքական ակցիաներ անել չեն թույլատրում: Նկատենք, որ Թագուհի Թովմասյանն ամենամեղմ ընդդիմադիրներից է՝ իշխանությունների հետ համագործակցության հակված: Պատգամավոր, ում անգամ շատ հաճախ անվանում են կիսաընդդիմադիր, սակայն արի ու տես, որ անգամ կիսաընդդիմադիր պատգամավորի քննադատություններն ու պահվածքն են օրվա իշխանությունները հիվանդագին ընդունում: Մինչդեռ մենք լավ ենք հիշում, թե ինչպես էին Նիկոլ Փաշինյանը եւ նրա «Ելքի» մյուս անդամներն օգտագործում ե՛ւ ԱԺ ամբիոնը, ե՛ւ քաղաքական ակցիաներ անում, ե՛ւ դաժան քննադատության ենթարկում իշխանություններին՝ նրանց մեղադրելով համաշխարհային բոլոր մեղքերի մեջ։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալին, ասաց. «2018 թվականին Ազգային ժողովում Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն ակցիա իրականացրին, ԱԺ-ն ամբողջությամբ գունավոր ծխի մեջ էր, սակայն նրանց ԱԺ դահլիճից որեւէ մեկը չհեռացրեց, որեւէ մեկն անվտանգության աշխատակիցներին ներս չհրավիրեց, որովհետեւ գոյություն ուներ ԱԺ կանոնակարգ: Տարբերություններն ակնհայտ են, նախկինում ամեն ինչ լավ էր, ժողովրդավարությունն այն ժամանակ էր: Գոյություն ունի ԱԺ կանոնակարգ, որտեղ անգամ գրված է, թե նիստերի ժամանակ ովքեր կարող են ներկա լինել»,- նշեց նա։

Հարցին, թե ինչու ՀՀԿ-ականներն այն ժամանակ կոշտ մեթոդներ չէին կիրառում եւ անվտանգության աշխատակիցների միջոցով Լենա Նազարյանին ու Արարատ Միրզոյանին դահլիճից դուրս չհրավիրեցին, Սահակյանն ասաց. «ՀՀԿ-ն չէր կարող անտեսել ԱԺ կանոնակարգը: ԱԺ ամբիոնը քաղաքական թիվ մեկ հարթակն է, որտեղ քաղաքական գործիչը կարող է եւ անհրաժեշտ է, որ քաղաքական ելույթներով հանդես գա: Պատգամավորին խոսքի իրավունքից զրկելն ուղղակի աննորմալ մի երեւույթ է: Այսկերպ ոտնահարվում եւ բռնաբարվում է ժողովրդավարությունը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ազգային ժողովում, անընդունելի է: Աշխարհի բոլոր երկրների ազգային ժողովներում էլ, այո, լինում են տարատեսակ միջադեպեր, սակայն չեմ կարող գեթ մեկ օրինակ բերել, որ պատգամավորին իրեն հասանելիք ելույթից զրկեն՝ իշխանությանը քննադատելու համար: Քաշքշելով, ճղելով, անարգելով պատգամավորի իրավունքներն ԱԺ դահլիճից դուրս հանելն աննախադեպ երեւույթ է: Երկակի ստանդարտներ են այսօր Հայաստանում գործում: Պատգամավորներին են զրկում անձեռնմխելիությունից: Սա մտահոգվելու լուրջ առիթ է եւ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կառույցներն ու իրավապաշտպանները լռում են: Բոլոր միջազգային կառույցներն ինձ համար փողով շահի սազանդարներ են, նրանցից ոչ մեկը չի մտածում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին: Փաստացի նրանք շահի ուղղությունն առաջ տանող մարդիկ են եւ չեն մտահոգվում Հայաստանում տիրող իրավիճակով: Ազգային ժողովը խոսելու, մտահոգվելու վայր է: Էլ որտե՞ղ խոսել, եթե ոչ Ազգային ժողովում: Իշխանություններն այնքան զսպվածություն պետք է ունենան, որ քննադատություններին դիմանան, մեր ժամանակ էլ մեզ են տարբեր բաներ ասել, սակայն նման գեստապոյական քայլեր չենք արել: Ուժայինները երբեք չեն միջամտել առաջներում: Որպես իրավաբան՝ ես խոր մտահոգություն ունեմ, քանզի մենք այսօր իրավական պետությունից կիլոմետրերով հեռու ենք»: