Տեր Կիրակոս քահանան դուրս է եկել կոմայից. մյուս տուժողի համար վիրահայոց թեմը մեքենա է գնելու

Տեր Կիրակոս քահանան դուրս է եկել կոմայից. մյուս տուժողի համար վիրահայոց թեմը մեքենա է գնելու

Վիրահայոց թեմի հոգեւոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, որն ավտովթարի էր ենթարկվել, դուրս է եկել կոմայից: 

«Գիտակցության մեջ է, լսում է, աչքերով պատասխանում եւ արձագանքում է»,- մեր հարցին պատասխանեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նա հայտնեց, որ Կիրակոս քահանա Սիմոնյանը Թբիլիսիում է, եւ ավելի մանրամասն տեղեկությունների համար խորհուրդ տվեց դիմել վիրահայոց թեմի առաջնորդարան: 
 Տեր Կիրակոսը, հիշեցնենք, մարմնական լուրջ վնասվածքներ ունի եւ մեծ քանակությամբ արյուն էր կորցրել: Վիրահայությունը, լուրն առնելով, քահանային օգնելու, առաջին կարգի բացասական արյուն հանձնելու եւ դրամահավաքի կոչեր էր անում սոցցանցերում: Սակայն վիրահայոց թեմի առաջնորդարանը սեպտեմբերի 8-ին՝ վթարից մոտ մեկ շաբաթ անց տեղեկացրեց, որ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի ապաքինումն ընթանում է Վրաստանի եւ ՀՀ պատկան մարմինների աջակցությամբ ու թեմի հոգածությամբ: Նաեւ խնդրեց չհավատալ դրամահավաքի կոչերին: «Նման անհրաժեշտության դեպքում սպասեք վիրահայոց թեմի պաշտոնական հայտարարությանը, իսկ մինչ այդ մնացեք ձեռնպահ»,- հրահանգում էր թեմը: 

Տեր Կիրակոս քահանայի հետ մեկտեղ այլ տուժող էլ կա: Այն ավտոմեքենայով, որին բախվել է Տեր Կիրակոսի մեքենան, ընտանիքի 4 անդամներ են երթեւեկելիս եղել, որոնցից երկուսն անչափահասներ են: Վթարի արդյունքում տուժել է երեխաների մայրը: Ի՞նչ վիճակում են վիրավորները, ո՞վ է հոգում նրանց բուժման ծախսերը․ հարցերն ուղղեցինք վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին: «Կնոջ ուսը կոտրվել է: Նա երթեւեկել է կապված ամրագոտիով: Ուժգին հարվածից առաջ է գնացել մարմնով եւ ուսը վնասել է: Արդեն վիրահատել են: Մենք նրանց հետ ամենօրյա կապի մեջ ենք, օգնել ենք նրանց, որ նրանք էլ խնդիրներ չունենան: Երեխաները, փառք Աստծո, չեն տուժել»,- ասաց Հայր սուրբը: Հայտնեց նաեւ, որ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի վիճակը բավականին լավացել է: «Նա մտնում է կոնտակտի մեջ: Դեռ չի խոսում, բայց ձեռքերով, աչքերով բացատրում է, որ հասկանում է իրեն ուղղված խոսքը: Հիմա արդեն ժամանակ առ ժամանակ օրվա մեջ անջատում են շնչառության սարքը: Նա ինքնուրույն կարողանում է շնչել: Օրական ավելացնում են անջատման ժամանակը եւ, հավանաբար, մի քանի օրից ընդհանրապես կանջատեն սարքն ու զոնդերը կհանեն: Նա ինքնուրույն կսկսի կուլ տալ»: 
Ո՞վ է հոգում վթարից տուժածների ծախսերը, օգնում ֆինանսապես, Վրաստանի կառավարությո՞ւնը: «Ոչ: Վրաստանի քաղաքացիները բոլորն էլ ունեն բժշկական ապահովագրություն, բայց ոչ ամբողջական,- նշեց թեմի առաջնորդը։

Որոշ վճարումներ տուժողներն արել էին, մենք փոխհատուցեցինք նրանց ծախսերը: Թեմի հավատացյալները դրամահավաք են կազմակերպել, բոլորը մասնակցում են, հաշվեհամար ունենք բացած: Ցանկացողները, որոնք չեն կարողանում գալ եկեղեցի, գցում են հաշվեհամարի վրա»: 

Այսպիսով, վիրահայոց թեմը, որը, ինչպես հայտնի է, այնքան էլ հարուստ չէ, իր վրա է վերցրել ծախսերը: Բախման արդյունքում տուժած կնոջ ավտոմեքենան ամբողջությամբ վնասված է, եւ դրա վերականգնման գումարը եւս առաջնորդարանը պետք է հոգա: Ըստ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի, առաջնորդարանն այդ գումարը դեռ չի փոխանցել: Իսկ մերոնք միայն աղոթում են տուժողների առողջության համար: Վթարից տուժած քահանային օգնելու, նրա առողջությունը վերականգնելու ուղղությամբ Մայր Աթոռը ոչ մի ծախս չի կատարել: 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանին հարցեր ուղղեցինք՝ ինչո՞ւ քահանա Տեր Կիրակոս Սիմոնյանին չբերեցին Իզմիրլյան կենտրոն, մեր եկեղեցին ինչո՞ւ չօգնեց նրա բուժմանը, մարդիկ դրամահավաք են կազմակերպում, ուզում են միջոցներ հավաքել, մեր եկեղեցին ինչո՞ւ չօգնեց: «Հարցը վճռում են մասնագետները եւ ոչ թե եկեղեցին, թե ուր փոխադրեն։ Այդ օրերին անկարելի էր նրան փոխադրել, հիմա էլ։ Ինչ վերաբերում է օգնությանը, ապա թեմն է այդ հարցերը հոգում»,- եղավ պատասխանը: 

Դատելով պատասխանից, կարելի է եզրակացնել, որ քահանան եւ վիրահայոց թեմի հավատացյալները կարող են հույս ունենալ՝ շարունակել բուժումը Գարեգին Բ-ին պատկանող «Իզմիրլյան ԲԿ»-ում այն պահից սկսած, երբ քահանային հնարավոր լինի տեղափոխել: 
Պարզ է նաեւ, որ Մայր Աթոռը չի պատրաստվում մասնակցել քահանայի բուժման, վթարի հետեւանքով առաջացած ծախսերին, ամեն ինչ թողնելով Աստծո հույսին: Ի դեպ, այլ դեպքերում մեր կաթողիկոսը բավականին առատաձեռն է: Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամին անցյալ տարի նա փոխանցել էր 47 միլիոն 985 հազար դրամ, հետ մնալով թերեւս միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: