Իսկ դու ի՞նչ ես արել քո հայրենիքը խարխլելու համար

Իսկ դու ի՞նչ ես արել քո հայրենիքը խարխլելու համար

Այս պաստառը, ռուսական գիտնական-իրավաբան և դասախոս, ՌԴ սահմանադրական դատարանի դատավոր Կոնստանտին Արանովսկու հայտարարության առիթով է հայտնվել LIVEJOURNAL-ի կայքում, որտեղ, որպես հարցադրման պատասխան, հանդիպում է հետևյալ գրառումը. «Ничего? А, вот, судья конституционного суда Константин Арановский сделал много, сказав, что современная Россия не является правопреемником «незаконно созданного государства» СССР и не отвечает за его «репрессивно-террористические деяния". Вот так, ни много ни мало. Рубанул, так рубанул, хохлам и не снилось. Знает, что здание легче разрушить, если начать с фундамента...»։

Այդ նույն հարցը կարելի է տալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն՝ այդ նույն Սահմանադրական դատարանի դատավորից մինչև փողոցները մաքրողները: Բայց, ակնկալել, որ ՀՀ քաղաքացին ազնիվ կգտնվի ու կխոստովանի թե ինչ է արել՝ իր հայրենիքը խարխլելու համար, առնվազն միամտություն է: Նույնկերպ՝ նա չի խոստովանի, թե ինչու ինչ-որ բաներ չի արել, որպեսզի հայրենքը չխարխլվի:

Բայց, կարծես, մի ելակետի, չափանիշի մասին օրերս խոսեց Երևանի քաղաքապետը: Երեւանի գործակարգավարական խորհրդակցության նիստին, անդրադառնալով ինքնակամ կառույցներին, Հրաչյա Սարգսյանն ասել է. «Միջանկյալ լուծում գտեք, ամբարձիչը տարեք, ապամոնտաժեք Ամիրյանի վրայից: Ասեք՝ ինչ է պետք, ես անձամբ կգամ այնտեղ: Ես անձամբ կգամ էդ քաղաքացուն կտեսնեմ՝ ինչի՞ է այլանդակում քաղաքը: Ես անձամբ կգամ, թող ինձ դատի տան: Բազմաբնակարան շենքի վրա բուդկա են սարքում»:

«Բուդկա», ահա չափանիշը, որով կարելի է չափել յուրաքանչյուր քաղաքացու, պաշտոնյայի, գործարարի արածը կամ չարածը: Սա պատկերավորության համար: Որպես «բուդկա» կարելի է դիտարկել բանակում «անձեռնմխելի պաշարից» թեկուզև 1 կանիստր դիզվառելիք, հրթիռի վրայից 1 պլատա գողանալը, հարկային տեսուչի աչք փակելը հարկատուի կողմից հարկերը թաքցնելու վրա, քննիչի կողմից հանցագործի արարքը շահադիտական նկատառումներով մեղմելը կամ հակառակը՝ ծանրացնելը, ուսանողից կաշառք շորթելը… որոշ գործարարների, որոնք մսխել են երկրի տնտեսական ներուժը, դեֆորմացրել տնտեսության կառուցվածքը, իրենց վարք ու բարքով այլասերել սոցիալական միջավայրը և այլն, և այլն: 

«Բուդկաներ» եղել են Հայաստանի անկախության ամբողջ ժամանակահատվածում, սակայն դրանք սնկի նման աճել են 2018 թվականից, հեղափոխություն կոչվող «անձրևից» հետո։ Այդ «սնկերի» միայն թվարկելը քրեական բազմահատոր գործերի համառոտագիր կկազմի: 
Դյուրին է օտարների մեջ մեր ազգային ողբերգության պատճառները փնտրելը, դժվար, գրեթե անհնար է դրանք մեզանում գտնելը և ճշմարտությունն ասելը:

Գագիկ Վարդանյան