Կոռուպցիայի ծանր դուռը

Կոռուպցիայի ծանր դուռը

«Հետխորհրդային մեծաթիվ երկրներում կոռուպցիան գաղափարախոսություն է եւ իշխող դասի միջոցն ու կենսակերպը: Հին քաղաքական վերնախավը փորձում է հանրությանն ապացուցել, որ հետխորհրդային տարածքի համար կոռուպցիան նրանց մտածողության եւ մշակույթի անբաժան մասն է: Դա բացարձակ սուտ է եւ կեղծիք»,- նկատում էր Միխայել Սահակաշվիլին: «Վարդերի հեղափոխությունից» հետո՝ 2004թ. հունվարին, երբ Սահակաշվիլին ընտրվեց Վրաստանի նախագահ, նա հետհեղափոխական Վրաստանի համար կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական ծրագիր հռչակեց եւ այն իրականացրեց «Զրոյական հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» կարգախոսի ներքո: Սահակաշվիլիի իշխանությունը կոռուպցիան ստացել էր որպես ծանր ժառանգություն, որից ձերբազատվելը սիզիֆյան աշխատանք կարող էր թվալ Վրաստանի համար, որը հետխորհրդային տարածքի ամենակոռումպացված պետություններից մեկն էր եւ այդպիսին էր նաեւ ԽՍՀՄ տարիներին:

Կաշառակերությունն ու կոռուպցիան պետական, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարձր ռիսկային մակարդակի էին: Միջազգային զեկույցներում Վրաստանը կոռումպացվածությամբ առաջին տեղերն էր զբաղեցնում: 

2004-2005թթ. Վրաստանում արագ, շոկային մեթոդներով իրականացված կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարն անշրջելի արդյունքներ արձանագրեց ամենակոռումպացված ոլորտներում՝ ավտոճանապարհային ոստիկանությունում, մաքսային համակարգում, բուհական ոլորտում կոռուպցիան արագորեն հաղթահարվեց: 2004թ. հուլիսին ավտոճանապարհային ոստիկանության համակարգից մեկ օրում աշխատանքից հեռացվեցին 15 հազար աշխատակիցներ: Մեծ թվով ձերբակալություններ իրականացվեցին տարբեր ոլորտներում: Կրճատվեց նախարարությունների, դրանց աշխատակիցների, ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը, պետական արտոնություններից զրկվեցին մեծաթիվ պաշտոնյաներ: Արդեն 2007թ. Վրաստանը հիմնովին հաղթահարել էր կոռուպցիան:

Կոռուպցիայի դեմ Սահակաշվիլիի պայքարը համակարգային էր. այն ընթանում էր հստակ ռազմավարությամբ, ծրագրային գործողությունների հաջորդականությամբ: Այդ պայքարը հանդիպում էր նաեւ լուրջ դիմադրության ոչ միայն կոռումպացված նախկին իշխանությունների, այլեւ հանրության մի մասի կողմից: Այդ հետեւողական պայքարն անշրջելի արդյունքներ արձանագրեց.

Վրաստանը դասվեց Եվրամիության ամենամաքուր երկրների շարքը: Արդեն Սահակաշվիլիի՝ իշխանությունից հեռանալուց հետո, ԵՄ-ի կողմից Վրաստանում իրականացված սոցհարցումների համաձայն՝ հարցվողների 99 տոկոսը նշել էր, որ Սահակաշվիլիի՝ իշխանության գալուց հետո երբեւէ իրենցից կաշառք չեն պահանջել եւ կաշառք չեն տվել, իսկ 77 տոկոսը համոզված էր, որ կոռուպցիայի դեմ Սահակաշվիլիի պայքարը մեծ արդյունավետությամբ է իրականացվել: Սահակաշվիլին իրենից հետո Վրաստանը հանձնեց կոռուպցիան հաղթահարած, ազատ, օրինական ընտրություններ իրականացրած, որոնց արդյունքում էլ նա հեռացավ իշխանությունից:

Դժվար է ասել, թե ինչ է թողնելու իրենից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն հայկական թավշյա հեղափոխության առաջնորդը իշխանության եկավ կոռուպցիայի դեմ պայքարի հռչակմամբ: Փաշինյանի իշխանությունը եւս կոռուպցիան ստացել էր որպես ծանր ժառանգություն, որը հաղթահարելը բարդ էր լինելու: Կաշառակերությունը եւ կոռուպցիան ՀՀ նախկին իշխանությունների անբաժան ուղեկիցն էին եւ քաղաքական համակարգի մաշկը: Համակարգային կաշառակերության եւ կոռուպցիայի առումով հանրության մեծ մասը ներգրավված էր այդ արատավոր հարահոսի մեջ: Կոռուպցիայի դեմ պայքարը հետհեղափոխական Հայաստանի հիմնական առաջնահերթությունն էր եւ միակ քաղաքական գաղափարը, որն ամենախոստումնալիցն էր թվում: Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ այդ պայքարն անծրագիր է եւ անհամակարգ: Հեղափոխական Հայաստանը պարապուրդի էր մատնվել. հեղափոխության հիմնական նպատակը մոռացվել էր: 

Մինչ նոր իշխանությունն արագ հարմարվում էր իշխանության արտոնություններին, մինչ մեկ ձեռքով կրճատում էր ծառայողական մեքենաների թվաքանակը, մյուս ձեռքով՝ նոր, թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերում, քաղաքային բյուջեից Ամանորի թանկարժեք ծախսեր իրականացնում, մինչ մի ձեռքով կրճատում էր նախարարությունների թվաքանակը, իսկ մյուս ձեռքով սուպերնախարարություններ ձեւավորում, մինչ մի ձեռքով ձերբակալություններ էր իրականացնում, մյուս ձեռքով՝ թանկարժեք պարգեւատրումներ եւ աշխատավարձեր հատկացնում բարձրաստիճան պաշտոնյաներին, ահա՝ այդ ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի դրոշն արագորեն խունանում էր: 

Միաժամանակ, նախկին կոռումպացված պաշտոնյաների կողմից պետությանը հասցված վնասի փոխհատուցման եւ վերականգնման գումարների չափն անհայտ էր մնում, ինչպես անհայտ էր մնում, թե ուր են ուղղվում այդ գումարները, ինչպես անհայտ էին մնում ստվերային տնտեսության հաղթահարման ցուցանիշները: Դրան զուգահեռ, նոր իշխանությունը թեպետ հռչակեց գործարարության եւ քաղաքականության տարանջատման մասին, սակայն դրանց սերտաճումն այլ ձեւեր ընդունեց: Խոշոր բիզնեսն այդպես էլ չազատագրվեց իշխանության վերահսկողությունից, այլ շարունակեց ծվարել իշխանության ստվերի տակ, ուր ավելի ապահով եւ կանխատեսելի է զգում իրեն: 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժառանգություն էր ստացել համակարգային կոռուպցիան, որի անբաժան եւ առանցքային հատվածը քաղաքական կոռուպցիան էր, առանց որի հաղթահարման Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելն անհնար էր: Փաշինյանը դա չհասկացավ: Եվ թեպետ նրա իշխանությունը պաշտոններ չէր վաճառում, ընտրակաշառք չէր բաժանում, ընտրությունների արդյունքներ չէր կեղծում, սակայն քաղաքական կոռուպցիայում թաթախված հնչեղ անունները Հայաստանում շարունակում էին պաշտոնավարել նաեւ նրա կառավարման օրոք: Օրինակ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որին բանտ ուղարկելու փոխարեն երկրորդ հնարավորություն տրվեց, ի տարբերություն շատերի: Անհայտ մնաց նաեւ, թե ինչու սահմանադրական արդարադատությունը փոշիացրած ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գործունեությանն անգամ քաղաքական գնահատական չտրվեց: Անհայտ մնաց, թե ինչու է պատմական Երեւանն ավերած քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանն ազատության մեջ: Փոխարենը՝ իրականացված ձերբակալություններն ընտրովի եւ անհասկանալի բնույթ են կրում: 

Միակ էական հաջողությունը, որն արձանագրվել է կոռուպցիայի դեմ պայքարում, ավտոճանապարհային ոստիկանությունում կաշառակերության վերացումն է: Սակայն տեղի ունեցավ անսպասելին. կաշառք չվերցնող ոստիկանները դադարեցին վերահսկել մայրաքաղաքի երթեւեկությունը, որն ի ցույց է դնում, թե ինչպիսին է հայկական Սոդոմ-Գոմորը: Նիկոլ Փաշինյանն այդ խելացնոր երթեւեկությունը չի տեսնում նաեւ այն պատճառով, որ նրան ուղեկցող եւ նրա շարասյան համար ճանապարհ բացող ոստիկանները, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ, դադարեցնում են երթեւեկությունն այդ ընթացքում: 

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ այնքան օրինականություն հաստատելու նպատակ է դարձել, որքան քաղաքական շոուներ իրականացնելու եւ վախի մթնոլորտ հաստատելու միջոց: Համակարգային կոռուպցիան հաղթահարելու ճանապարհին բոլորին բանտ ուղարկելը գուցե ամենակարճ, բայց եւ՝ ամենավտանգավոր ճանապարհն է հատկապես այն հասարակության մեջ, որի ավելի քան 80 տոկոսը, համակարգային կոռուպցիայի պայմաններում, այս կամ այն չափով ներգրավված է եղել կաշառակերության, կաշառատվության եւ կոռուպցիայի մեջ: Ժամանակակից պետության ուժը նաեւ այն է, որ նոր իշխանությունը կարողանա ներել՝ առանց պետությանը եւ հանրությանը մեծ վնաս պատճառելու: Բոլոր կողոպտիչները, կաշառակերները, կոռումպացվածները արժանի են պատիժների, սակայն նախ՝ դրանք պետք է իրականացվեին հեղափոխությունից անմիջապես հետո, ապա եւ՝ պայքարի արդյունքը պետք է տեսանելի լինի: Կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է բացի քաղաքական հետապնդումների իրականացման եւ վախի մթնոլորտի հաստատման ծանր դուռը, որը փակելն ավելի դժվար է լինելու, քան կոռուպցիայի հաղթահարումը: