Չկարողացան համախմբել ազգի հոգեւոր ներուժը

Չկարողացան համախմբել ազգի հոգեւոր ներուժը

Մեկ տարի անց շատերն են փորձում գնահատել, թե բացի նախկին ռեժիմից ազատագրելուց, քաղաքացուն ընտրության հնարավորություն ընձեռելուց զատ՝ ի՞նչ փոփոխությունների է հանգեցրել 2018թ․ ապրիլյան հեղափոխությունը։ Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել կառավարման ոլորտում, քաղաքացի-իշխանություն հարաբերություններում։ 

«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ հեղափոխությունը պետք է շարունակվեր մեր կյանքի ոլորտներում՝ սկսած հոգեւոր, իրավական ոլորտներից, սահմանադրական, կառավարման համակարգերից։ Սակայն, ըստ նրա, այդ քայլերը չեն արվում, ինչը ցավալի է։

«Հեղափոխության առաջին քայլը կատարվեց՝ իշխանությունից հեռացվեց ղարաբաղյան կլանը, բայց շարունակություն չեղավ, տեղի ունեցավ միայն անձերի փոփոխություն, իսկ համակարգային փոփոխություն՝ ոչ։ Նախկին իշխանություններն արժեհամակարգին վերաբերում էին որպես վաճառքի առարկա։ Պետք էր հստակ արձանագրել արժեհամակարգային մոտեցումները։ Իսկ այն փաստը, որ տարբեր այլասերված մարդիկ մեր երկրում ելույթ են ունենում բարձր ամբիոններից, դա չի վկայում արժեհամակարգի վերականգնման մասին։ Երկրորդը՝ պետք է լինեին սահմանադրական փոփոխություններ, Սահմանադրությունը դառնար զուտ հայկական, ոչ թե մնար դրսում գրված, մեր վզին փաթաթված Սահմանադրությունը։

Կան բազմաթիվ օրենքներ, որոնք կապ չունեն մեր ժողովրդի հետ։ Երրորդը՝ պետք էր համախմբել ամբողջ ազգի քաղաքական եւ տնտեսական ներուժը։ Եղավ թիմային, թայֆայական մոտեցում, այդ կերպ ձեւավորվեցին  Ազգային ժողովն ու կառավարությունը։

Ցավոք սրտի, չի օգտագործվում ազգի ինտելեկտուալ, հոգեւոր  ներուժը։ Շնորհակալ պետք է լինենք, որ տեղի ունեցավ հեղափոխություն եւ ազատվեցինք նախկին ռեժիմից, բայց զարգացում ապահովելու, առաջ գնալու համար պետք էր համախմբել ազգի ներուժը։ Իսկ դա չի կատարվել ոչ մի ոլորտում»,- ասաց Սոս Գիմիշյանը։