Այդ ոգեւորությունները դատարկ մանիպուլյացիաներ են 

Այդ ոգեւորությունները դատարկ մանիպուլյացիաներ են 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չնայած ողջունեց Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բայց այնտեղ հայ ռազմագերիների մասին որեւէ խոսք չկա, ինչը մեծ ցնծություն պատճառեց ադրբեջանցիներին: Որոշման մեջ ՄԱԿ-ի դատարանը նշել է. «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100 հազար հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը եւ հասնել Հայաստանի սահման՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ում սկսված գործողությունից հետո»։

Դատարանի որոշման մեջ ասվում է. «Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապի երկարատեւ խափանումը լրջագույնս ազդել էր այս շրջանի բնակիչների վրա, ինչը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված՝ ազգային եւ էթնիկ ծագումով հայերի՝ շտապ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխումը Հայաստանի բժշկական հաստատություններ։ Խոչընդոտներ են եղել նաեւ ԼՂ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ պատճառ դառնալով սննդի, դեղորայքի եւ կյանքի փրկող այլ բժշկական պարագաների պակասի»։ Նոյեմբերի 17-ի որոշմամբ դատարանը հաստատել է, որ առկա են ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումներ, սակայն քանի որ հարցերը դիտարկել է բացառապես ռասայական խտրականության տեսանկյունից, ռազմագերիների հարցին չի անդրադարձել, ինչը հնարավորություն է տվել ադրբեջանցիներին այս փաստը ներկայացնել որպես գերիների նկատմամբ իր քաղաքականության արդարացում, խրախուսանք, եւ ադրբեջանական կողմն ավելի է լկտիացել: 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հայ ռազմագերիների մասով ՄԱԿ-ի դատարանի լռությունը պայմանավորված է մեկ գործոնով` Հայաստանի իշխանությունները գերիների հարցով որեւէ դիմում չեն ներկայացրել. «Հայկական շահը որեւէ հարթակում, նաեւ` ՄԱԿ-ում պաշտպանող չկա: Եթե հարցը չի բարձրացվում կամ պատշաճ չի բարձրաձայնվում, դա նշանակում է, որ որեւէ արձագանք չէր էլ կարող լինել: Չէին կարող դիմեին, եւ ՄԱԿ-ի դատարանը չարձագանքեր: Հայկական շահը պատշաճ չի սպասարկվել»:

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով հայ ռազմագերիների հարցին եւ ՄԱԿ-ի դատարանի լռությանը, ասաց. «Իշխանական շրջանակները նաեւ ոգեւորված էին Գրանադայի գործողություններից, անգամ դա հաղթանակ էին ներկայացնում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ ոգեւորությունները դատարկ մանիպուլյացիաներ են իրականում: Մենք բազմիցս ասել ենք, այսօր էլ կրկնեմ` այս իշխանությունները ՀՀ շահերով չեն առաջնորդվում: Ադրբեջանն ինքնավստահ կերպով կարողանում է ռեալիզացնել իր ցանկությունները բոլոր միջազգային հարթակներում եւ դատարաններում: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կարողանում է իրեն թույլ տալ անտեսել միջազգային պահանջները: Անգամ գերտերությունների առաջարկություններն է մերժում, իրեն ինքնավստահ է զգում, վստահ է, որ Հայաստանի իշխանություններն իրեն աջակցելու են, այնպես, ինչպես եղավ ՄԱԿ-ի անվտանգության վերջին նիստի ժամանակ: Ադրբեջանցիներն այդ ժամանակ ավելի շատ Նիկոլ Փաշինյանին էին հղում անում, իսկ դա ի՞նչ էր նշանակում»:

Հայկական կողմն այսօր ի՞նչ կարող է անել հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։ «Եթե ես լինեի իշխանության ներկայացուցիչ, ոչ թե այդ մասին կխոսեի, այլեւ կանեի կոնկրետ քայլեր, որ Ադրբեջանն ինքը առաջարկեր գերիներին վերադարձնել կամ փոխանակել: Նման բաները չեն հայտարարում, այլ կոնկրետ գործողությունների են դիմում: Իրականում այս իշխանությունները խեղճ չեն, ինչպես ոմանք ներկայացնում են. ում ուզեք՝ կոռուպցիայի մեջ կմեղադրեն, քիչ է մնում արդեն աստվածաշնչյան կերպարների վրա էլ ցեխ շպրտեն: Ներսում լավ էլ համարձակ են, դրսում են խեղճ, ինչո՞ւ․ որովհետեւ չեն ընկալում, թե ինչ բան է արտաքին աշխարհը, երկրորդ՝ իրենց խոսքը չեն հարգում դրսում: Եվ, առհասարակ, այս իշխանությունն ազատ չէ իր որոշումներում, պարտադրված քայլեր է անում»,- եզրափակում է Արտակ Զաքարյանը: