50 հազար աշխատատեղ` բայց որտե՞ղ

50 հազար աշխատատեղ` բայց որտե՞ղ

Ցանկացած իշխանություն իր ձեռքբերումները փորձում է ներկայացնել հանրությանը` վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: 

Տարիներ շարունակ ԱՎԾ-ն ներկայացրել է հուսադրող տվյալներ, թե իբր տնտեսության առաջընթացն ակնառու է, եւ դինամիկ զարգացումը՝ կանխատեսելի:

Նախորդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել էր, որ 2040 թ․ կունենանք 4 մլն բնակչություն, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բացվել է 50 հազար աշխատատեղ: Ի դեպ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կարեւորը՝ թղթերով ամեն ինչ ճիշտ լինի…:

2040թ. հաջողություններին կանդրադառնան հաջորդ իշխանությունները եւ նրանց վերլուծաբանները: Իսկ այսօր առավել հետաքրքիր է, թե 50 հազար աշխատատեղ ո՞ր ոլորտներում է բացվել կամ ստեղծվել եւ եթե բացվել է, ապա ինչո՞ւ նախապես այդ թափուր տեղերի համար հայտարարություններ չեն տրվել: Կարծում եմ՝ աշխատուժի 20%-ից բարձր գործազրկության պայմաններում անհրաժեշտ էր նոր բացվող աշխատատեղերի մասին տրվեր հրապարակային թափանցիկ տեղեկատվություն: 

Ինչ խոսք, հնարավոր եմ համարում, որ հազարավոր աշխատատեղեր ստվերից են դուրս բերվել, կամ գուցե ուժային կառույցներում են ավելացել նոր աշխատատեղեր: Եթե պաշտպանության նախարարությունում են ավելացել, ապա այն միայն կարելի է ողջունել: 

Ստվերից դուրս բերված աշխատատեղերի մասին արժե իմանալ, թե հատկապես որ օլիգարխիկ շրջանակներում է եղել մեծ ստվեր: 50 հազար աշխատող եթե ստվերից է դուրս եկել, դա չի նշանակում, որ մինչ այդ նրանք աշխատավարձ չեն ստացել: Պարզապես նրանց գործատուները թաքցրել են սոցիալական պարտավորություններն այդ աշխատողների մասով եւ պետական բյուջե չեն վճարել իրենց հարկային պարտավորությունները: 

Բոլոր դեպքերում, այսօր նկատելի է կրճատումների վտանգը, որը համեմվում է «օպտիմալացում» ձեւակերպմամբ: Կարծում եմ, հետագայում անհրաժեշտ կլինի, որ նոր աշխատատեղերի առկայության մասին նախապես լինեն թափանցիկ հայտարարություններ: 

Ինչ խոսք, 100-ից ավելի աշխատատեղերի առկայությունն առավել ցայտուն է երեւում հատկապես ԱԺ-ում` պատգամավորների թվին համապատասխան նոր օգնականներ, քարտուղարուհիներ, սպասարկող անձնակազմ: Ի դեպ, նրանցից եւ ոչ մեկը հավելյալ արժեք չի ստեղծում: 

Կարծում եմ, ԱՎԾ-ի կողմից մշակվող վիճակագրությունը հանրությանը պետք է ներկայացվի առավել համոզիչ մեթոդաբանություն ընտրելով: Հակառակ պարագայում թղթի վրա կլինի զարգացման դինամիկա, իսկ իրական կյանքում` կրճատումներ եւ անորոշություններ…:

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ