Նախկին «բանանային արքայի» ոդիսականը

Նախկին «բանանային արքայի» ոդիսականը

Նախորդ շաբաթ ռուսական լրատվականները հայտնեցին, որ ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ, Ազգային ժողովի նախկին հանրապետական պատգամավոր, բանանի ներկրման գծով նախկին մենաշնորհատեր, փախստականի վկայականով Մոսկվայում բնակվող Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ Հայաստանում քրեական գործեր են հարուցված, եւ հետախուզում է հայտարարված։ Հայաստանի իշխանությունները ժամանակին դիմել են ՌԴ ղեկավարությանը՝ Պողոսյանին արտահանձնելու խնդրանքով, սակայն մերժում են ստացել: Այս անգամ կարծես թե խնդրանքը կհարգվի, եւ Պողոսյանը կտեղափոխվի Երեւան: Եթե, իհարկե, ֆորսմաժորային որեւէ իրադարձություն չխաթարի Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունն այդ հարցում:

Ի՞նչ փոխվեց Միհրան Պողոսյանի առումով, որ նրան արտահանձնելու մերժումը վերափոխվել է համաձայնության: Կամ այդ հարցը կարելի է ձեւափոխել այսպես. ի՞նչ է տալիս Մոսկվային Միհրան Պողոսյանի կրկնակի ձերբակալումը եւ արտահանձնումը Հայաստանին: Հատկապես, որ մի անգամ արդեն Հայաստանի պահանջով (կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով) Մոսկվայում նրան ձերբակալել էին 2019-ին, հետո բաց թողել եւ վերջում էլ, ըստ ռուսական լրատվականների հաղորդման, ապահովել փախստականի կարգավիճակով: 

Եթե արտահանձնման նպատակը հայաստանյան հասարակությունում բողոքի ալիք բարձրացնելն է, ապա դա սխալ հաշվարկ է: Չեմ կարծում, թե ի պաշտպանություն Պողոսյանի նույնիսկ նրա նախկին կուսակցական ընկերներն ինչ-որ բան կնախաձեռնեն: Ընդհակառակը, նախկինների շրջանակից օֆշորային գործարքներով հայտնի «բանանային արքայի»՝ ձեռնաշղթաներով հայտնվելը կբարձրացնի Նիկոլի համարյա թե զրոյական վարկանիշը: Դրանից ավելի լավ նվեր Նիկոլը, որ խոսում էր կոռուպցիոն պայքարի խոչընդոտների մասին, չէր երազի: Նախկինների շրջանում էլ կգցի Ռուսաստանի հեղինակությունը: Եթե դրա հաշվին ՌԴ ղեկավարությունը փորձելու է սիրաշահել Նիկոլին՝ հաշվի առնելով տարիներ առաջ ներկրված բանանի գնի նկատմամբ ընդդիմադիր Փաշինյանի «արտակարգ» հետաքրքրվածությունը, ապա դա եւս խելքի մոտ բան չէ: Կարծում եմ, որ Մոսկվայում լավ ծանոթ են Նիկոլի բնութագրին, ինչի վկայությունը ռուսական Առաջին ալիքի «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» շարքի հաղորդումներից մեկն էր:

Պողոսյանի ձերբակալման հանգամանքը կարող է կապված լինել մեկ միլիարդ դոլար արժեքով մեկ տոննա թմրանյութի ներմուծման պատմության հետ: Հիշեցնեմ, որ Լատինական Ամերիկայի երկրներից մեկից այս տարվա գարնան վերջին բանանների հետ միասին այն ներմուծվել էր Հայաստան Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության միջոցով: Եվ չնայած, Պողոսյանի ասելով, հենց ինքն էր իրավապահներին հայտնել դրա հայտնաբերման մասին, նրա նկատմամբ, այնուամենայնիվ, քրեական գործ էր հարուցվել եւ կրկին հետախուզում հայտարարվել: 

Կարելի է ենթադրել, որ Պողոսյանին արտահանձնելով՝ Մոսկվան փորձելու է շահարկել այն հանգամանքը, որ 1 տոննա թմրանյութը չի հայտնաբերվել Հայաստանի մաքսային սահմանին: Բայց թե ինչ կտա դա Ռուսաստանին՝ դժվարանում եմ ասել: Շատ-շատ՝ կպատժվեն բեռն ընդունող մաքսային սահմանի աշխատակիցները: Կամ էլ նրանք արդեն պատժվել են, ու մեղավորության հարցն արդեն փակվել է: Իսկ Հայաստանն էլ իրապես ժողովրդավարական երկիր չէ, որ այդ առումով պաշտոնանկ արվի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, եթե գործը հասնի դատարան: Չնայած դա էլ ոչինչ չի տա Ռուսաստանի ղեկավարությանը: Որովհետեւ Բադասյանը միամիտ անձ չէ, որ ցուցմունք տա, թե թմրանյութի ներկրումը տեղի է ունեցել Նիկոլի գիտությամբ ու համաձայնությամբ:

Իսկ եթե Մոսկվան հույս ունի, որ դատաքննության ընթացքում կարող է միջազգային սկանդալ ծագել, ապա դա էլ է անիմաստ: Արեւմուտքը, ընդհակառակը, մի հատ էլ Նիկոլի գովքը կանի, որ վերջինս թույլ չի տվել, որ այդ հսկա զանգվածը մաս-մաս վաճառքի հանվի: Մի խոսքով, ունենք բազում անհայտներով մի հավասարում, որի կենտրոնում է հայտնվել նախկին «բանանային արքան»: Այստեղ են ասել՝ մարդը պետք է գիտակից կյանքի ընթացքում փորձի մաքուր պահել իր կարման (կարման պատճառահետեւանքային հիմնական օրենքն է, իսկ մարդու առումով՝ նրա արարքների ու դրանց հետեւանքների ամբողջությունը, ինչի հիման վրա ձեւավորվում է նրա ճակատագիրը):