Նոր սկանդալ մանկատա՞նը, թե՞ հերթական փիառ ակցիա

Նոր սկանդալ մանկատա՞նը, թե՞ հերթական փիառ ակցիա

Մինչեւ 6 տարեկան երեխաների համար նախատեսված մանկատան երեք աշխատակցուհիներ ծեծել ու տանջել են փոքրիկներին: Այս մասին անհայտ աղբյուրն օրերս հայտնել է ոստիկանությանը: «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատողներին մեղադրանք են առաջադրել ՔՕ 119-րդ հոդվածով՝ «Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը», կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան: 

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն է՝ ծեծի են ենթարկել եւ ցավ պատճառել մի խումբ անչափահաս երեխաների»,- հայտնում է Քննչական կոմիտեն: 

Պարզ ասած, եթե հավատանք իրավապահներին, փոքրիկ երեխաներին բռնությունների են ենթարկել ամենակոշտ ձեւերով՝ փայտերով ծեծել են ամենաչնչին չարաճճիությունների համար, ապտակել, մազերն են քաշել: Սա տեւել է բավական ժամանակ: 

Բացի դա, ոստիկանությունը պարզել է, որ «երեխաները տեւական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից»: 
«Մանկան տուն» ՊՈԱԿ-ն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության հիմնարկներից է։ Հենց այս հաստատությունն է պատասխանատու կատարվածի, հատկապես կեցության վատ պայմանների համար: Սակայն սույն նախարարությունում չեն ցանկանում խոսել այս մասին, մեջբերելով նախաքննության գաղտնիությունը: Հայտնում են միայն, որ ոստիկանության հաղորդագրությունն իրենց համար էլ է նորություն եղել: 
Փաստորեն, երկար ժամանակ է այս գործելաոճը դրսեւորվել, եւ դուք ոչինչ չե՞ք իմացել: «Եթե իմանայինք, բնականաբար, հենց այդ պահին դրա մասին կհայտնեինք իրավապահներին»,- ասում է նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը: 

Մեր տեղեկություններով, մեղադրյալները հին աշխատողներ են: Մանկատանը մոտ աղբյուրը հայտնեց, որ բռնության ենթարկված երեխաները շատ են՝ 5-6 հոգի: Նրանք տարբեր տարիքի են: Ամենամեծը 5 տարեկան է եղել, ամենափոքրը՝ ընդամենը 2 տարեկան: 
Փաստորեն, մանկատան աշխատողները գործել են առանց որեւէ հսկողության, քանի որ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի աթոռը թափուր է 2020 թվականի հունվարի 15-ից: Հենց այդ օրը ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Նրան, ինչպես հայտնի է, մեղադրանք առաջադրեցին ապօրինի որդեգրումների սկանդալային գործի շրջանակներում, որը նույնպես անհայտության գրկում է․ հայտնի չէ՝ ավարտվե՞լ է արդյոք նախաքննությունը, ինչո՞ւ չի ավարտվում, եւ գործն ինչո՞ւ չի գնում դատարան։ Չէ որ աղմկոտ հայտարարություններից մոտ մեկ տարի է անցել։ 

Արդեն 9 ամիս է՝ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ն անգամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար չունի: Լրջագույն պատասխանատվություն ենթադրող այս հաստատությունում մինչեւ 6 տարեկանները այս ամբողջ ընթացքում ապրել են առանց որեւէ հսկողության, սոցապի «խախանդ» աչքից ու ականջից հեռու: Տնօրենի պարտականությունները կատարել է ՊՈԱԿ-ի հաշվապահը՝ Սարգսյան ազգանունով: Նա չցանկացավ մեզ հետ շփվել, պատասխանել, թե ինչպես պատահեց, որ իր ղեկավարած հիմնարկում փոքրիկներին, փաստորեն, խոշտանգել են, եւ չեն ապահովվել նրանց կենցաղային, տարրական պայմանները, միայն ասաց, որ չի կարող խոսել առանց նախարարության թույլտվության:

Զարմանալի չէ, որ աշխատակիցների գլխին որեւէ հսկողություն չի եղել, եւ նրանք հագուրդ են տվել ստորին կրքերին, եթե հավատանք մեղադրանքին: 

Չնայած մասնագետները չեն հավատում, որ մինչեւ 6 տարեկան երեխաների այդ մանկատանը, որտեղ տարիներ շարունակ խիստ կանոններ են գործել, հնարավոր էր նման բան: «Ավելի հնարավոր է, որ հին աշխատողների գլխին սարքում են՝ նրանցից ազատվելու համար: Ես չեմ հավատում, որ էդ փոքրիկներին նման բռնությունների են ենթարկել: Դա հեքիաթի նման բան է»,- ասաց հատուկ կրթության փորձագետներից մեկը, ով աշխատանքի բերումով երկար տարիներ առնչվել է Հայաստանի բոլոր հատուկ հաստատությունների հետ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Մանկան տան» տնօրենի թափուր պաշտոնի համար օգոստոսի 13-ին մրցույթ էր հայտարարել: Այն տեղի է ունենալու սեպտեմբերի 29-ին: Ըստ նախարարության խոսնակի, տնօրենի պաշտոնի 6 թեկնածու կա: «Նրանք բոլորը ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: «Մանկան տան» աշխատողներ թեկնածուների թվում չկան»,- ասաց խոսնակը: 
Ո՞վ է օպերատիվ տեղեկություններ հայտնել իրավապահներին: Ոստիկանությունից այս հարցին չեն պատասխանում: Դատելով այն հանգամանքից, որ սոցապնախարարության ենթակայության բոլոր հատուկ հաստատություններում խիստ կարանտին է գործում, եւ աշխատողները 15 օրը մեկ են տուն գնում, կարելի է ենթադրել, որ անձն այդ հենց ՊՈԱԿ աշխատակազմից է: 
Մեզ հաջողվեց զրուցել մեղադրյալներից մեկի պաշտպանի հետ: Նա ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղքը եւ չի էլ պատրաստվում ընդունել: Ըստ երեւույթին, կատարվել է սադրանք, որի սենսացիոն մանրամասները նա խոստացավ շուտով հրապարակել: