Ուղիղ բանակցություններն առանց միջնորդի շատ ռիսկեր են պարունակում ՀՀ-ի համար

Ուղիղ բանակցություններն առանց միջնորդի շատ ռիսկեր են պարունակում ՀՀ-ի համար

Մեր զրուցակիցն է իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնին

- ԱՄՆ-Ադրբեջան «փոխհրաձգությունները» թուրք-ադրբեջանական տանդեմի եւ Միացյալ Նահանգների միջեւ նոր սկսվող լարվածության մասի՞ն են խոսում, թե՞ հակամարտությունը հայտարարություններից այն կողմ չի անցնի։

- Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հայտարարությունները մինչեւ հիմա միայն հայտարարությունների մակարդակով են եղել, այլ զարգացումներ չենք տեսել։ Այդ սահմանը պահպանվում է, քանի որ ԱՄՆ-ն Ադրբեջանին օգտագործում է, որ կարողանա Ռուսաստանի դիրքերը թուլացնել այս երկրներում եւ իր դիրքերն ամրացնել Անդրկովկասում։ Կարծում եմ, որ հայտարարություններով կսահմանափակվի, եթե շարունակվի, ապա էլի միայն հայտարարությունների մակարդակով։

- ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ազդելու լծակներ ունի՞, որպեսզի կարողանա թույլ չտալ Հայաստանի վրա հերթական հարձակումը։

- Լծակներ, իհարկե, ունի։ ԱՄՆ-ն գերտերություն է, անհնար է, որ որեւէ երկրի վրա չկարողանա ազդեցություն ունենալ։ Ազդեցություններ կարող են կիրառվել դիվանագիտական, ռազմական կամ տնտեսական ոլորտներում, սակայն առաջին ազդեցության ոլորտը դիվանագիտական լծակներն են, որոնք հիմա կան, բայց Ադրբեջանի նկրտումներն Անդրկովկասում եւ Հայաստանի ուղղությամբ չեզոքացնելու համար ԱՄՆ-ն պետք է տնտեսական լուրջ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի վրա, որպեսզի նրանց ագրեսիվ պահվածքը թուլանա, եւ կարողանա զսպել։ Բայց մինչեւ հիմա չենք տեսել նման քայլեր, միայն դիպլոմատիկ ու հայտարարությունների ձեւով է եղել։ Վերջերս ԱՄՆ-ն ռազմական օգնությունն Ադրբեջանին դադարեցրեց, սակայն դա, մեծ հաշվով, ոչինչ չի փոխում, դա չի կարող զսպել Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվել։ Մենք տեսել ենք, որ Ադրբեջանը շատ հանգիստ հարձակվել է Հայաստանի սահմանների վրա, բռնագրավել է տարածքներ Հայաստանից, ու միայն հայտարարություններ ենք տեսել բոլոր կողմերից, երկրորդ ազդեցությունը, որը կարող էր միջամտել կամ զսպել Ադրբեջանին, չենք տեսել։ Պատժամիջոցներն ԱՄՆ-ի կողմից կարող էին լրջորեն զսպել Ադրբեջանին, եթե դրվեին. Ադրբեջանի տնտեսությունը ներսից կքայքայվի, եւ իրենց ռազմական-քաղաքական ուժը բավականին կթուլանա։

- Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ բանակցությունները երկու երկրների սահմանին իրականացնել։ Հայկական կողմից դրական են արձագանքել։

- Եթե մենք դիտարկենք Ադրբեջանի պահվածքը վերջին 3 տարվա բանակցությունների ընթացքում, երբ Արեւմուտքի կամ Ռուսաստանի միջնորդությամբ էր, հետո՝ «3+3»-ի, Ադրբեջանը միշտ փոխում է իր միջնորդներին՝ պայմանավորված բանակցությունների հարթակով։ Երբ ինքը գտնում է, որ Արեւմուտքի միջոցով ինչ-որ բաներ կարող է շահել, այնտեղ ակտիվ աշխատում է, գնում է առաջ ու ինչ-որ բաներ ստանալուց հետո գնում է Մոսկվայում բանակցությունների, որպեսզի այնտեղից էլ ինչ-որ բաներ շահի։ Մոսկվայից հետո էլ, երբ տեսնում է, որ կողմերից այլ բան շահելու հնարավորություն չունի, մերժում է թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Մոսկվային։ Այսինքն՝ Ադրբեջանը բոլոր տեղերում իր շահին է հետեւում, եթե բանակցություններից ինչ-որ բան կարող է ստանալ, նա քայլեր է անում ու ստանում: Երբ Հայաստանը լավ դիրքում է բանակցությունների որեւէ փուլում, Ադրբեջանը հրաժարվում է, չի մասնակցում։ Իրանում փորձեց ինչ-որ բաներ շահել, սակայն «3+3»-ով չստացվեց, եւ ֆորմատը փոխում է ու, բնականաբար, հիմա Հայաստանի հետ պետք է բանակցի։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, նա ագրեսիվ ձեւով, բանակցությունների փոփոխությունով, դիվանագիտական խաղերով, ռազմական քայլերով ուզում է Հայաստանից նորանոր զիջումներ պոկել։

- Ադրբեջանահայկական ուղիղ բանակցություններն առանց միջնորդի՝ Իրանում մտահոգությունների առիթ կտա՞ն։

- Իհարկե, Իրանը մտահոգված կլինի, որովհետեւ, ինչպես գիտենք, Հայաստանն ավելի թույլ դիրք ունի բանակցություններում, Ադրբեջանն ավելի ուժեղ դիրքում է եւ կարող է ճնշել Հայաստանին: Երբ միջնորդներ չկան, շատ ռիսկեր են պարունակում ուղիղ բանակցությունները․ երբ մի կողմը շատ թույլ է, իսկ մյուս կողմը՝ շատ ուժեղ, ու հավասար պայմաններով չեն բանակցում։

- «3+3»-ի գոյությունն արդյոք կասկածի տակ չի՞ դնի ադրբեջանահայկական ուղիղ բանակցությունները։

- Այս ֆորմատը Հայաստանում շատ քննադատեցին, որովհետեւ այդ ֆորմատում Հայաստանը թույլ դիրքերում է գտնվում, բայց արդյունքում ականատես եղանք, որ արված հայտարարության բոլոր կետերը Հայաստանի եւ Իրանի շահերից էին բխում, եւ Իրանը կարողացավ ամրապնդել իր կարմիր գծերն ու Հայաստանի եւ Իրանի անվտանգության համատեղ շահերը։ Հայտարարության մեջ ներառված կետերը` վեճերի խաղաղ կարգավորում, ինքնորոշում, պետության անկախություն, տարածքային ամբողջականություն, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիություն ու անխախտելիություն, ներքին գործերին չմիջամտել, սպառնալիքի եւ ուժի կիրառման արգելում, ավելի շատ Հայաստանի անվտանգությունն ու շահերն էին պաշտպանում, քան Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումները։ Դրանք համահունչ էին մեր երկու երկրների անվտանգությանն ու շահերին։ Իրանն այդ ֆորմատում փորձեց ամենաշատը պաշտպանել Իրանի եւ Հայաստանի շահերը եւ կարողացավ այդ դիվանագիտական գործը հաջողության հասցնել։ Իրանին հաջողվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումները` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, չեզոքացնել եւ ցույց տալ, որ իր քաղաքականությունն անկախ է, եւ ոչ մի կողմ չի կարող ազդել իր վրա, որ նա զիջի իր շահերի ու անվտանգության հաշվին։ Ներկա իրավիճակում դրանից միայն Հայաստանն է շահում: Դա է պատճառը, որ Հայաստանն Իրանի թիկունքը պետք է պահի եւ ազդեցությունները, որ կարողանա չեզոքացնել Ադրբեջանի նկրտումները։